Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդության քննությունը հետաձգվել է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր՝ 2026թ. հուլիսի 21-ին, արտահերթ նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ Նիստը եղել է դռնփակ, և մանրամասներ հայտնի չեն։ Սակայն, փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը հետաձգվել է և կշարունակվի վաղը։
ԿԸՀ նիստից առաջ փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին ասաց, որ Նարեկ Կարապետյանը չգիտի, թե ինչի համար է մեղադրվում։ Նյութերը չեն տրամադրել ո՛չ նրան, ո՛չ լիազոր ներկայացուցիչներին։ Սակայն նիստից հետո հայտնեց, որ Ն. Կարապետյանին վերագրվող արարքն առնչվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիր Ալիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքին։
Հիշեցնենք՝ 2026թ. հունիսի 2-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն (Ալիկ Ալեքսանյան,- հեղ.), 2025թ. սեպտեմբերի 9-ից հանդիսացել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար։ Ս.Կ.-ի (Սամվել Կարապետյան,-հեղ.) աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025թ. սեպտեմբերից մինչև 2026թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով՝ ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու։ Նրանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:
Նա հունիսի 3-ին 2 ամսով կալանավորվել է։
Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը դեռևս հուլիսի 13-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել միջնորդություն՝ հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Միջնորդությանը կցվել են նաև այն հիմնավորող 1662 թերթ նյութեր։
Նարեկ Կարապետյանը պատգամավորի մանդատը ստացել է այսօր, սակայն լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2-ին։
Լուսանկարը՝ «Ուժեղ Հայաստանի» հունիսի 3-ի հանրահավաքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել