Լրատվամիջոցներն այսօր տեղեկացրել են, որ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի 15-ամյա որդին` Հրանտ Բագրատյանը, երեկ դպրոցում կռվել է աշակերտներից մեկի հետ ու ծեծվել: Սակայն քիչ անց նրա կանչով օգնության հասած հոր թիկնապհները բոլորի աչքի առաջ դաժանաբար ծեծել են Տիգրան անունով այդ աշակերտին: Կատարվածի առնչությամբ ոստիկանության լրատվության բաժնից «Հետքին» պարզաբանեցին.
«Երեկ ժամը 11:30-ի սահմաններում Երեւան քաղաքի վարչությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի թիվ 114 դպրոցի դիմաց տեղի է ունենում վիճաբանություն: Վարչությունից ահազանգի մասին տեղեկացրել են ոստիկանության Կենտրոնի բաժին եւ մինչեւ օպերատիվ խումբը հասել է դեպքի վայր, այնտեղ ոչ ոք չի եղել: Դպրոցի տնօրենը պարզաբանել է, որ երկու աշակերտ պարզապես վիճաբանել են, միմյանց քաշքշել, բայց ինքը սաստել է նրանց, բարիշեցրել եւ ուղարկել դասի»:
Իսկ վիճաբանողներից մեկը Գագիկ Բեգլարյանի որդի՞ն էր, թաղապետի թիկնապահները միջադեպին մասնակցե՞լ են: Ի պատասխան այս հարցերի` ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի աշխատակիցը նշեց. «Չգիտենք, մենք, այսպես ասած` խողովակի դեր ենք կատարում «Հետքի» եւ Կենտրոնի ոստիկանության միջեւ, եւ ինչ մեզ ասում են, այն էլ փոխանցում ենք»:
«Հետքը» փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ Կենտրոնի թաղապետից: Սակայն Գ. Բեգլարյանի փոխարեն պարզաբանումներ տվեց նրա օգնականը, ում պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ.
«Գագիկ Բեգլարյանի տղան, առավել եւս` Գագիկ Բեգլարյանի թիկնապահները որեւէ առնչություն չունեն 114 դպրոցում տեղի ունեցած քաշքշուկի հետ: Միջադեպի պահին Հրանտը եղել է դպրոցում, սակայն ոչ մի կապ չունի ծեծկռտուքի հետ, որոնց նմանները Երեւանի դպրոցներում, այդ թվում` 114-ում, ցավոք, հազվադեպ չեն… Ի դեպ, նման դպրոցական ծեծկռտուքների մասնակից են դառնում ոչ միայն պաշտոնյաների, այլեւ լրագրողների զավակներ, սակայն, Աստված տա, որ այն ասեկոսեներից, սուտ լուրերից ու կռվի մանրամասներից, որոնք նկարագրվել են «Հայկական ժամանակում», հեռու մնան բոլորի զավակները… Ցավալի է, որ մեր որոշ լրագրողներ պաշտոնյաներից անցել են նրանց զավակներին ու նման սուտ պատմությունների մաս են դարձնում երեխաներին… Ի դեպ, Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, ունի օգնականներ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել