HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իբրահիմ Մաալուֆը Երևանում. Միքելանջելոյի շեփորների լիբանանյան համը

1980թ.-ին Բեյրութում քաղաքացիական պատերազմ էր, քաղաքը բաժանված էր երկու մասի, ընթանում էին մարտեր, ամենուրեք՝ կրակոցներ, պայթյուններ։ Այդ պայմաններում ծնվեց շեփորահար Նասիմ Մաալուֆի և դաշնակահարուհի Նադա Մաալուֆի որդին՝ Իբրահիմը։ Տարիներ հետո արդեն հայտնի շեփորահար, ֆրանսաբնակ կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը գրեց մի ստեղծագործություն իր հուշերի, ավերվող ու վերածնվող քաղաքի՝ Բեյրութի մասին։ Ստեղծագործությունը, տեսահոլովակը տարածվեց ամբողջ աշխարհով։ Մոտ 15 տարի առաջ Հայաստանում շատերը հենց այս ստեղծագործությամբ ծանոթացան Իբրահիմ Մաալուֆ երաժշտական երևույթի հետ։ 

Հուլիսի 14-ին՝ երևանյան համերգից մեկ օր առաջ, Իբրահիմ Մաալուֆը «Հետք»-ի տաղավարում էր, ներկայացնում ենք նրա հետ զրույցը վիդեո և տեքստային տարբերակով։

Ողջույն Իբրահիմ, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ 

Ի՞նչ տպավորություն ունեք Երևանից։

Բարև, շնորհակալություն հյուրընկալելու համար։ Կարող է թվալ կամ կարող է հնչել մի քիչ չափազանցված, բայց իրոք, ինձ թվում է՝ զգում եմ, որ կարծես տանը լինեմ։ Միգուցե նրանից է, որ նմանատիպ սնունդ ենք ուտում, համանման երաժշտություն ենք լսում, իրար արտաքինով նման ենք, անգամ Երևանի լանդշաֆտը ինչ-որ առումով, ինչ-որ վայրերում շատ նման է հին Բեյրութին, և ես զգում եմ ինձ ինչպես տանը։ Շատ հարմարավետ եմ զգում ինձ, մենք այնքան ընդհանրություններ ունենք։ Առաջինը, օրինակ, այն, որ երկուսս էլ երաժիշտ ենք, երկուսս էլ փոդքասթ ունենք, և մենք հետաքրքրասեր ենք։ Մարդկանց հարցնում ենք բաներ իրենց կյանքի մասին, իրենց աշխատանքի մասին, երաժշտության և ամեն ինչի մասին, թեպետ ինքներս երաժիշտ ենք։ 

Իբրահիմ, Դուք եկել եք Ջազի հայկական ասոցիացիայի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հրավերով։ Նվագելու եք «Միքելանջելոյի շեփորները» համերգային ծրագիրը և մասնակցում եք կինոփառատոնին որպես ժյուրիի անդամ։ Կպատմե՞ք Ձեր կյանքի պատմությունից, որ կարծես ֆիլմի լավ սցենար լինի։ Ձեր հայրը շեփորահար՝ Նասիմ Մաալուֆը, տալիս է պատանի Իբրահիմին իր՝ ձևափոխած, արաբական մուղամներ նվագելուն հարմարեցված շեփորը, և Դուք գնում եք, նվաճում եք երաժշտական աշխարհը՝ համագործակցում Սթինգի, Քուինսի Ջոնսի հետ։ Կպատմե՞ք ինչքանով է այս սահուն և հեքիաթային պատմությունն իրական։

Այնքան բան կարող եմ Ձեզ պատմել հորս մասին, մորս մասին իրենց պատմություններից, պայքարի մասին, որ պահանջվեց անկախ արվեստագետ լինելու համար, շեփորահար լինելու համար, քանի որ շեփորը, գիտեք, պոպուլյար գործիք չէ, մեր ժամանակներում շատ բան կարող էի ասել։ Գիտեք՝ երբ ծնվեցի նոյեմբերի 5-ին 1980 թ.–ին, ինչպես ասացիք, մայրս ինձ ծննդաբերեց մի հիվանդանոցում, որը ռմբակոծվում էր ինձ ծննդաբերելու ընթացքում, և նա տեսնում էր դիակներ, մահացած մարդկանց կողքով տանում էին ծննդաբերելու ամբողջ ընթացքում։ Փոքրիկ էր լույս աշխարհ բերում, իսկ կողքով տեղափոխում էին դիակներ։ Հայրս այդ նույն ժամանակ կյանքի գագաթնակետին էր հասել Փարիզում։ Իր նախկին ուսուցիչ Մորիս Անդրեն էր իրեն հրավիրել, ով ամենահռչակավոր շեփորահարն էր դասական երաժշտության ոլորտում։ Այն ժամանակներում նա հորս հրավիրել էր, որ ամենահայտնի հեռուստահաղորդման ժամանակ Ֆրանսիայում նվագի, Լվանդեշիկի էր կոչվում այդ հաղորդումը։ Լրջագույն հաղորդում, հիմնական հեռուստաալիքով։ Ֆրանսիայում հայրս ձայնագրում էր իր ամենագեղեցիկ շեփորային կատարման պահը և ամբողջ աշխարհին ցույց տալիս իր գյուտը` իր ստեղծած շեփորը։ 35 տարի առաջ նա այդ գյուտով փայլատակեց, ամբողջ աշխարհին ցույց էր տալիս իր շեփորը։ 

Այդ նույն ժամանակ նա տեսագրվում էր հեռուստահաղորդման մեջ։ Մայրս միայնակ էր Բեյրութի այդ հիվանդանոցում, ու ծնվեցի ես։ Ես չգիտեմ, թե այս պատմության որ մասը նախապայմանավորեց, նախակերտեց իմ ապագան, բայց ինչ-որ պահի դա բացարձակ տրամաբանական էր։ Ես չգիտեմ, թե որ կետից, բայց ես համոզված եմ, որ ինձ այնպես կրթեցին, դաստիարակեցին ողջ մանկությանս ընթացքում, որ արժեր, արժեր։ Այսինքն` իրենք այնպես արեցին, որ արժեր՝ ես ծնվեի, թեպետ ամենուր մահ էր, և իրենք այնպես արեցին, որ արժեր ծնվել։ Թեպետ հայրս այդ պահին այդտեղ չէր, բայց նրա բացակայությունը` կնոջ կողքին չլինելը, այդ պահին արդարացված էր։ Հասկանու՞մ եք միտքս՝ արժեր, արդարացված էր։ Ես այսպես եմ այս ամենն ընկալում, ու երբ հասակ ես առնում ուսերիդ այդ ծանր բեռով, ծնողներդ քեզ ասում են՝ մենք լիքը բանի միջով ենք անցել և հիմա մենք քեզ սա ենք տալիս։ Այ հիմա քո պատասխանատվությունն է արդեն, հասակ չես առնում պատահական երեխայի պես, կամայական որևէ մեկի պես։ Դա ահռելի դեր է խաղում, կերտում աշխարհայացքդ, երաժշտական կատարմանդ ոճը, այն, թե ինչպես ես կարևոր բաներ ժառանգում, այն, թե ինչպես ես այսօրվա քաոսի պայմաններում ձայնդ լսելի դարձնում, ու այս ամենը դառնում է տրամաբանական։ 

Արաբական մեղեդիներ՝ համեմված ջազով, աֆրո, լատինոամերիկյան երաժշտությամբ։ Ձեր երաժշտությունը, շեփորի ձայնը հնարավոր չէ շփոթել այլ շեփորահարների հետ։ Այս յուրահատուկ երաժշտությունը, ասելիքը եթե վերածեք բառերի, նախադասության, ի՞նչ եք ամենաշատն ուզում հաղորդել լսողներին։

Ինձ թվում է՝ մարդկանց միավորել փորձելու մոտեցումն է։ Կյանքիս փորձառությունը հետևյալն է` ինչքան ավելի շատ ես մարդկանց բնութագրում մանրամասներով, ու ինչքան ավելի քիչ են մարդիկ զգում իրար կապակցված։ Ձեզ պատկերացրեք, ես ասում եմ դուք արվեստագետ եք, ես կարող էի անգամ ասել` դու մարդ ես, ով գիտելիք է հաղորդում, ջութակ ես նվագում կամ այս հարցազրույցն ես վարում, դրանով դու փոխանցում ես, տարածում ես գիտելիք, ոնց որ գիտելիքը քո միջով է անցնում, դու սովորում ես, ինչ-որ բան կատարում ես, տալիս ես մարդկանց։ Հարցեր ունես, տալիս ես մարկանց, պատասխաններ հասցնում մարդկանց։ Դու մեկն ես, ով կապակցում է մարդկանց, հա, մարդիկ քեզ կսիրեն, կհասկանան, կիմանան` ով ես, որովհետև դու իսկապես այդ մարդն ես։ Հիմա այլ կերպ նկարագրեմ, ասեմ` դու լրագրող ես, ջութակահար ես, մարդիկ կասեն` դե, հա, շատ եմ սիրում ջութակ, ոմանք էլ կասեն` չեմ սիրում ջութակ, ոմանք էլ կասեն` օ, լրագրող, ի՞նչ գեղեցիկ գործ է, ոմանք էլ կասեն` դե, լրագրող է, լրագրողները բոլորը կեղծ են, շինծու են և այլն։ Եթե ես ասեմ` լավ, դու կոմպոզիտոր ես, կամ ասեմ` դու հրաշալի ջութակի դասատու ես։ Դասատու լինելը լավ բան է, ոմանք կասեն` հա, բայց չի նվագում, ինքը մենակ դասավանդում է, հասկանու՞մ եք միտքս։ Ինչքան ավելի շատ մտնենք մանրուքների մեջ, այնքան ավելի շատ մարդիկ կհեռանան քեզնից, կառանձնանան քեզնից։ Երբ ինձ հարցնում են որպես կոմպոզիտոր, շեփորահար ներկայացնեն, ֆիլմերի, սաունդթրեքների կոմպոզիտոր, մանկավարժ, չգիտեմ դասատու և այլն, ես կնախընտրեի ասել երաժիշտ ու վերջացնել։ Երաժիշտը կարող է ամեն ինչ լինել, այսինքն՝ կարող է լինել մանկավարժ, գրող, կոմպոզիտոր, կատարող, ցանկացած բան։ Երաժիշտը բաց է, հստակ կաղապարի մեջ չէ, բաց է ավելի շատ։

Երբ ես երեխա էի, քաղաքացիական պատերազմից մազապուրծ եղած՝ ապրում էինք Ֆրանսիայում։ Ես ֆրանսերեն չէի հասկանում, ծնողներս ինձ հետ խոսում էին լիբանաներեն։ Ես շատ ընկերներ չունեի։ Միշտ երաժշտությամբ էի զբաղվում իմ սենյակում ու մտածում էի, որ ոնց կարող եմ կապակցված լինել աշխարհի մնացած մասի հետ, մնացած աշխարհի հետ։ Ու ես իմ սենյակում եմ, շեփոր կամ դաշնամուր եմ նվագում։ Ուզում եմ մարդկանց հետ կապակցված լինել։ Դպրոցում շատերը կային, ում հետ չէի կարողանում կապակցվել, քանի որ ֆրանսերենս թույլ էր, աղքատիկ էր։ Մի օր ստերիոռադիոն ծնողներիս վերցրի, կասետը, հիշու՞մ եք, կասետային ու անտենա կար վրան ու կարող էիր պտտել տրանզիստորը և գտնել ռադիոալիքներ։ Առաջին անգամ որ պտտեցի ու լսեցի երաժշտություն, ասացի` ինչ հետաքրքիր է, տեսնեմ՝ ոնց կարող եմ սրան զուգահեռ նվագել։ Վերցրի շեփորը, փորձեցի ռադիոյին զուգահեռ նվագել ու շատ սիրեցի, ասացի` լավ, մի բան էլ փորձեմ, փոխեցի այլ ալիքի վրա ու լրիվ այլ ոճի երաժշտություն էր։ Ասացի` տեսնես կկարողանա՞մ սրա հետ կապակցվել, շեփորս վերցրի, փորձեցի ինչ-որ տարբեր բաներ, չստացվեց ու ինչ-որ պահի ստացվեց։ Ես ասացի` այ քեզ ինչ լավ հնչողություն, պետք է այստեղ շեփոր ավելացրած լինեին, մի հատ էլ պտտեմ, պտտեցի ուրիշ ալիք` դասական երաժշտություն, ռեփ, ռոք, ծանր ռոք, ջազ, ցանկացած բան, երբեմն այլ ոճերի, երաժշտական այլ ոճեր ու ամեն անգամ ուզում էի կապակցված զգալ։ Չգիտեի որևէ բան այդ մարդկանց մասին։ Կարծում եմ՝ երբ հասակ առա, սա դարձավ իմ աշխատանքը, փորձել կապակցվել իմ գործիքով ցանկացած տեսակի երաժշտության հետ, որը կա մոլորակիս երեսին, և այդպես է, որ ինձ լավ եմ զգում։ Զգում եմ ինձ կապակցված մոլորակի յուրաքանչյուր բնակչի հետ` ի հեճուկս ազգային, սերնդային տարբերությունների, մշակութային, կրոնների տարբերությունների, անկախ համոզմունքներից, անկախ գենետիկայից, անկախ ցանկացած բանից։ Ես զգում եմ, որ ես կապակցված եմ բազմաթիվ տարբեր մարդկանց հետ, ամբողջ աշխարհի բնակիչների, և դրանով է, որ ես երջանիկ, ուրախ եմ ինձ զգում, դրանով է, որ ես իմաստ եմ ձեռք բերում այս մոլորակի երեսին իմ գոյության համար։ Նույն կյանքը չէի կարող ունենալ, նույնչափ կապակցված չէի կարող լինել, նույնքան փոխկապակցված չէի կարող լինել ու ինքս ինձ հետ հարմարավետ զգալ, եթե չզգայի, որ կարող եմ կապակցված լինել ինձ շրջապատող յուրաքանչյուր անձի հետ։ Ատում եմ այն զգացողությունը, երբ ինչ-որ մեկի հետ եմ ու այն զգացողությունը, որ մենք ինչքան տարբեր ենք, կամ ինչքան շատ բաներ կան, որոնցում համաձայն չենք։ Այդ զգացողությունն ատում եմ։ Ուզում եմ մարդկանց հետ կապակցված լինել։

Պատերազմների, կոնֆլիկտների, մարդկային աղետների ժամանակներում կարո՞ղ է երաժշտությունը փոխել մարդկանց, հավատու՞մ եք դրա ազդեցության ուժին։

Ես երաժիշտ եմ, եթե ես չհավատայի կամ գոնե հույս չունենայի, որ երաժշտությունը կարող է ինչ-որ բան փոխել, այլ բանով կզբաղվեի։ Ես երազող եմ, մարդ եմ, ում աշխատանքը հուսալն է, դա իմ բիզնեսն է, իմ գործի անունն է հուսալ, հնարավորինս հույս հաղորդել մարդկանց։ Երաժշտությունը գերուժ ունի, ըստ իս` գերուժ գոնե ստեղծելու ապրումակցում մարդկանց սրտերում, և դա ինչ-որ բանի արդեն սկիզբն է։ Ապրումակցումը, ինչու՞, որովհետև երաժշտությունը չի կարող ցինիկ քաղաքական մանիպուլյացիայի դեմ որևէ բան անել, որովհետև ցինիկ մանիպուլյացիան միշտ արվում է ինչ-որ բան սպանելու կամ պառակտելու նպատակով։ Հնարավոր չէ փորձել համոզել մեկին, ում նպատակը մանիպուլացնելն է ցինիկ ձևով, որովհետև դա հնարավոր չէ։ Օրինակ` պատկերացրու, եթե այս դահլիճում, այս սենյակում լիներ մի հոգի, ում նպատակն է խանգարել մեզ խոսել, այնպես անել, որ մենք չխոսենք։ Պատկերացրու 3 հոգի կողքս նստած լինի, իրենցից մեկը ուզենա այնպես անել, որ այս հարցազրույցը խափանվի, տեղի չունենա։ Շատ հեշտ է, ընդամենը պետք է գա այստեղ կանգնի, այս մեջտեղը կանգնի, էս վերցնի, խփի, գցի, հարցնենք՝ ի՞նչ ես անում, մի րոպե մի արա, խոսել ենք ուզում, կասի՝ խոսեք, ո՞վ է ձեզ բան ասել, խոսեք։ Հետո խոսափողը վերցնում է, լույսը ջարդում է, վերցնում է սեղանը, ապակին, զուգահեռ խոսում է, երաժշտություն է միացնում։ Լավ, երաժշտություն չէ, աղմուկ է սկսում ստեղծել ու շատ հեշտ է, շատ-շատ հեշտ է։ Եթե ինչ-որ մեկն այդ նպատակն է հետապնդում, նրա նպատակն է այնպես անել, որ դա բացառվի, դրանից հեշտ բան չկա, չես կարող դրա դեմ երաժշտությամբ պայքարել, սիրով պայքարել։ Ոչինչ չես կարող անել, որ դա բացառես, բայց ուրիշ ի՞նչ է մնում մեզ, ուրիշ ի՞նչ ունենք։ Փո՞ղ․ փողի միջոցով խաղաղության տարբերակին չեմ հավատում։ Դա ժամանակավոր խաղաղություն է, դա ճշմարիտ խաղաղություն չէ, դա իսկական խաղաղություն չէ։ Սե՞րը․ շատ միամիտ կլիներ կարծել, որ սերը կփրկի աշխարհը, թեպետ մենք ուզում ենք, որ այդպես լինի, բայց դա տեղի չի ունենում, այդպես է արդեն շատ վաղուց։ Ուրիշ ի՞նչ մնաց մեզ։ Դիվանագիտությու՞ն․ տեսանք՝ դիվանագիտությունը ո՞նց չի կարող որևէ բանի վրա ազդել վերջին 3-4 տարիների ընթացքում, հատկապես Մերձավոր Արևելքում։ Ի՞նչ է մնում մեզ ուրիշ, պա՞րը, արվե՞ստը կինեմատոգրաֆիա, լրագրություն, բայց սպանում են, իրենք այս ամենը սպանում են, տակը ի՞նչ է մնում՝ ճարտարապետությու՞ն։ Շինությունները քանդում են, ոչնչացնում են շենքերը։ Բժշկագիտություն, բժշկություն, առողջապահություն, չի աշխատում, իրենց էլ են սպանում, ի՞նչ մնաց։ Ուրեմն որպես երաժիշտ ես գիտեմ, որ ես աշխարհը չեմ փոխելու, բայց իմ հաղորդումների ժամանակ, երբ ես նայում եմ այն մարդկանց, ովքեր գալիս են ինձ հյուր հաղորդումներիս կամ կատարումներիս, համերգներիս, վաղվա Երևանի համերգիս, Փարիզում լինեմ համերգ տալուց, նայում եմ մարդկանց, ինձ միևնույն է, իրենց կրոնն ինչ է, ինձ միևնույն է, իրենց քաղաքական հայացքները ինչպիսին են, ես չեմ հարցնում` ինչ տարիքի են, ես չեմ հարցնում` ինչ համոզմունքներ ունեն։ Մի բան միայն գիտեմ, ես գիտեմ, որ հնարավոր է մեկի համար առաջին համերգն է կյանքում։ Ես ուզում եմ, որ այդ պահն ամենագեղեցիկ պահը լինի իր կյանքում, որովհետև եթե ինքը լավ ժամանց ունենա, հասկանա` ինչու է երաժշտությունը կարևոր, դա կփոխի աշխարհը, ու հնարավոր է նաև ինչ-որ մեկի համար վերջին համերգը լինի։ Ես հավատում եմ, որ մեզնից ավելի բարձր ուժեր կան, մի այլ հարթություն, այդ այլ ուժը, այդ հարթությունը։ Ես ուզում եմ, որ այս մարդիկ երջանիկ լինեն, այս վայրից հեռանան ուրախ սրտով, երջանիկ սրտով։ Ահա այսպես եմ ես պայքարում տգիտության դեմ, չիմացության դեմ, ցինիկ մանիպուլյացիաների դեմ։ Պայքարում եմ այն բոլոր բաների դեմ, որոնք տխրություն և թշվառություն են տարածում այս աշխարհում։ Ահա այդպես եմ ես պայքարում, երաժշտության նկատմամբ շատ մեծ և ուժեղ հավատ ունեմ։ 

Ե՞րբ հասկացաք, որ երաժշտության մեջ գտել եք Ձեզ, Ձեր ուրույն տեղը, ունեք յուրահատուկ ձայն և ընդունվել եք երաժշտական համայնքի մեծերի կողմերից։ Այդ գիտակցումից հետ ի՞նչ փոխվեց Ձեր մեջ, ինչպե՞ս օգտագործեցիք Ձեր այդ ազդեցությունը։ 

Լավ հարց է, որովհետև ես երբեք չէի մտածել այդ մասին։ Կարծում եմ` միակ հաստատումը, որին ես սպասում էի, ծնողներիս հաստատումն էր, դրական գնահատականն էր, իսկ հայրս շատ-շատ խիստ հայր էր։ Ու երբ մենք երաժշտություն էինք նվագում, նա շատ երջանիկ էր, աշխարհի ամենաբարի և հաճելի անձնավորությունն էր։ Երբ չէինք նվագում՝ հակառակը։ Ինձ թվում է՝ ես պարզապես սպասում էի իրենց հաստատմանը և երբ ստացա շատ վաղ հասակում, շատ վաղ տարիքում ես 9 տարեկանից համերգներ էի տալիս հորս հետ, նվագում էի մարդկանց դիմաց, հարյուրավոր մարդկանց դիմաց։ 9, 10, 11 տարեկանում Ֆրանսիայում, Լիբանանում, Գերմանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, ճանապարհորդում էինք շատ, Ալժիր և այլն։ Ես շատ փոքր էի։ Մորս հայացքն արդեն ինձ համար հաստատում էր, շատ հպարտ էր, և դա ինձ համար դրական գնահատական էր։ Հայրս էլ դուետով ինձ հետ հանդես էր գալիս բազմաթիվ մարդկանց առաջ, և արդեն ծնողներս ինձ տվել էին իրենց հաստատումը։ Ես 3 երեխա ունեմ, ու իմ զգացողությունն այն է, որ եթե ծնողներդ քեզ հաստատում տալիս են, կյանքում ուրիշ բանի կարիք չունես, և ես իրոք հավատում եմ, որ ծնողներս կատարյալ չեն։ Իհարկե, շատ բաների մասին կարող էի խոսել, բայց այդ առումով իսկապես իմ բախտը բերել է։ Ես ստացա շնորհ, որը շատ-շատ կարևոր է։ Ծնողներս իրոք շատ-շատ էին օգնում ինձ, որ կայանամ, որպես երաժիշտ, որպես մարդ, ով երջանիկ է երաժշտությամբ զբաղվելով։ Երբ իրենց հաստատումը ստացա, այլևս որևէ հաստատման, ճանաչման չէի սպասում, անգամ դասական երաժշտության մրցույթները, մրցանակները, որոնք շահում էի և նման բաները։ Ես ուրախ եմ, երջանիկ եմ, որ ստացել եմ, բայց միշտ սպասում եմ։ Ծնողներիս միշտ ասում եմ` շնորհակալություն, բայց դա չի հասնում էն ծնողներիս հաստատման մակարդակին։ Երբ իրենք ասացին, որ լավ եմ կատարում, այ այդ բանն է ինձ համար վճռորոշ։ Գիտե՞ք ինչու է կարևոր դա, որովհետև դրանով է, որ ուժեղ ես դառնում, անգամ եթե տապալվում ես, ուժեղ ես զգում, քանի որ ծնողները թիկունքիդ կանգնած են։

Երկու տեսակի մարդիկ կան, մի տեսակը մտածում է, որ ինքն արժանի է ու ասում է, որ ինքը Աստված է։ Մարդիկ կան, ովքեր հասկանում են, որ դա չափից շատ է, մնում են հողին կպած ու ասում են` շնորհակալություն, որովհետև ծնողներս ինձ արդեն ասել են, իմ իրական արժեքը ինչպիսին է։ Ես հասկանում եմ, շնորհակալ եմ ձեզ գնահատականի համար, բայց ես գիտեմ, որ ես այդքան շատ չեմ, այնքան լավն եմ, որ ծնողներս գոհ են։ Այ այս հավասարակշռությունը պահելը, իմ կարծիքով շատ կարևոր է։ 

Շարունակելով ծնողների թեման՝ խոսենք Ձեր վերջին ալբոմից՝ «Միքելանջելոյի շեփորներից», որը նվագելու եք Երևանում։ Այն հարգանքի տուրք է Ձեր հորը՝ Նասիմ Մաալուֆին և Ձեր նախնիներին։ Կպատմե՞ք այս ալբոմից՝ անվանումից, ալբոմի նկարից, որտեղ պատկերված է 1925թ․ լիբանանյան նվագախումբը, որի կազմում է ձեր պապը։

«Միքելանջելոյի շեփորներ» ալբոմը հարգանքի տուրք է իմ ընտանիքին, ընտանիքիս բոլոր անդամներին և հիմնականում այդ հին շեփորներին, որոնք լիբանանյան լեռներում, Լիբանանում ամենուր կային ֆանֆարները, որոնք այդ նկարում տեսնում եք։ Պապս կա, այ էս մեկը, այս մարդը պապիկս է, այս նկարում 19 տարեկան է, այստեղ անգամ դեռ հորս հայրը չէր, այդ պահին դեռ հայրիկ չէր դարձել։ Այս է ֆանֆարը, ամենուր Լիբանանում գոյություն ունի, ուներ։ Մինչև հիմա դեռևս կան, բայց այլևս էդքան շատ չեն։ Ֆրանսիական մանդատի եվրոպացիների ժառանգությունն է, իհարկե, ովքեր կլարնետ, շեփոր, տրոմբոն, տարբեր գործիքներ բերեցին։ Երբ իրենք կատարում էին եվրոպական երաժշտություն, կատարյալ էր ստացվում իրենց մոտ, բայց երբ իրենք պիտի մերձավորարևելյան երաժշտություն կատարեին, ինչ-որ բան չէր ստացվում, չէր աշխատում, ու եվրոպացիները իրենց չէին սովորեցրել՝ ինչպես այդ գործիքները նվագել, իրենք վերցնում էին գործիքները ու նվագում էին, խառը-խուռը նվագում էին այսպես, ինչպես ինքնուրույն սովորել էին, ինքնուս էին, բայց չէին կարողանում նվագել։ Ու երբ հայրս այդ ժամանակ դեռ մանուկ հասակում իր հորը հարցրեց, ասաց՝ ինչու որ նվագում ես մեր երաժշտությունը, լավ չի հնչում, իր հայրը՝ Ասադ էր անունը, որ նշանակում է առյուծ, ասաց՝ որովհետև ոչ ոք մեզ չի սովորեցրել նվագել: Հայրս մեծացավ՝ մտածելով, որ կգնա Եվրոպա ու կսովորի նվագել մեր երաժշտությունը, որ հետ կգա ու այդ ժամանակ կկարողանանք մեր երաժշտությունը քառորդ տոներով, մուղամներով, մաքամ ասածով նվագել ու երբ Բեյրութում արդեն սկսեց նվագել 22-23 տարեկանում, զգաց, որ մի բան սխալ է, որ անհնար է քառորդ տոները նվագել։ Հասկացավ, որ հնարավոր է մի բան անել ու մտածեց մի փական ավելացնել քառորդ տոները կատարելու համար։ Մի անգամ փորձեց Լիբանանում, չստացվեց, բայց արդեն մտքում կար։ Հետո որ գնաց, վերադարձավ Ֆրանսիա սովորելու, այդ ժամանակ կարողացավ փորձարկել առաջին անգամ և ստեղծեց քառորդ տոն շեփորը, որը դարձավ իր ինքնությունը, իր առանձնահատկությունը որպես երաժիշտ։ Հայրս՝ Նասիմ Մաալուֆը, առաջին շեփորահարն էր, ով քառորդ տոներ էր նվագում իսկական մուղամ շեփորով։ Եգիպտացի էլ կար՝ Սամիել Պաբլին, ով նույնպես փորձում էր նման բան անել, բայց այդքան ճշգրիտ չէր ստացվում, ու ինքը կարողանում էր մի քանի մուղամի դեպքում միայն դա կատարել, բայց այս շեփորով հնարավոր էր բոլոր տոների բանալիների մեջ նվագել, ու դա հեղափոխական գործիք էր։ Հայրս իրենից կախված ամեն ինչ փորձեց անել։ Այս գյուտն արեց 1964-65 թվականներին և մինչ օրս դեռ մարդիկ կան, ովքեր չգիտեն սրա մասին, պատկերացնու՞մ եք, 60 տարի անցել է, ոմանք սրա մասին դեռ չգիտեն։ Ես զգում էի, որ ժամանակը հասունացել է հորս ժառանգության համար ինչ-որ բան անելու, որ առավելագույնս շատ մարդ իմանա դրա մասին, և որ ես այն ամենը, ինչ արել եմ, չեմ արել միայն իմ համար, ես ուզում եմ, որ հորս գյուտը տարածվի ամբողջ աշխարհով մեկ, որ բոլորը այդ շեփորը նվագեն։ Հայաստանում էլ արդեն կան շեփորահարներ, ովքեր ինձ դիմում են, ուզում են սովորել նվագել, ոմանք արդեն սկսել են քառորդ տոնը նվագել, ամբողջ աշխարհում սկսում են այս շեփորը նվագել, ու ես շատ երջանիկ եմ, որ այսպիսի գործ ենք անում, որովհետև հիմա արդեն մոտ 500 հոգի նվագում է այս շեփորը։ Ես հույս ունեմ, որ միգուցե 5, 10 տարուց կլինի 5000 հոգի, 15 տարուց միգուցե՝ 50000 հոգի, հետո հորս երազանքը կիրականանա վերջապես, որովհետև դա հորս երազանքն էր։ Այս ալբոմը ու դրան նախորդած ալբոմը Միքելանջելոյի շեփորների առաջին մասը և այս մասը և հաջորդը, որովհետև երրորդն էլ է լինելու առնվազն, ես առավելագույնս երաժշտական ռեպերտուար եմ ստեղծում, որի մեջ շեփորահարները կարող են զարգացնել իրենց կատարումը, այսինքն ստեղծում ես երաժշտություն հատուկ, որպեսզի հաղորդեմ իմ ամբողջ գիտելիքը շեփորի մասին և հույս ունեմ, որ ինչ-որ պահի բոլորը կնվագեն այս շեփոր վրա և հետո արդեն գործս ավարտած կլինեմ։

Ձեր ժամանակը սուղ է, և մենք պետք է ավարտենք զրույցը։ Գիտեմ, թե ուր եք շտապում և չեմ խլի Ձեր ժամանակից ոչ մի վայրկյան։ Դուք գնում եք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ և վստահ եմ՝ որպես ուսումնասիրող և հետազոտող Դուք շատ բաներ կբացահայտեք Կոմիտասի միջոցով հայկական երաժշտությունից։

Շատ շնորհակալություն։ Միայն ավելացնեմ մի բան․ ես բազմաթիվ հայ երաժիշտների եմ հանդիպել և արվեստագետների այս վերջին տարիների ընթացքում, իրենք բոլորն ինձ ասում են՝ մի օր գնա Հայաստանում նվագիր, շատ եմ երազել այս օրվա մասին և վերջապես ահա վաղը կլինի այդ օրը։ Առաջին անգամ համերգ կտամ Հայաստանում, 20 քանի տարի երաժշտությամբ զբաղվելուց հետո ես շատ ուրախ եմ, երջանիկ եմ։ Ես կայցելեմ Կոմիտասի թանգարան։ Առաջին հերթին հենց դա էի ուզում անել։ Շատ շնորհակալություն ինձ հրավիրելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter