HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ քաղաքացուն զգուշացում՝ Ձեր ավտոմեքենայի հափշտակությունը քրեական վարույթով կարող է «օրինականացվել»

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն իր մասնագիտական պրակտիկայից բացահայտում է մի արատավոր, համակարգային բնույթ կրող երևույթ, որի զոհը վաղը կարող է դառնալ յուրաքանչյուր ավտոսեփականատեր: Գործնականում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացուց ապօրինաբար հափշտակված մեքենան իրավապահների ձեռքով «օրինական կերպով» թողնվում է իրավախախտի տիրապետման տակ՝ տուժողին թողնելով անպաշտպան ու կանգնեցնելով ֆինանսական կորուստների ռիսկի առաջ:

Ստորև ներկայացնում ենք փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հանցագործության մասին հաղորդումը՝ ուղղված Գլխավոր դատախազին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին և Քննչական կոմիտեի նախագահին, ինչպես նաև կարևոր զգուշացումը՝ ՀՀ քաղաքացիներին.  

Իրավապահ համակարգի ղեկավարության ու ավտոմեքենայի սեփականատեր քաղաքացիների ուշադրությունն եմ հրավիրում իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթների շրջանակներում սեփականատիրոջ իրավունքների ոտնահարման արատավոր երևույթի վրա, որի զոհը կարող է հանդիսանալ յուրաքանչյուրս:

Տվյալ դեպքում խոսքը, որպես տուժողների ներկայացուցիչ իմ մասնակցությամբ, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում «քննվող» թիվ 13-0433-24 քրեական վարույթով և ՀՀ ՔԿ ԵՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «քննվող» թիվ 62229325 քրեական վարույթով, այսինքն՝ համակարգային բնույթ կրող նույնական ապօրինության մասին է:

Նշված 2 վարույթներով էլ, ենթադրյալ հանցագործությունը կատարած, քննությանը հայտնի անձանց  պատասխանատվության ենթարկելու փոխարեն, քննիչների և հսկող դատախազների կողմից ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող և քրեական վարույթներով տուժող ճանաչված անձանց սեփականատիրական և դատավարական իրավունքների շարունակական խախտում է տեղի ունենում:

Երկու դեպքերում էլ, քննությանը հայտնի անձինք ապօրինի/առանց օրենքով սահմանված որևէ հիմքի/ տիրապետելով  տուժողներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաները՝ հրաժարվում են ավտոմեքենաները վերադարձնել սեփականատերերին անհիմն հայտարարելով, որ, իբր՝ իրենք են հանդիսանում ավտոմեքենաների սեփականատեր և իրենց այդ անհիմն հայտարարության հիման վրա քննիչի և հսկող դատախազի գիտությամբ և գործուն աջակցությամբ շարունակում են առանց ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրի, ապօրինի տիրապետել և շահագործել առավել վտանգի աղբյուր հանդիսացող ավտոմեքենաները, թույլ են տալիս իրավախախտումներ, որոնց հասցեատերը բնականաբար ավտոմեքենաների սեփականատերերն են, մի դեպքով էլ ավտոմեքենան ՃՏՊ-ի մասնակից է դարձել և արդեն 8-րդ ամիսն է գտնվում է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակում:

Ընդ որում, այդ ավտոմեքենաների ապօրինի շահագորման արդյունքում տուժողներին տարաբնույթ վնասներ են պատճառվում և կարող են պատճառվել ինչպես՝ ավտոմեքենաների շահագործումից առաջացող մաշվածության, տնօրինչական իրավունքներն իրականացնելուն խոչընդոտելու իմաստով, այնպես էլ՝ իրավախախտումների որոշումներով սահմանված տուգանքների, բալերի հանման իմաստով, ավելին՝ հնարավոր ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենաների սեփականատերերը համապարտ պատասխանատվության են ենթակա այլ անձանց գույքին, առողջությանը կամ կյանքին պատճառվելիք հնարավոր վնասների հատուցման հարցում, այն էլ՝ ԱՊՊԱ-ի բացակայության պայմաններում և այդ ամենը ներկայացված է քննիչներին ու հսկող դատախազներին:

Իսկ քննիչներն ու հսկող դատախազները ոչ միայն չեն կանխում  ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածով /Ինքնիրավչությունը/ սահմանված հանցագործությունն ու տուժողների իրավունքների շարունակական բնույթ կրող խախտումները, առերևույթ ինքնիրավչության վարքագիծ դրսևորող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկում, այլ ճիշտ հակառակը՝ երկու քրեական վարույթով էլ ավտոմեքենաներն իրեղեն ապացույց ճանաչվելուց հետո, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 5-րդ մասի 1/-ին կետի իմպերատիվ պահանջի խախտմամբ, իրեղեն ապացույց ճանաչված ավտոմեքենաները ոչ թե՝ օրինական տիրապետող հանդիսացող տուժողներին են վերադարձրել կամ՝ նրանց պահպանությանը հանձնել, այլ՝ ապօրինաբար հանձնել են ավտոմեքենաներն ապօրինի տիրապետողներին և այդպիսով «օրինականացրել են ապօրինությունն» այն իմաստով, որ եթե մինչ այդ՝ վերջիններս առերևույթ ապօրինի էին տիրապետում ավտոմեքենաները, ապա՝ դրանից հետո, թեև քննիչի ապօրինի որոշման հիման վրա, այնուամենայիվ, արդեն՝  ինչ-որ փաստաթղթի հիման վրա են շարունակում իրենց առերևույթ հանցավոր վարքագիծը:

Ավելին, դրանից հետո էլ, քննիչներն ու հսկող դատախազներն «իրենց առաքելությունը համարելով իրականացված» արդեն՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական վարույթը կարճելու որոշումներ են կայացնում հիմքում դնելով այն անհեթեթ դատողությունը, որ, իբր, «չեն կարողացել պարզել, թե ով է հանդիսանում ավտոմեքենայի սեփականատեր» և դա այն դեպքում, երբ քրեական վարույթները նախաձեռնվել և ավտոմեքենաների սեփականատերը տուժող են ճանաչել հենց՝ ավտոմեքենաների նկատմամբ ներկայացված իրավահաստատող փաստաթղթի հիման վրա: Հակառակ դեպքում՝ ո՛չ քրեական վարույթ կնախաձեռնվեր, ո՛չ էլ՝ վերջիններս տուժող կճանաչվեին:

Ընդ որում, թիվ 13-0433-24 քրեական վարույթով նախկին հսկող դատախազն իր 13.12.2024թ. որոշմամբ, բավարարելով իմ բողոքը, հաստատել է քննիչի անգործության փաստը և անգործությունը վերացնելու ցուցում տվել, սակայն անգործությունը շարունակվել է առ այսօր:

Հետագայում վերադաս դատախազի նախ՝ 08.12.2025թ. որոշմամբ վերացվել է քրեական վարույթը կարճելու մասին քննիչ Ա.Դավթյանի 31.10.2025թ. ապօրինի որոշումը:

Դրանից հետո նույն ապօրինի հիմքով նույն քննիչը, խիստ կասկածահարույց հանգամանքներում 30.03.2026թ. կրկին որոշում է կայացրել քրեական վարույթը կարճելու մասին և այդ որոշումը հսկող դատախազի հաստատմամբ ինձ է ուղարկել 21.05.2026թ., որի դեմ կրկին բողոք եմ ներկայացրել վերադաս դատախազին ու հերթական անգամ վերադաս դատախազի 23.06.2026թ. որոշմամբ վերացվել է քրեական վարույթը կարճելու մասին քննիչ Դավթյանի 30.03.2026թ. որոշումը:

       Այսինքն՝ վերադաս դատախազի 08.12.2025թ. և 23.06.2026թ. որոշումների լույսի ներքո՝ քննիչ Ա.Դավթյանի կողմից քրեական վարույթը կարճելու մասին ապօրինի որոշում կայացնելու և հսկող դատախազ Հր.Ասատրյանի կողմից այն հաստատելու հարցում գործ ունենք ռեցեդիվի (արատավոր երևույթի կրկնության) հետ, սակայն նույն քննիչն ու հսկող դատախազը շարունակում են պաշտոնավարել, նոր դասային աստիճան ստանալ, հանցագործության արդյունքում շարունակաբար վնաս կրող տուժողի իրավունքները մնում են ոտնահարված, իսկ ավտոմեքենաները շահագործվում են ապօրինի տիրապետողի կողմից:

Այդպիսով, նշված 2 քրեական վարույթներով քննիչներն ու հսկող դատախազներն ապօրինաբար նախ՝ կասկածի տակ են դնում ավտոմեքենաների նկատմամբ տուժողների սեփականության իրավունքը: Բացի այդ, միևնույն ապօրինության շրջանակներում նաև՝ «արջի ծառայություն» են մատուցում ավտոմեքենաների ապօրինի տիրապետողներին՝ վերջիններիս «տալով» որպես՝ «ավտոմեքենաների փաստացի տիրապետողի» հնարածին կարգավիճակ, չգիտակցելով, որ՝ իրավաբանորեն ավտոմեքենայի կամ՝ օրինական տիրապետող է լինում, կամ՝ ապօրինի տիրապետող, իսկ «փաստացի տիրապետող»-ն իրավասու չէ առանց ավտոմեքենայի սեփականատիրոջ համաձայնության առավել վտանգի աղբյուր հանդիսացող ավտոմեքենան տիրապետել և շահագործել:

Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ոչ թե՝ ենթադրյալ հանցանքի մասին է, այլ՝ Ինքնիրավչության գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արձանագրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ շահագրգիռ անձի կողմից իրավապահ մարմիններին համապատասխան հաղորդում ներկայացնելու պահից ավարտված հանցագործության մասին, քանի որ՝ ինքնիրավչության հանցակազմը նյութական է, այսինքն` հանցագործությունն ավարտված է համարվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքում: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի իմաստով էական վնասի (խոշոր չափ) դրամական արտահայտությանն, ապա այն սահմանված է 500.001-5.000.000 ՀՀ դրամ:

Թիվ 13-0433-24 քրեական վարույթով խոսքը տուժողին սեփականության իրավունքով պատկանող «LEXUS LX 570» մակնիշի և «RANGE ROVER VOGUE» մակնիշի ավտոմեքենաների մասին է, որոնց ընդհանուր շուկայական արժեքը շուրջ 60.000.000 ՀՀ դրամ է կազմում:

Իսկ թիվ 62229325 քրեական վարույթով խոսքը տուժողին սեփականության իրավունքով պատկանող «Կիա Ռիո 1.6» և «Նիսսան Տիդա 1.5» մակնիշի ավտոմեքենաների մասին է, որոնց արժեքը կազմում է ավելի քան 5.000.000 ՀՀ դրամ:

 Այսինքն, առնվազն այս 2 քրեական վարույթներով քննիչների ու հսկող դատախազների «համառ ջանասիրությունն» նպատակաուղղված է ոչ թե՝ առերևույթ հանցագործության բացահայտմանն, այլ՝ հանցագործության կոծկմանը:

Եվ եթե 2 օրինակներով ներկայացված նույնական արատավոր երևույթը համակարգային բնույթ չի կրում, այլ՝ տվյալ վարույթներով ի վնաս տուժողների առկա է հովանավորչություն, ապա՝ հասցեատեր պաշտոնատար անձանց խնդրում եմ վերոգրյալը դիտել որպես հանցագործության մասին հաղորդում և օրինական ընթացք տալ:

Իսկ ավտոմեքենայի սեփականատեր քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս հնարավորինս խուսափել Ձեր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան այլ անձի տրամադրելուց, իսկ տրամադրելու դեպքում՝ նկատի ունենալ, որ առերևույթ հանցագործության դեպքում Ձեր իրավունքների պաշտպանությունը երաշխավորված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter