HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օնիրա Քլաբ»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն․ ՊԵԿ

ՊԵԿ-ից հաղորդում են, որ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ Ք» ՍՊ ընկերությունը(խմբ․՝ «Օնիրա Քլաբ»), որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում:

«Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից թերհայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, ինչի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, որպես հաճախորդներ կապ են հաստատել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ՝ ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով: Վերջիններս, չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները, միաժամանակ տեղեկացրել են, որ անկախ հյուրերի քանակից, սրահը տրամադրվում է 12 մլնՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։

Ճշտվել են նաև հանգստի և ժամանցի վայրի այն տարածքները, որտեղ կարող են առկա լինեն ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային և փաստաթղթային արժանահավատ տվյալներ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականությունը և անցել են բացահայտ գործողությունների։ Միջոցառումների շրջանակներում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում առկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Ձեռք բերված տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-26թթ-ին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 մլնՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն ՀՀ դրամ։

Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողների զերծ մնալ նման վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին հորդորում է պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ վճարային փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Գլխավոր լուսանկարը՝ multigroup.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter