HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երանի նրանց, ովքեր կարոտում են իրենց տունը։ Ես ամենաշատը շիրիմներն եմ կարոտում»

Ինարան վերցնում է մուգ կանաչ ցանկապատն ու ամրացնում տան բակի մանրակերտին: Որդին՝ 6-ամյա Արթուրը, ուշադիր հետեւում է մոր գործողություններին։ Ինարայի դեմքը մռայլվում ու լարվում է։ Ամեն անգամ տխրությունը խտանում է, երբ արցախցիներից իրենց տների մանրակերտների պատրաստման պատվերներ է ստանում։

Հյուրասենյակի սեղանին դրված է այդպիսի տներից մեկի գրեթե ավարտուն մակետը։ Ամեն մանրուք այնքան հաշվարկված է, այնքան բնական, որ դժվար է տարբերել լուսանկարում պատկերված տնից։

4 ամիս առաջ Ինարան թելերով պատրաստել է Ճարտարի իրենց տան մակետը։ Ասում է ՝ որդին սկսել էր մոռանալ իրենց տունը, եւ ամենալավ տարբերակը դրա մակետը պատրաստելն էր։ Բացի դրանից՝ ուզում էր նաեւ մեկամյա դստերը՝ Վիկտորյային, ցույց տալ տունը, որը նա չի տեսել։

Երբ սկսել էր գործը, չէր էլ պատկերացնում, որ չափազանց դժվար է լինելու։ Հոգեբանորեն այնքան էր լարվել, որ կիսատ էր թողել սկսածը։ Հիմա մակետը իրենց տանը չի պահում, ասում է՝ ինչքան նայում է, այնքան ցավը խորանում է։ Բայց ավելացնում է՝ հենց տուն ունենան, մակետը կավարտի ու կտանի նոր տուն։

Ճարտարի տան մակետը տեսանկարել ու տեղադրել էր համացանցում։ Չէր պատկերացնում, որ մեծ արձագանք է լինելու։ Սկսել է պատվերներ ստանալ, բայց ասում է, որ ծանր աշխատանք է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից։ «Կարոտից են պատվիրում»,- ասում է Ինարան։

Պատվերով պատրաստվող տան ցանկապատը ամրացնելուց հետո ուղղում է կապույտ նստարանը, բակի մանր ծաղիկները։ Թվում է՝ Նոր Նորքում վարձակալած բնակարանից Ինարան հասել է Արցախ ու մի պահ անհաղորդ է դառնում մեր զրույցին։ Բայց Վիկայի լացի ձայնը նրան վերադարձնում է Երեւան։

Վիկան դեռ փոքր է, չգիտի մեծերի վշտի ու կորուստների մասին, չի հասկանում մոր երբեմն մռայլվող, դեմքին գծագրված ցավը։

«Ամեն անգամ տուն սարքելիս մտքով իմ տուն եմ գնում։ Կարծես, երազի պես լինի։ Քայլում եմ մեր բակում, ծաղիկներից եմ հոտ քաշում։ Սկզբից մինչեւ վերջ ծանր է աշխատանքը, հատկապես, երբ հարազատի տուն եմ սարքում։ Մեր տունը հիշելով եմ պատրաստում տները»,- ասում է Ինարան։

Վիկան գորգին մի տեսակ ճոճվելով քայլում է, Արթուրը նայում է քրոջը։ Ինարան միացնում է տան մակետի լույսը։ Ասում է՝ մակետների լույսերը միացնելիս սիրտը վատանում է։ Բայց արցախցիների մեծ մասը հենց այդ լույսի համար են պատվիրում իրենց կորսված տների մանրակերտները։

«Մտածում եմ, որ մի օր հետ ենք գնալու Արցախ։ Ով պատվեր է տալիս, ասում եմ, որ հետ գնաք, էս տները հետ կտաք ինձ, չթողնեք էստեղ, կամ ձեզ հետ կբերեք Արցախ: Հույսս չեմ կորցրել, վերադարձ լինելու է, հույսով եմ սարքում, որ մի օր էս մակետն իր իրական տանը կլինի»,- ասում է նա։

Մինչեւ 2020 թ․ կյանքն Արցախում ընթանում էր  սովորական ռիթմով։ Ինարան աշխատում էր Ճարտարի արվեստի դպրոցում, կերպարեստ էր դասավանդում։ Զուգահեռաբար աշխատում էր Սոս եւ Քերթ գյուղերի դպրոցներում։ Սակայն դա երկար չտեւեց։

Հյուրասենյակի դաշնամուրին դրված են Ինարայի եղբոր եւ տեգրոջ լուսանկարները։ Երկուսն էլ 44-օրյա պատերազմի մասնակից էին, զոհվել են նույն օրը՝ 2020 թ․ հոկտեմբերի 23-ին, բայց եղել են տարբեր ուղղություններում։

Ինարան չի խոսում այդ մասին։ 1994 թ․ կորցրել է հորը, որն Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր։ Այդ ժամանակ Ինարան երկու տարեկան էր։

Նրա ամուսնու մայրը՝ Ստելլա Ղուկասյանը, թոռանը գրկած կանգնում է դաշնամուրի մոտ։ Նա էլ պատերազմի ժամանակ՝ 1992-ին է կորցրել ամուսնուն։ Երկու որդիները փոքր էին՝ Արմենը՝ 1 տարեկան 8 ամսական էր, Արտակը՝ 9 ամսական։ Ասում է՝ որդիներին մեծացրել է ամուսնու ծնողների հետ։

Տիկին Ստելլան հաճախ նստում է դաշնամուրի դիմաց դրված բազկաթոռին ու նայում զոհված որդու՝ Արմենի լուսանկարին։ Արթուրը հասկանում է տատի լռությունը, որը երբեմն ընդհատվում է լացով։ «Տատիկ, հոպարին կարոտե՞լ ես, ուզում ես, որ գա՞»,- հարցնում է 6-ամյա թոռը։

Տիկին Ստելլան ասում է, որ երբ 2020-ից հետո Արցախը մասամբ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր, գիտակցում էր, որ հանգիստ չի լինելու։ Ճարտարի իրենց տան երկրորդ հարկից երեւում էր դիմացի սարին տեղադրված ադրբեջանական դրոշը։

2023 թ․ սեպտեմբերի 19-ի կեսօրին Ինարան սովորականի պես պատրաստվում էր դասի գնալ Ճարտարի արվեստի դպրոց։ «Ամուսինս ասեց՝ պատերազմ է սկսվում, ո՞ւր ես գնում»,- պատմում է Ինարան։ Ամուսնու խոսքերից քիչ անց սկսվել է ռմբակոծությունը։ 3-ամյա Արթուրին վերցրել էր ու ոտաբոբիկ վազել հարեւանի տուն։

Ամուսինը՝ Արտակը, 7 տարի պայմանագրային զինծառայող է եղել, 2023 թ․ մարտից դուրս է եկել զինծառայությունից, բայց Ճարտարի ինքնապաշտպանության համար սեպտեմբերի 19-ի նախօրեին կանչել էին, զենք տվել։

«Գիտեինք, որ իրավիճակը վատ է, բայց որ երեկոյան կանչեցին, զենքեր տվեցին, ասեցի՝ սա լավ բան չի, պատերազմ ա լինելու»,- հիշում է տիկին Ստելլան։

Սեպտեմբերի 19-ին տիկին Ստելլան գնացել էր Ճարտարի դպրոց։ Նա ռուսերեն ու կերպարվեստ էր դասավանդում այնտեղ։ «Դպրոց էի գնացել, էն մյուս հարսս՝ Արմենի կինը, ասեց՝ երեխաներին կվերցնե՞ս դպրոցից, ասեցի՝ լավ, երեխաներին ես կբերեմ: Երեխաներին վերցրել էի, որ դուրս գայինք դպրոցից, պայթյունների ձայներ լսեցի։ Դպրոցը նկուղ չուներ։ Մոտակայքում խանութ կար, որ պատուհաններով նկուղ ուներ, այդտեղ մնացինք։ Քանի որ դասղեկ էի, նաեւ իմ երեխաներին տարա։ Նստած սպասում էինք, պայթյունների ձայնը չէր կտրվում»,- պատմում է արցախցի կինը։

Ինարան ասում է՝ երբեւէ մտքով չէր անցնի, որ մի օր պարտադրված են լինելու թողնել տունը։ «Քույրիկս զանգեց, ասեց՝ սաղ արդեն գնում են Երեւան, ես էլ մտածեցի՝ մի ամսով գալու ենք մնանք, հետ դառնանք։ Ասեցին՝ ստորագրած-տված ա: Հետո գնացինք արվեստի դպրոց, փաստաթղթային արխիվը վառեցինք»,- ասում է Ինարան։ «Ես էլ գնացի դպրոց՝ մեր տղաների նկարները վերցնելու՝ ամուսնուս, որդուս, Ինարայի պապայի, եղբոր, մյուս հարսիս հոր, եղբոր»,- թվարկում է տիկին Ստելլան։

Ինարան պահարանից հանում է Արցախյան առաջին պատերազմում զոհված հոր եւ սկեսրայրի լուսանկարները, որոնք փակցված են եղել Ճարտարի դպրոցում՝ զոհվածների հուշանկյան պատին։

Արթուրը մոտենում է, ուշադիր նայում նկարները։ Մենք չենք խոսում։ Լռությունը ծանրանում է։ Անհարմար թվացող դադարը լցվում է Վիկայի ծիծաղի ձայնով։

2023 թ. սեպտեմբերի 27-ին Ինարան վերջին անգամ լուսանկարել է տունը, տեսանկարել 3-ամյա Արթուրին՝ տան դարպասի քարին նստած։

Վերցրել են առաջին անհրաժեշտության իրեր։ Ինարան հիշում է, որ սթրեսի մեջ էին, չգիտեին էլ՝ ինչ անել, տանն ինչքան ծաղիկ կար, տարել էին հարազատների շիրիմներին։ Դա ամենածանր պահն է եղել։ «Մեկ-մեկ որ տները սարքում եմ, մտածում եմ՝ երանի էն մարդկանց, ովքեր մարդկային կորուստ չունեն եւ կարոտում են իրենց տունը։ Ես ամենաշատը շիրիմներն եմ կարոտում»,- նշում է Ինարան։ Տիկին Ստելլան էլ նույնն է ասում՝ դա ամենադաժան պահն է։

-Որ մի օր հետ գնաք, ի՞նչ կանեք առաջինը,- հարցնում եմ։

-Հողս կգրկեմ,- ասում է Ինարան ու ձեռքի երկու ափերով փակում դեմքը։  

Հարեւան սենյակից լսվում է Վիկայի ձայնը, Արթուրը մուլտֆիլմ է դիտում, Ինարան իր դիմաց դրված տան մանրակերտին է նայում՝ բակը դեռ պետք է կարգի բերի։

Արթուրն այս տարի դպրոց է գնալու։

Բռնագաղթից հետո 3 տարվա ընթացքում կարոտն ու ցավն ավելի է խորացել, բայց Ինարան չի կարող թուլանալ: Հանուն երեխաների։ Տարիներ անց Վիկան գուցե տեսնի մոր պատրաստած տան մակետը, հարցեր տա, իսկ մայրը չկարողանա շատ հարցերի պատասխանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter