HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Ինչպես նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որոշմամբ սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը. «Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ։ ՍԴ-ի կողմից միջազգային պայմանագրում ՀՀ Սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով հարցի քննարկումը կտեղափոխենք ԱԺ»:

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել էր ևս երկու շատ կարևոր փաստաթղթերի՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ և վկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը և այդ հռչակագրի ստորագրմանը զուգահեռ մնացած առնչվող փաստաթղթերի ստորագրումը, իսկ այնուհետև՝ արդեն 2026 թվականի հունվարի 13-ին, ԱՄՆ պետքարտուղարի և իր կողմից՝ «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ» վերնագրված փաստաթղթի ստորագրումը: «Հիմա արդեն այս միջպետական շրջանակային համաձայնագիրն ավելի է մանրամասնում համաձայնեցված դետալները, ուղղությունները և լիովին համահունչ է նշված երկու փաստաթղթերին։ Եղան որոշակի շահարկումներ այն մասին, որ միջպետական համաձայնագիրը կարող է պարունակել նշած փաստաթղթերին ոչ համահունչ դրույթներ, և ահա, ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրն ամբողջովին ոչ միայն համահունչ է հանրահռչակված, արձանագրված, ամրագրված, ստորագրված սկզբունքներին, այլև՝ բուն շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և՛ օգոստոսի 8-ի, և՛ հունվարի 13-ի փաստաթղթերին»,- նշել է նախարարը։

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԹՐԻՓՓ-ի հիմնադրման գործընթացն ավարտելու համար առջևում դեռևս կա երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը, որոնց ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում։

Անդրադառնալով շրջանակային համաձայնագրին՝ ԱԳ նախարարը նշել է, փաստաթղթի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը և ԱՄՆ-ը նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային փոխադրումների, տրանսպորտային ենթակառուցվածքների, տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել, ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը, կայունությունը, ինչպես նաև ժողովուրդների և պետությունների զարգացումը։ «Սա էլ բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում: Նաև ուզում եմ նշել, որ ամբողջ գործընթացը համահունչ է և իրականացվում է ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ: Այս մասին էլ բազմաթիվ ամրագրումներ և արձանագրումներ կան փաստաթղթում։

Տեխնիկական մանրամասներին անդրադառնալով՝ ասեմ, որ համաձայնագրով ՀՀ-ն և ԱՄՆ-ը հիմնադրում են ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը։ Այս ընկերությունը կկարողանա ՀՀ տարածքի տարբեր գոտիներում առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ, ներգրավել այլ գործընկերներ։

ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այդ իրավունքը կգործի նախնական 49 տարի։ Այս ժամկետում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ. ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, իսկ ՀՀ-ին՝ 26 տոկոսը։ Այս նախնական ժամկետի լրանալուց հետո հնարավորություն կլինի կողմերի համաձայնությամբ երկարացնել համագործակցության ժամկետը ևս 50 տարով, և երկարացման պարագայում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը։ Այսինքն՝ 26 տոկոսից ՀՀ բաժնեմասը կհասնի մինչև 49 տոկոսի։ Ժամկետի երկարացման պարագայում 49 տոկոս բաժնեմաս ստանալու համար՝ ՀՀ որևէ այլ լրացուցիչ քայլ, ներդրում, պարտավորություն չի ստանձնում անելու։

Կրկին վերադառնալով նախորդիվ ասածիս՝ ուզում եմ նշել, որ ՀՀ կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, ինչպես նաև ՀՀ տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Ըստ նախարարի՝ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համահունչ, կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝

ա. անվտանգություն և իրավապահ գործունեություն
բ. սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն
գ. մաքսային և միգրացիոն վերահսկողություն
դ. հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե
ե. պետական տեղեկատվական համակարգեր
զ. պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։

«Թվարկածս ամբողջությամբ ծածկում է և կարող է փարատել բոլոր մտահոգությունները, որոնք, անկեղծորեն, կարող էին առաջանալ բազմաթիվ քննարկումների ընթացքում Հայաստանի հանրության շրջանում, ինչպես նաև այն չարամիտ շահարկումները, որոնց մենք ականատես ենք եղել առնվազն վերջին ամիսների ընթացքում։

Հավելեմ նաև, որ այս գործառույթների իրականացման համար կարող է սահմանվել front office/back office սկզբունքով աշխատանքի բաժանում։ Front office-ի համար կարող են ներգրավվել մասնավոր օպերատորներ։ Սա մի պրակտիկա է, որն ՀՀ-ում արդեն կա»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով ստեղծվելիք «ԹՐԻՓՓ պլյուս» ամերիկյան ընկերությանը՝ ԱԳ նախարարը նշել է, ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադրումը նախատեսված է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրով. «Այստեղ նախատեսված է, որ կստեղծվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն։ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադիրները տեխնիկապես կլինեն ՀՀ կառավարությունը և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ» կոչվող ընկերությունը, որը կհիմնադրվի ԱՄՆ-ում։ Սա պայմանավորված է Միացյալ նահանգների իրավական կարգավորումներով, իրենց կառավարությանը վերապահված լիազորություններով կամ սահմանափակումներով։ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ» կոչվող ընկերության միջոցով, ինչպես նաև այս ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակով, ստեղծվում է ամերիկյան ներդրումային ընկերություն, որի անունը «ԹՐԻՓՓ պլյուս» է։ Իրավական առումով սա մեր ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ միջնորդավորված և անուղղակի կապ ունի։ «ԹՐԻՓՓ պլյուս» կոչվող ամերիկյան ներդրումային ընկերության ղեկավարը նշանակված անձ է, և այս հիմնադրում արված է։ Այն, ինչ մեր մամուլում երեկ և այսօր գրվել է, վերաբերում է հենց «ԹՐԻՓՓ պլյուս» ներդրումային ընկերությանը։ Սա Հայաստանի տարածքում հիմնադրվելիք ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ անուղղակի կապ ունի»»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter