HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թրամփի ու Հանրապետական կուսակցության շռայլ դոնորը՝ TRIPP+ ֆոնդի ղեկավար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող MAGA կոմիտեին անցյալ տարի 11 մլն դոլար նվիրաբերած Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ամերիկյան պետական TRIPP+ Enterprise Fund-ի ղեկավար, որը պատրաստվում է 201 մլն դոլար ներդնել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Ի՞նչ կապ ունի այս նշանակումը Հայաստանի հետ, եւ ովքե՞ր են իրականում թաքնված շարժական կապի ոլորտում հայկական խոշորագույն ակտիվի հետեւում։

Կ. Սոկոլովը հրեական ծագումով ԱՄՆ քաղաքացի, ծնունդով պետերբուրգցի գործարար է: Մարդ, որի անունը օրերս կրկին դարձավ լայն քննարկման թեմա հատկապես մամուլում: Բայց այս անգամ խոսքը ոչ այնքան բիզնեսի, որքան քաղաքականության մասին էր: 

201 մլն դոլար՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մասնավոր հատվածին

Բրիտանական The Guardian-ը, հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակին, հայտնել է, որ TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը (Enterprise fund), որն իր անունը ստացել է TRIPP նախագծից (Trump Route for International Peace and Prosperity կամ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման), լիազորված է 201 մլն դոլարի ներդրումներ կատարել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, այսինքն՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում:

Ներդրումների նպատակը լինելու է այս երկրների մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման խթանումը, իսկ ներդրումներ ասելով՝ պետք է հասկանալ վարկերի տրամադրում, բաժնետիրական ներդրումներ եւ դրամաշնորհներ:

TRIPP+ ֆոնդը TRIPP նախագծի կառավարիչը չէ

Տարակարծություններից խուսափելու համար անհրաժեշտ է շեշտել, որ TRIPP+ ֆոնդը կապ չունի TRIPP նախագծի կառավարման հետ:

2026-ի հունվարի 13-ին Հայաստանի ու ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հրապարակած փաստաթղթից պարզ դարձավ, որ կողմերը հիմնելու են TRIPP-ի ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company («ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն»): Դրա 26 %-ի բաժնետերը լինելու է ՀՀ-ն, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն, ավելի կոնկրետ՝ TRIPP Development Company US-ը, որը հիմնադրվելու է ԱՄՆ Դելավեր քաղաքում եւ լինելու է այդ երկրի պետական գործակալության՝ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ կամ DFC- US International Development Finance Corporation) դուստր ընկերություն: TRIPP-ի իրականացման վերաբերյալ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ռազմավարական համագործակցության համաձայնագիր նախաստորագրեցին այս տարվա մայիսի 26-ին Երեւանում, իսկ ստորագրումը եղավ հունիսին հեռավար կարգով:

Հուլիսի 16-ին կայացած Կառավարության նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ «ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակով ստեղծվում է ամերիկյան ներդրումային ընկերություն, որի անունը TRIPP+ է։ Իրավական առումով սա մեր «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» հետ միջնորդավորված եւ անուղղակի կապ ունի։ TRIPP+ կոչվող ամերիկյան ներդրումային ընկերության ղեկավարը նշանակված անձ է (նկատի ունի Սոկոլովին – հեղ.)»:

TRIPP+.jpg (102 KB)

Ինչու՞ է ֆոնդի ղեկավար նշանակվել հենց Կոնստանտին Սոկոլովը

The Guardian-ը, հղում անելով ԱՄՆ արտաքին աջակցության 4 փորձագետների, նշել է, որ ձեռնարկատիրական ֆոնդերի տնօրենների խորհրդի անդամներին ընտրելը սովորական պրակտիկա է Սպիտակ տան համար: Ընդ որում՝ նշանակված անձինք հաճախ կապեր են ունեցել ԱՄՆ վարչակազմի հետ:

Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ ձեռնարկատիրական ֆոնդերի ծրագրի նախկին աշխատակից Դոն Նիսը նկատել է, որ ԱՄՆ կառավարության նման մոտեցումը տրամաբանական է, փոխարենը խնդիր է, երբ քաղաքական կապեր ունեցող այդ մարդիկ փորձ չեն ունենում ներդրումային բանկային գործունեության, մասնավոր կապիտալի կամ այն ոլորտներում, որոնց առնչվող ներդրումների հետ պետք է գործ ունենան:

Այս առումով Սոկոլովի անցյալը, ըստ էության, խոսում է նրա օգտին: 51-ամյա գործարարի անձնական կենսագրության մեջ նշվում է, որ ղեկավարել է պետական հարստության ֆոնդերի եւ կենտրոնական բանկերի վերակազմավորման նախագծեր, աջակցել է ընկերությունների ցուցակագրմանը աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում եւ հանդես եկել որպես ռազմավարական խորհրդատու կառավարությունների ու խոշոր ընկերությունների համար։

Բայց կա մի բան, որի մասին Սոկոլովի անձնական կենսագրության մեջ չի ասվում, չնայած հայտնի է բաց աղբյուրներից: Ըստ ԱՄՆ ֆեդերալ ընտրական հանձնաժողովի՝ 2025-2026 թթ. Սոկոլովը բավական ակտիվ է եղել տարբեր քաղաքական արշավների նվիրատվություն կատարելու հարցում: Եթե 2008 թ. հոկտեմբերին Սոկոլովն ընդամենը 3600 դոլար է փոխանցել նախագահի թեկնածու Բարաք Օբամայի ընտրարշավին, ապա 2025-ին 11 մլն դոլար է նվիրաբերել ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող MAGA (Make America Great Again) կոմիտեին: 2026 թ. մարտին էլ Սոկոլովը 443 հազար դոլար է փոխանցել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնին՝ Հանրապետական ազգային կոմիտեին:

Browse-Individual-contributions-FEC-07-17-2026_04_44_PM.png (255 KB)

Կ. Սոկոլովի ամենախոշոր նվիրատվությունները ԱՄՆ քաղաքական արշավներին. ամբողջական ցանկը՝ այստեղ

Հատկանշական է, որ, ըստ ԱՄՆ ֆեդերալ ընտրական հանձնաժողովի, Սոկոլովը քաղաքական արշավներին նվիրատվություններ է արել միայն 2008-ին (Օբամայի արշավին փոխանցված 3600 դոլարը) եւ 2025-ից հետո:

Բացի նրանից, որ Սոկոլովը բավական շռայլ է Հանրապետական կուսակցության եւ նախագահ Թրամփի համար նվիրատվություններ անելու հարցում, նա նաեւ մեկն է այն 36 դոնորներից, որոնք գումար են փոխանցել Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի կառուցման համար: Թե որքան է եղել Սոկոլովի ներդրումը, հայտնի չէ, բայց, ըստ Թրամփի, դոնորներն իր այս նախագծին հատկացրել են ավելի քան 350 մլն դոլար:

Սոկոլովի հետքը հայկական տնտեսության մեջ

Կոնստանտին Սոկոլովի մասին «Հետքը» առաջին անգամ գրել է 2024-ի տարեսկզբին, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ նա Հայաստանում շարժական կապի խոշորագույն օպերատոր «Վիվա Արմենիա» ընկերության շահառու սեփականատերերից մեկն է:

Սակայն նրա եւ մյուս իրական սեփականատեր չինացի Ժե Ժանգի (Zhe Zhang) մասին «Հետքը» տեղեկություններ էր ստացել դրանից ամիսներ առաջ՝ 2023-ին:

Հիշեցնենք, որ 2023-ի ապրիլին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն չտվեց «ՄՏՍ Հայաստան» (ներկայում՝ «Վիվա Արմենիա») ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործարքին: Հայկական օպերատորի մայր ընկերությունը՝ ռուսական «ՄՏՍ»-ը, ցանկանում էր օտարել հայկական ակտիվը, սակայն ՀԾԿՀ-ն դիմել էր ԲՏԱ նախարարությանը, որն իր հերթին հարցը քննարկել էր ԱԱԾ-ի հետ եւ արդյունքում առարկել գործարքի կայացմանը: Ըստ այդմ՝ գործարքի համաձայնեցումը վնասում էր կամ կարող էր վնասել ՀՀ ազգային անվտանգությունը կամ պետական շահերը:

«Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ պետական մարմինների կողմից գործարքի մերժման պատճառը եղել է այն, որ չի հայտնաբերվել գործարքի իրական շահառուն, այսինքն՝ թե ով էր դառնալու հայկական օպերատորի իրական տերը, ինչն անվտանգային ռիսկեր էր ծնում:

Հետո իրենց կիպրական ընկերություններով հայտնվել էին Կ. Սոկոլովն ու Ժ. Ժանգը, որոնք, ըստ «Հետքի» աղբյուրի, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն ձեռք բերելու համար նախատեսվող ֆինանսական միջոցների աղբյուր էին նշել իրենց ընտանեկան թրասթները (հավատարմագրային կառավարման հանձնված ակտիվներ), սակայն դրանց ծագումը, գործունեության մանրամասները, բնույթը եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն որեւէ կերպ չէր բացահայտվել:

Ի վերջո գործարքը 2023-ի նոյեմբերին արժանացել էր ՀՀ պատկան մարմինների հավանությանը, ինչից հետո՝ 2024-ի հունվարին, սեփականատերերի փոփոխություն էր կատարվել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ում: Ժանգը դարձել էր դրա 75 %-ի իրական շահառու բաժնետեր, իսկ Սոկոլովը՝ 25 %-ի: 2024-ի փետրվարին «Վիվա Արմենիայի» տերերը ընկերության 20 % բաժնեմասը նվիրեցին ՀՀ կառավարությանը, ինչի արդյունքում Ժանգին մնաց 60 %, Սոկոլովին՝ 20 %:

Գրել էինք նաեւ «Հայբիզնեսբանկի» (ներկայում՝ «ԱՄԻՕ բանկ») վաճառքի մասին, որի 75 %-ն անցել էր շվեյցարական ներդրումային ֆոնդի, որն էլ իր հերթին պատկանում էր Լիխտենշտայնում գրանցված ֆոնդի: Վերջինիս կառավարումն արտապատվիրակված է եղել Ժե Ժանգի (տես ստորեւ) հոնկոնգյան ընկերությանը:

Ինչ վերաբերում է Ժանգի գործընկեր Սոկոլովին, ապա նա, ըստ մեր աղբյուրի, հանդես է եկել որպես «Հայբիզնեսբանկի» արտասահմանյան սեփականատեր ընկերությունների (Շվեյցարիայում ու Լիխտենշտայնում գրանցված) ներկայացուցիչ-խորհրդական: Աղբյուրը նշել է, որ, ըստ էության, Ժանգն ու Սոկոլովը մասնագիտացած են կազմակերպությունների գնման գործարքներում, որոնց շրջանակներում նրանք կազմակերպում են բանակցություններ, համաձայնեցնում են գործարքի մանրամասները, այդ տեսանկյունից ներկայացնում են իրական շահառուներին (այսինքն՝ անձամբ իրենք իրական շահառու սեփականատեր չեն), կնքում գործարքներ, ներկայացնում փաստաթղթեր համապատասխան պետական մարմիններին եւ այլն։

Այնուհետ գրել էինք Սոկոլովին առնչվող հին գործարքների մասին: Դրանցից մեկը կանադացի ներդրողի մասին էր, որը Կիպրոսի դատարանում հայց էր ներկայացրել ռուսաստանցի գործընկերների դեմ՝ պահանջելով վերադարձնել իր կատարած ներդրումները՝ 2,5 մլն դոլար:

Կանադացին պարտվել էր դատարանում, բայց այս պատմությունը հետաքրքիր էր նրանով, որ դրա մասին հոդվածը կիպրական կայքերից մեկում ջնջվեց (արխիվացված տարբերակը՝ այստեղ): Իսկ «Հետքի» հրապարակումից որոշ ժամանակ անց փորձ արվեց Google-ի որոնման համակարգից հեռացնել մեր հոդվածը, ինչը չհաջողվեց:

Թերեւս, պատահական չէ, որ 2024-ի հունվարին «Վիվա Արմենիայի» սեփականատեր դառնալուց հետո՝ 2024-ի փետրվարի 5-ին, Սոկոլովը հիմնել է իր անձնական կայքը, որտեղ ներկայացնում է իր կենսագրությունը, անձնական պատմությունը, բարեգործությունները եւ այլն: Տպավորություն է, որ գործարարը, որի մասին մինչ այդ շատ քիչ բան էր հայտնի, իսկ այն, ինչ կար համացանցում, հիմնականում վերաբերում էր ներդրումների շուրջ դատական քաշքշուկին կամ Ռուսաստանում ձախողված մեկ այլ ներդրումային ծրագրի, դառնալով շարժական կապի ՀՀ խոշորագույն օպերատորի շահառու սեփականատեր, փորձ է արել իր անձի շուրջ ստեղծել ինֆորմացիոն դրական միջավայր եւ, ըստ էության, բացել իր կերպարի շուրջ առկա խորհրդավորության շղարշը:

«Հետքի» տեղեկություններով՝ Սոկոլովը բավական զգայուն է իր անձի շուրջ տեղեկատվական դաշտի եւ, մասնավորապես, բիզնես գործունեության քննադատությունների նկատմամբ:

Ի՞նչ է ձեռնարկատիրական ֆոնդը

Enterprise fund-ը կամ ձեռնարկատիրական ֆոնդը ԱՄՆ կառավարության կողմից կիրառվող ֆինանսական մեխանիզմ է, որի արմատները գնում են մինչեւ 1989 թ., երբ Կոնգրեսն ընդունեց «Արեւելյան Եվրոպայում ժողովրդավարությանն աջակցելու մասին» օրենքը: Խոսքը, ինչպես կարելի է կռահել, նախկին սոցիալիստական ճամբարի երկրների մասին է, որտեղ ԱՄՆ-ն սկսեց ներդրումներ կատարել: Այդ երկրներն էին Լեհաստանը (վերջինիս առնչվող ֆոնդը ստեղծվել է 1990 թ.), Հունգարիան (1990 թ.), Չեխոսլովակիան (1991 թ.), Բուլղարիան (1992 թ.), Ռումինիան (1994 թ.), Բալթյան երկրները (1995 թ.) եւ Ալբանիան (1995 թ.), որը սոցճամբարի երկիր չէր: Սկսած 1989-ից՝ ԱՄՆ կառավարությունն այսպիսի 13 ֆոնդ է հիմնել:

III-Regional-Program-Enterprise-Funds-07-17-2026_04_40_PM.jpg (71 KB)

Առաջին 7 ֆոնդերի ծախսերը (լիազորված, պարտավորված եւ ծախսված)՝ 30.09.2003 թ. դրությամբ. աղբյուրը՝ ԱՄՆ պետդեպ

Յուրաքանչյուր ձեռնարկատիրական ֆոնդ գործում է իբրեւ անկախ, ինքնավար կազմակերպություն, որը կառավարվում է տնօրենների խորհրդի կողմից, իսկ ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է դրա գործունեության վերահսկողության համար: Ըստ ԱՄՆ պետդեպի՝ նման մոդելը մշակվել է այն նպատակով, որ ֆոնդերը կարողանան աջակցություն տրամադրել հնարավորինս արագ՝ ունենալով ծրագրեր մշակելու եւ ներդրումային տարբեր մոտեցումներ կիրառելու բավարար ճկունություն՝ յուրաքանչյուր երկրի կոնկրետ խնդիրները հասցեագրելու համար:

Կ. Սոկոլովի լուսանկարները՝ konstantinsokolov.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter