Բանաստեղծն ու իր քոյրը. Գեղամ (Սեմա) և Մարի Աթմաճեաններ (մաս 3)
Կը հաւատամ հայ ժողովուրդին ապագային
Գեղամ Աթմաճեանը՝ Սեման և ֆրանսուհի Էմմա Ժաննա Շառլոթ Լը Շըվալիեն 2 զավակ ունեցան: 1937-ին ծնվեց Հերմինե Մարին՝ Սեմայի սրախողխող եղած զարմուհու՝ հորեղբոր աղջկա և իր հարազատ քրոջ անունով: 2 տարի անց լույս աշխարհ եկավ որդին՝ մեծ հայրիկի անվանակիր Միհրան-Ժիլբերտը: Մարիի որդին՝ Ժանո Գեղամը ծնվել էր 1936-ին: Հիշում էր, ինչպես էր մայրը քաջալերում իրեն ծննդաբերությունից առաջ՝ «Թագուհիները միևնույն ցաւերով կը ծնեն իրենց զաւակը»՝ ասելով: Անունները լավն են, բայց ի՞նչ էր լինելու բովանդակությունը: Երանի չէր այն փոքրիկ Հայաստանը, որտեղ չկար ուծացման վտանգ: Սեման անգամ միտք ուներ Հայաստան տեղափոխվելու: Բայց 1935թ Դեկտեմբեր 22-ին Արշակ Չոպանեանին գրած նամակից իմանում ենք, որ Հայաստան տեղափոխվելու իր ծրագիրը գոնե առժամյա փոխվել է. «Հայաստան երթալու նախկին խանդաւառութիւնս տեղի տուած է աւելի խոհեմ շարժելու, մանաւանդ որ կինս ֆրանսուհի մըն է...», որը չի ցանկանում հարազատներից բաժանվել, և ուրեմն՝ «իմ կեանքս պիտի դարձնէ դժոխք: Դուք չեք ճանչնար կինը, ըսել կուզեմ՝ կողակիցը»՝ նկատի ուներ, որ Արշակը երբեք ամուսնացած չի եղել: Բայց Սեման, առանց Հայրենիքը տեսնելու էլ գիտեր, որ՝ «Հայաստանը բազմաթիւ տարիներու ընթացքին եւ բազմաթիւ անգամներ մահացումի մօտեցած է, բայց միշտ ալ վերածնած է: Ես կը հաւատամ հայ ժողովուրդին ապագային»: Երբ Փարիզի Բոնվալե ճաշարանում, որտեղ սիրում էին հավաքվել ձախ հայացքներ ունեցող ֆրանսացի կամ հայ մտավորականներ, Հայաստանի օգնության կոմիտեի անդամներ՝ համեղ խորտիկներ համտեսելու և քաղաքական հարցեր քննարկելու համար, 1936-ի Հուլիս 20-ին կազմակերպվել էր Ավետիք Իսահակեանի ողջերթի երեկոն: Վարպետը վերադառնում էր Հայաստան: Ահա այդ ընթրիքի ժամանակ էլ Սեման խոսք առավ. «Անոր անունը վրաս թողած է փեյզաժի մը տպաւորութիւն՝ որուն վրայ արևը կը սիրէ պտտցնել իր ճառագայթներուն գգուանքը: ...Յուսանք որ մեզի կրկին պիտի վիճակուի սեղանակից ըլլալ իրեն, բայց այս անգամ մեր հայրենիքին մէջ... Ողջերթ մաղթելով իրեն՝ կը խնդրեմ որ այս ողջոյնին մէջ գտնէ իր գրական վաստակին հանդէպ երիտասարդ գրողի մը հիացումը»: Խեղճ Սեման առիթ չունեցավ անգամ իբրև ճամփորդ Հայաստան այցելելու, որովհետև կյանք չմնաց ապրելու:

Սեմա և Շառլոթ, 1934 թ.
Հայրենաբաղձությունը
Բայց ահա Մարին 2 անգամ եկավ: Փարիզում ՍՍՀՄ հյուպատոսությունում երկար-բարակ հարցուփորձ արեցին ու մի ձևաթուղթ տվեցին լրացնելու: Ի թիվս կենսագրական տեղեկությունների, Մարին՝ «այցի նպատակը» վանդակում գրեց՝ Հայրենաբաղձութիւն: Նրան թույլ տվեցին ճամփորդել իր նանսենյան անձնագրով: Եկավ Հայաստան և սիրահարվեց: «Իմ 7 շաբաթները Արարատի շուքին. Կեանքիս ամէնէն նուիրական օրն է 25 Նոյեմբեր: Կը բանամ սենեակիս պատուհանը և վարդագոյն մշուշի մը շղարշներէն կը նշմարուին զոյգ Մասիսները»: Երևանում Մարին հատկապես ուրախ էր ծանոթանալու տաղանդավոր քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտուի հետ: «Հոգեկան անսահման երջանկութիւն է հոն ըլլալ և իբր հայ զգալ ինքզինք ամբողջութեամբ»՝ հաճախ կկրկնի Մարին, հավանաբար շարժելով Հայաստան չեկածների բարի նախանձը: Բայց Սեման նրանց մեջ չէր: Ո՞ւր էր, թաղվա՞ծ էր ինչ-որ փոսի մեջ, թե՝ հոշոտված գազանների կողմից:

Չկայ պայքար որ ի վերջոյ իր նպատակին չծառայէ...
Սեման ռամկավարական շարքերն էր անցել դեռ 1932-ին: Մարդկային իրավանց պաշտպան էր իր էությամբ դեռ Հալեպի Բաղդատ կայարանի գործադուլը կազմակերպելու օրերից: Եվ որքան էլ խանդավառ լիներ խորհրդային երկրով, որը հեռվից թվում էր մի երջանիկ, արդար աշխարհ, որտեղ կոլտնտեսուհին կարող էր երկիր կառավարել, չկարողացավ լուռ մնալ գլխատվող մտավորականության հանդեպ: 1937-ին Վազգեն Շուշանեանի հետ ցույցեր կազմակերպեց Հայաստանում տեղի ունեցող բռնությունների դեմ, բողաքագիր գրեց ստալինյան ոճրագործությունների վերաբերյալ: 1939-ին նա ռազմաճակատում էր, մոր՝ «Հայրենասիրութիւնը հոգեկան պահանջ մըն է» արտահայտությունը սերտած: Ծանր զինվորական կոշիկները շատ էին նեղում և անհարմարություն պատճառում Սեմային, հակառակ որ «Զինուորի հագուստը թէեւ բանաստեղծական չէ, սակայն բաւական լաւ վայելած է ինծի»: Ուրախանում էր ամեն անգամ քրոջից, մորից, երբեմն նաև կնոջից ստացվող նամակներով: Կարդում էր փոքրիկ Միհրանի չարությունների մասին, հրճվել էր, իմանալով, որ տղան սկսել է մի քանի քայլ անել ինքնուրույն: «Մէկ-երկու ամիս վերջ de՛tente-ով (արձակուրդ) Օլնէ գամ խոշոր մանչուկ մը պիտի գտնեմ որ վազելով պիտի գայ ու “bonjoure papa” պիտի ըսէ..»: Ռազմաճակատում իր գրական 6 ամսյա ծուլությանը հակառակ որոշեց վեպ գրել: Հավանաբար մահվանը այդքան մոտ լինելուց հասկացել էր, որ չի կարելի հապաղել երազանքերի ետևից գնալիս: Դեռ վարժանքների էր և ազատ ժամանակ գտնելով՝ խաչբառեր և ուրիշ «մտքի զբաղմունքեր» էր կազմում՝ «Անյուշ բերդ»ին մէջ անունով, որ պահվում են Երևանյան իր թղթածրարում: Բայց այդ շրջանը ավարտվեց և սկսվեց իրական պատերազմը: «Մենք այս մարտը կը մղենք ոչ թէ մահ և աւեր սփռելու համար մեր շուրջ, այլ կարելիութիւններ ստեղծելու համար որ կեանքը... իր արդար իրաւունքներուն լինելիութիւնը շարունակել, տեւել կարենայ:...Ես խորապէս վստահ եմ թէ չկայ պայքար որ ի վերջոյ իր նպատակին չծառայէ...»:
''Paris-soir''-ի հուսադրող լուրը
Ռազմաճակատից տուն և հակառակ ուղղությամբ գնացող նամակները հիմնականում 2 հարց էին շոշափում՝ երեխաները և Հայաստանը: 1939-ի Հոկտեմբեր 29-ին մորը հասցեագրած նամակում գրում է, որ Paris-soir թերթում կարդացել է, թե իբր Խարհրդային Միությունը Հայաստանին պիտի վերադարձնի Կարսը և Արդահանը: Թեպետ այս լուրը ոչ հաստատվել, ոչ հերքվել էր, բայց իր, քրոջ և Փառանձեմի հոգու խորքում հույս էր արթնացրել: Դեկտեմբեր 29-ին՝ Կաղանդի նախաշեմին էլ մայրն է գրում, թե Թուրքիայում ահռելի երկրաշարժ է եղել 4000 զոհից ավել՝ միայն Թոքատում: Հետո պարզվել է, որ զոհերի թիվը 1 միլիոնն անցել է. «Տղաս թէև դուն չես յիշէր, ճիշտ ադ Թօքաթի շրջանին մէջ էր որ անատոլուի հայերուն մեծամասնութիւնը խողխողուեցան, այրուեցան, փոսերուն ու ձորերուն մէջ թափուեցան...»: Սա երկնային դատաստան է՝ «հատուցումն անոնց երկնքէն սահմանուած: Թէև այս տոնական օրերուն չպիտի ուզէի այսպէս խորհիլ ու խօսիլ, սակայն Քրիստոսի ասացուածքն է. «Եթէ ես լռեմ, քարերը պիտի պօռան»»: Իրապես` 1939 թվականի Դեկտեմբեր 27-ի գիշերը 2-ին մոտ, թուրքերով վերաբնակեցված Արևմտյան Հայաստանի Երզնկա նահանգում տեղի էր ունեցել 7.8 բալ ուժգնությամբ, այդ երկիր ամենաավերիչ երկրաշարժերից մեկը, որը ընդգրկել է նաև Թոքատը: Ահավոր ցուրտը և քամիները արհավիրքի հետևանքները ավելի էին խորացրել:
Վերջին նամակը
1940-ի Մայիսի կեսերին, Ամյենից զավակներին հասցեագրած վերջին նամակը ուղարկեց: Նամակը ֆրանսերենով էր: Հետո Մարին այն թարգմանեց: Գրում էր, որ երբ մեծանան և կարողանան կարդալ, կհասկանան, թե ինչու էր իրենց հայրիկը հեռու իրենցից. «..ես հիմա ռազմաճակատում եմ, որ մեր կյանքը ազատ ու երջանիկ լինի...»: Սա մի քնքուշ նամակ է, կարծես՝ կյանքին հրաժեշտ տվողի: Իր փոքրիկ Հերմինեին պատմում է, թե ինչպես էր սիրում նրան փաթաթել իր տաքուկ, հյուսված վզնոցի՝ շարֆի մեջ և լսել «թոթվուն խօսքերդ անմեղութեամբ լի և յաճախ սրամիտ»: Ինչպես էին հիվանդ ժամանակ Հերմինեի մարմինը պատել մանանեխի խմորով, և ինքը գրկի մեջ էր պահել նրան, և որ Հերմինեն քաջաբար դիմացել էր այդ դարմանումին: Հիշում է բոլորովին նոր ծնված վարդագույն մորթով իր աղջկան, որ մեծացավ և մի թմբլիկ, փափլիկ ժպտերեսիկ աղջիկ դարձավ: Ինչպես էր պարտեզի ծառերի շուքի տակ, մանկասայլակի մեջ պառկած, սկսում ծիծաղել, երբ հայրիկը նրան զվարճացնում էր...: Գրել էր այս մանրամասները, որ երեխաները չմոռանան իրեն, գուցե մտածում էր, որ Շարլոթը չի պատմելու այդ ամեն...
Սաւառնակի թեւերէն մա՜հ կը ծորի...
1940 Մայիս 19-ին Սեման այլևս չկար: Որպես Ֆրանսական 72-րդ զորաբանակի զինվոր համարվում էր անհետ կորած Ֆլանդրիայի ճակատում: Նրա մարմինը այդպես էլ չգտնվեց: «...տարաբախտ Սեմա, չէր մտածեր անգամ թէ իր հոգւոյն եւ իր բանաստեղծի լուսաշող էութեան համար այն զինւորի հագուստը պիտի ըլլար վերջին ծածկոյթը...»՝ գրեց խմբագիր Տաճատ Գնդունին:
Ձիւնին տա՞կ մընաց արդեօք կորուսեալ զինւոր իր տըղան...
«Իմ խնկանոյշ, խնկաբոյր... իմ անգին, իմ աննման, իմ վարդաջուրով օծուած գառնուկս...»: 1942-ին Ֆլանդրիական մի ավանում աճյուն են գտնում: Կարծում են Սեման է: Ուրիշ մի հայ տղա է լինում: «...Նահատակի իր աճիւնը չունեցաւ գերեզման, մնաց անյայտ, տեղ մը Ֆլանտրիոյ դաշտերուն մէջ: Ամէն գարուն կ’ըսեն այդ դաշտերը կը վառին կակաջներով, որոնց արիւնի գոյն բոցերուն մէջ կը յայտնուին սեւ երիզներ, չյագեցած կարօտներու ծուխին նման...»՝ Սեմայի մահվան 10-րդ տարելիցին գրեց բանաստեղծ Վահե Վահեանը: Մարի Աթմաճեանը իրեն ամբողջությամբ նվիրեց Սեմայի անմահության կերտմանը: Հավաքեց նրա ձեռագրերը, պատրաստեց հրատարակության, ամենը բերեց Հայաստան՝ Գրականության և արվեստի թանգարան, անվերջ խոսեց նրա մասին, հիշատակի հանդիսություններ կազմակերպեց: Եվ ստեղծեց «Գողգոթայի Շուշաններ» ժողովածուն: Նախաբանում գրեց՝ «Քեզի, հայր իմ, որ 1915ի եղեռնին մարտիրոսը եղար երիտասարդ հասակիդ, քու անծանոթ շիրիմդ զարդարելու համար կը բերեմ հոգւոյս Գողգոթային այս անշուք ծաղիկները, որ թաց են դեռ արցունքներուս ցօղերով: Քեզի, եղբա՛յր անգին, որ 1940ի սպանդին ինկար ֆաշիստ ուժերու դէմ՝ Հայրենիքի ու Ազատութեան ի խնդիր՝ դեռ երեսուն գարուններու այգը աչքերուդ, քեզի՛ կը ձօնեմ քերթուածներս իբրեւ սրտիս խորանէն բռնած կանթեղներ՝ քու անյայտ աճիւններուդ ու թափառուն հոգիիդ դէմ վառելու համար զանոնք...»:
Մարին և Սեզան
Մի տաղանդավոր բանաստեղծ էլ կար, որ մեռավ 30 տարեկանում: Նա էլ բանաստեղծ քույր ուներ՝ Մատթեոս Զարիֆեանը: Մարին և Սիրան Սեզան՝ 2 նպատակ դրեցին՝ իրենց եղբայրների հիշատակը և հայկականության փրկությունը. «...նոյն տառապանքով, նոյն մտատանջ վիճակով կը մաշին մեր հոգիները, նո՛յն պայքարով կը տատանին մեր էութիւնները յանուն այս անբաղտ ցեղին, իր ներկային, ապագային անկումներուն և կարելի վերելքին, վերածնութեան իր քարուքանդ Սփյուռքին...»: Մարին մահացավ 1999-ի Հունիս 13-ին: Նա իր միակ զավակին՝ Փարիզի մետրոպոլիտենում որպես «էլեքթրոնիքի մասանգէտ» աշխատող Ժան-Գեղամին զրկեց ժառանգությունից՝ հայերեն չսովորելու և հայկական ծագման հանդեպ քամահրանքի համար: «Տղաս շատ ապերախտ ընթացքը մը ունեցաւ...ամուսնանալէն և...մոռցած է մեզ, մանաւանդ մեծ մամային, որ աչքի լոյսին պէս նայած և խնամած է զինքը»՝ գրեց զարմուհուն: Բայց թոռնիկը՝ «Առնօ Գեղամ–զմայլելի մանչուկ մը եղաւ... Աստուած միշտ մէկ կողմէն բաց դուռ մը ցոյց կուտայ որպէսզի ապրելու ուժ եւ կամք ունենանք...»: Զմայլելի մանչուկ Առնոն՝ մեծնալով իմացա՞վ իր մեծ մամայի կյանքի պատմությունը:
լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել