Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 237 000 $ է հատկացրել Սյունիքում և Վայոց ձորում այգիների և հանրային տարածքների ստեղծմանը և բարեկարգմանը
Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 237,000 դոլարի դրամաշնորհ է տրամադրել 6 նախաձեռնությունների՝ ուղղված Սյունիքի և Վայոց ձորի մարզերում այգիների և հանրային գոտիների ստեղծմանն ու բարեկարգմանը։ Այս մասին հայտնում են Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հիմնադրամի 2026 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային փուլը նպատակ ունի քաղաքներում և գյուղերում ստեղծել կանաչ գոտիներ, մանկական և սպորտային հրապարակներ կամ բարեկարգել արդեն գոյություն ունեցողներն, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքները և ազգային պարկերը։ Ստացված 20 հայտերից ընտրվել են 6 նախաձեռնություններ, որոնց իրականացումը կխթանի ավելի առողջ և ակտիվ միջավայրի ստեղծումը Հայաստանի հարավային մարզերում, կբարձրացնի կյանքի որակը, կնպաստի տարածաշրջանի զարգացմանը, կամրապնդի զբոսաշրջային ներուժը։
Դրամաշնորհ ստացած նախաձեռնություններն են «Little Bridge»-ը, SOS Chrétiens d’Orient հիմնադրամիի հայաստանյան մասնաճյուղը, Կապանի համայնքապետարանը, Հայկական Կամիր խաչի ընկերությունը, «Բալենի» գյուղատնտեսական բարեգործական հիմնադրամը, «Ճարտար» ՀԿ-ն։
«Little Bridge»-ը տրամադրված դրամաշնորհով կյանքի կկոչի «Վայքի ներառական այգիներ» նախագիծը, որի շրջանակներում Վայքում՝ Վայոց ձորում, կկառուցվի 1000 քառակուսի մետր մակերեսով հանրային խաղահրապարակ և այգի։ Ընդհանուր առմամբ նախագծի շահառու կդառնա Վայքի 6743 բնակիչ։
«Վայքի ներառական այգիներ»-ը բաղկացած կլինեն չորս հատվածներից՝ ներառական խաղեր, առողջություն և շարժունություն, սոցիալական և ինտելեկտուալ ենթակառուցվածքներ, կանաչ ինտեգրում։ Առողջապահության և ներառականության բաղադրիչը նախատեսված է 1983 երեխայի (ներառական խաղեր), 1840 տարեց մարդու, 2050 բնակչի (ֆիթնես սարքավորումներ) և մոտ 870 հաշմանդամություն ունեցող կամ վերականգնողական փուլում գտնվող մարդու համար։ Տարածքի բարեկարգումը ներառում է նաև 400 քառակուսի մետր մակերեսով սիզամարգ։
SOS Chrétiens d’Orient հիմնադրամիի հայաստանյան մասնաճյուղը Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ գյուղում կստեղծի 500 քառակուսի մետր մակերեսով հանրային տարածք Արամ Մանուկյանի կիսանդրու շուրջ։ Ծրագրի շրջանակներում կիրականացվի տարածքի բարեկարգում, սալարկում, կանաչապատում, նստարանների տեղադրում, ինչպես նաև մանկական խաղահրապարակի համար սարքավորումների համալրում։ Նախաձեռնությունը միտված է լուծել համայնքում բարեկարգված հանրային տարածքի բացակայության խնդիրը։
Կապանի համայնքապետարանը ստացած համաֆինանսավորմամբ կբարեկարգի քաղաքում գտնվող Գարեգին Նժդեհի հուշահամալիրին կից 2200 քառակուսի մետր մակերեսով տարածքը։ Նախագծի շրջանակներում կիրականացվի մաշված ենթակառուցվածքների ապամոնտաժում, ճանապարհային նոր ծածկույթի կազմակերպում, եզրագծերի տեղադրում, հետիոտնային ճանապարհների և աստիճանների բարեկարգում, հուշարձանի շուրջ տարածքի կանաչապատում, կտեղադրվեն լուսավորության համակարգեր և նստարաններ։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով Եղեգնաձոր քաղաքում կիրագործի «Միասին այգում» նախաձեռնությունը։ Այն կթիրախավորի Եղեգնաձորի բոլոր բնակիչներին (14 844 մարդ)՝ հատուկ ուշադրությամբ երիտասարդներին, տարեցներին և սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց։ Ծրագիրը ներառում է երկու բաղադրիչ՝ «Մոմիկ» կենտրոնական համայնքային այգու բարեկարգում (լուսավորություն, կանաչապատում, սալարկում և անվտանգություն) և սոցիալական միջոցառումների փաթեթ-ծրագիր։ Նախագիծը նպատակ ունի լուծել անվտանգության, երիտասարդների ժամանցի հարթակների սակավության, սոցիալական մեկուսացման խնդիրները։
Բալենի գյուղատնտեսական բարեգործական հիմնադրամը ստացված ֆինանսավորմամբ նախատեսում է անտառ-այգու հիմնադրում Սիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղում։ 2,5 հեկտար մակերես ունեցող այգի-անտառը կներառի 0,5 հեկտար մակերես ունեցող այգու գոտի, 2 հեկտար անտառ և կունենա 1000 շահառու Շաղատ գյուղից, ինչպես նաև հարևան համայնքներից։
Նախաձեռնության շրջանակում կտնկվի մոտ 6000 ծառ, կստեղծվի բարեկարգված այգի ոռոգման համակարգով, կտեղադրվեն արևային կայաններով աշխատող լուսավորություն, շրջանի մասին պատմող QR կոդերով նստարաններ, ինչպես նաև կիրականացվի հետիոտնային անցումների կահավորում։
Ճարտարի նպատակն է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ստեղծել հանրային տարածք երկրորդ՝ Urban Recreations by Line բիենալեի շրջանակներում։ Դրամաշնորհը տրամադրվում է նախագծի առաջին փուլի համար՝ հետազոտական և դիզայնի աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Նախագծի շրջանակներում համայնքապետարանին պատկանող դպրոցին կից հողատարածքում կստեղծվի համատեղ այգի, որի նախագծումը կիրականացվի տեղաբնակների հետ (հետազոտություններ, սեմինարներ, քաղաքաբնակների, երիտասարդների հետ կոնցեպտի համատեղ մշակում)։ Արդյունքում կառուցված այգին կծառայի Line ճարտարապետական բիենալեին և կլինի հանրային օգտագործման բաց տարածք։
«Դիմորդներ ունեինք և՛ պետական ոլորտից, և՛ մասնավոր։ Շատ հաճելի և կարևոր էր դիմորդների ցանկում տեսնել Գորիսի, Սիսիանի և Կապանի համայնքապետարանները։ Ընտրությունն ինչպես միշտ բարդ էր, բայց բոլոր վեց նախագծերն արտացոլում են Հիմնադրամի երկարաժամկետ զարգացման տեսլականը», — նշել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը։
***
1986 թվականին ստեղծվելուց ի վեր, Հ․ Հովնանյանի ընտանեկան հիմնադրամը հատկացրել է ավելի քան 100 միլիոն դոլարի՝ հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ ուղղվածությունների նախագծերի իրականացման համար՝ առաջնահերթ աջակցություն տրամադրելով աշխարհի հայ համայնքներին, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշեն շրջաններում գործող կազմակերպություններին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել