Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. ՔԿ-ում սպասում են վարույթի վաղեմության ժամկետը լրանալուն
Կարո Բաղդասարյանը Կարբի համայնքի ղեկավար է ընտրվել 2012թ․-ի սեպտեմբերին։ Չնայած օրենսդրական արգելքին, համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում՝ 2014թ․ փետրվարին, հիմնել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն եւ սկսել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։
Շինարարական գործունեություն իրականացնող այս ընկերության 50% բաժնեմասը պատկանում է հենց նրան, 40%-ը՝ հորեղբորորդու՝ ներկայում Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանի կնոջը՝ Մերի Խաչատրյանին, 10 %-ն էլ՝ իր եղբորը՝ Վահե Բաղդասարյանին։
«ՏԻՄ մասին» օրենքով ձեռնարկատիրական գործունեությունն անհամատեղելի է համայնքի ղեկավարի պաշտոնի հետ և պաշտոնավարումը վաղաժամ դադարեցնելու հիմք է։ Սակայն ՀՀԿ-ական համայնքապետը ևս մեկ անգամ վերընտրվել է և պաշտոնավարել մինչև 2021թ․-ը, մինչև Կարբին Աշտարակ խոշորացված համայնքում ներառելը։
Կարո Բաղդասարյանի ընտանիքին է պատկանում նաև «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտին։ Կարբի ձորում, Քասախ գետի ափին գտնվող մեծածավալ ենթակառուցվածքներով բացօթյա այս համալիրը Կ․ Բաղդասարյանը նույնպես 2014թ․-ին է ձեռք բերել (հանգստի գոտին պետական ռեգիստրում գրանցվել է 2019թ․ մայիսին)։ Պաշտոնապես ընկերության 100 % բաժնետերն ու գործադիր տնօրենը մյուս եղբայրն է՝ Արթուր Բաղդասարյանը։ Այնուհետև «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտին ընդլայնելու նպատակով շարունակել է հողեր ձեռք բերել և՛ մասնավորից, և՛ համայնքից։
Կարո Բաղդասարյանը 2013թ․ դեկտեմբերին, երբ Կարբի համայնքի ղեկավարն էր, աճուրդ–վաճառքով Քասախ գետի ափից 7235 քմ հողամաս է վաճառել իր աներձագին՝ Էդգար Հայրապետյանին։ Հողամասը «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու շարունակությունն է։ 2014թ․ սեպտեմբերին Էդգար Հայրապետյանը 7235 քմ հողամասը բաժանել է երեք մասի և նույն ամսին 1876 քմ-ը վաճառել է համայնքի ղեկավարի հարազատ եղբորը՝ Վահե Բաղդասարյանին և հորեղբոր որդուն՝ Արա Բաղդասարյանին։ Մյուս՝ 1847 քմ և 3513 քմ մակերեսով հողակտորները, 2015թ․ հունվարին վաճառել է Կարո Բաղդասարյանի մտերիմին՝ Արման Ահարոնյանին։ Վերջինս այդ ժամանակ Կարո Բաղդասարյանի ընկերության՝ «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենն է եղել։
«Ավանգարդ Կարբի» համալիրի շարունակությամբ գտնվող հողամասը Կարբի համայնքի նախկին ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանը 2010թ․-ին աճուրդով վաճառել էր եղբորը՝ Աղվան Նազարեթյանին և Կարբի գյուղի բնակիչ Գևորգ Եսայանին։
Եսայան եղբայրներից Օնիկ Եսայանը մեզ պատմեց, որ 2014թ․-ին ցանկացել են տարածքը ցանկապատել և աշխատանքներ կատարել։ «Պարզվեց, որ տարածքը մերը չէ, մերը տեղափոխվել է ժայռի վրա։ Եղբայրս փորձել է պարզաբանում ստանալ Կարո Բաղդասարյանից։ Նա ասել է՝ հողամասը մերն է, դուք ինչ գիտեք՝ գնացեք արեք»,- ասում է Օնիկը։
Հողի սեփականատեր Գևորգ Եսայանը 2014թ․-ի դեկտեմբերին դիմել է դատախազություն, հայտնել է, որ 2010թ․ սեպտեմբերի 18-ին Կարբիի համայնքապետարանից աճուրդով 5,5 հա հողատարածք է գնել։ Քասախ գետի աջ ափին գտնվող իր հողամասը 2014թ․-ին ցանկապատելու ընթացքում պարզել է, որ հողատարածքի կոորդինատները չեն համապատասխանում 2010թ․-ին գնած հողատարածքի տվյալներին։ Իր հողամասի հատակագծով հողատարածքի չափերը ձգվել են Քասախ գետի ափից մինչև դիմացի ժայռերը։ Այժմ, հողատարածքի չափերը պահպանելով, իրեն հետ են մղել դեպի ժայռերը։
Մինչև գնելը այդ հողատարածքն իր հայրը 25 տարով վարձակալել էր համայնքապետարանից։ Վարձակալելուց 8 տարի անց որոշում են գնել հողամասը։ Վարձակալության պայմանագիրը լուծելուց հետո Կարբի համայնքի այդ տարիների ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանը աճուրդ-վաճառք է կազմակերպել։ Հողամասը կիսվել է երկու հավասար հողաբաժինների՝ 2․525 հա մակերեսով, և դրանք գնել են Գևորգ Եսայանն ու համայնքապետի եղբայր Աղվան Նազարեթյանը։ Դրանից երկու տարի հետո Ա․ Նազարեթյանը 512 հազար դրամով գնած հողատարածքը 65 000 դոլարով վաճառել է Գևորգ Եսայանին։
«Մենք 70 հազար դոլար վարկ էինք վերցրել ա՛յդ հողը գնելու համար և ոչ թե ժայռը։ Արդեն չէինք էլ կարող վարկից հրաժարվել, որովհետև մեր անշարժ գույքերը բանկում գրավադրել էինք։ Գումարը պետք է վճարեինք, որ մեր գույքը չկորցնեինք։ Ստացվում է, որ երկար տարիներ վարկ էինք մարում մի գույքի համար, որն ասում են՝ ձերը չէ»,– ասում է Օնիկ Եսայանը։
10 տարի ձգվող իրավական քաշքշուկ
Արագածոտնի մարզի քննչական վարչությունում 2015թ․ փետրվարին քրեական գործ է հարուցվել Գևորգ Եսայանի դիմումի հիման վրա։ Երկու ամիս հետո գործը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Հսկող դատախազը գործը կարճելու որոշումը վերացրել է, և քննությունը հանձնարարվել է մարզային քննչական վարչության մեկ այլ քննիչի։ 2015թ․ նոյեմբերին քննիչ Ա․ Խլղաթյանի որոշումով քրեական գործի քննությունը կրկին կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայութան հիմքով։
Դատախազն այլևս չի բավարարել սեփականատիրոջ՝ գործն անհիմն կարճելու մասին բողոքը, և Գ․ Եսայանի ներկայացուցիչները 2015թ․-ին քննիչի որոշումը և դատախազին ներկայացված բողոքը մերժելու որոշումները բողոքարկել են Արագածոտնի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը նույնպես մերժել է բողոքը։ Հանցակազմի պատճառով քրեական գործի վարույթը կարճելու քննչի և դատախազի որոշումների բողոքարկումը տևել է մեկ տարի՝ մինչև 2016թ․ ապրիլ։
Գ․ Եսայանի ներկայացուցիչները դատարանի մերժման որոշումը բողոքարկել են Վերաքննիչ քրեական դատարան։ Վերաքննիչ դատարանը 2016թ․ օգոստոսին բավարարել է բողոքը, բեկանել է Արագածոտնի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Գևորգ Եսայանի խախտված իրավունքներն ու ազատությունները։
Գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ բեկանվելուց հետո քրեական գործի քննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։ «Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ այս պահին առկա չէ»,- հուլիսի 7-ի մեր գրավոր հարցմանը պատասխանել է Գլխավոր դատախազությունը։
Դատախազությունը չի պատասխանել մեր հարցերին, թե
- Ե՞րբ է կայացվել սույն գործով նոր քննություն իրականացնելու որոշումը։
- Քննչական ի՞նչ գործողություններ են իրականացվել այս տարիներին։
- Քրեական գործով տուժող և մեղադրյալ ճանաչված անձինք կա՞ն։
Ընդգծենք՝ դատախազությունը պատասխանում նշել է, որ այս պահին մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Իրականում, նախաքննությանը շատ քիչ ժամանակ է մնացել, և քանի որ 10 տարի նախաքննության մեջ գտնվող գործով Քննչական կոմիտեն ոչ մի անգամ դիմումատուին չի հրավիրել քննչական գործողության, չի տեղեկացրել գործը վարույթ ընդունած քննիչի և քննության ընթացքի մասին, մեզ նույնպես հրաժարվում է հայտնել այդ տեղեկությունը՝ թե այս տարիներին քննչական ինչ գործողություններ են իրականացվել, ուրեմն ճիշտ է Օնիկ Եսայանը, երբ ասում է, որ ՔԿ-ում սպասում են վաղեմության ժամկետը լրանա ու կարճեն գործը։
Ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս է Քասախ գետի և Եսայանի հողատարածքի արանքում առաջացել 7235 քմ հողամասը, ովքե՞ր են դրա հեղինակները
Գևորգ Եսայանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը Վերաքննիչ դատարանին ներկայացված բողոքում հայտնել է, որ Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանն, առանց օրինական հիմքի, Գևորգ Եսայանին պատկանող հողատարածքի չափերը պահպանելով՝ նրան հետ է մղել դեպի ժայռերը։ Դրա հետևանքով նրան պատկանող 5,5 հա հողատարածքը տեղաշարժվել է, որի արդյունքում Քասախ գետի ափի և իր հողամասի մեջտեղում առաջացել է մեկ այլ հողատարածք։ Այդ հողատարածքի սեփականատեր է դարձել նրա աներձագը՝ Էդգար Հայրապետյանը։
Վերաքննիչ բողոքի հեղինակները նշել են, որ քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ 2010թ․-ից մինչև 2012թ․-ը այդ տարածքում 7235 քմ հողատարածք է եղել։ Պաշտոնական ոչ մի քարտեզում այդպիսի հողատարածքի մասին նշում չկա։ Նախաքննական մարմինն առանց պարզելու, թե ինչ հանգամանքներում և ինչպես է Քասախ գետի և Եսայանի հողատարածքի արանքում առաջացել 7235 քմ հողամասը, ովքեր էին դրա հեղինակները, կարճել է քրեական գործի վարույթը։
Պաշտպանը փաստարկներով հիմնավորել է, որ 7235 քմ հողատարածքն ի հայտ է եկել Կարո Բաղդասարյանի համայնքապետ ընտրվելուց հետո։ Համայնքապետը 2013թ․ նոյեմբերի 7-ին չափագրում է կատարել, կեղծիքների միջոցով Գ․ Եսայանին պատկանող հողամասի և Քասախ գետի միջնամասում քարտեզի վրա 7235 քմ հողատարածք է ավելացրել։
«Քարտեզների ուսումնասիրությունից երևում է, որ Քասախ գետում առկա է կղզի, որը ներառված է եղել Եսայանին պատկանող հողատարածքում, և հողամասը մի մասով համադրվել է գետի հետ։ Համայնքապետը Քասախ գետի ափը ապօրինի սեփականաշնորհելուց որոշ ժամանակ անց հողի լիցք կատարելով՝ վերացրել է կղզին։ Այնուհետև վերացրել է գետի սանիտարական գոտին և իր բիզնեսն ընդլայնելու համար բռնազավթել է Եսայանին պատկանող հողատարածքը»,– հայտնել է փաստաբանը։
Բողոքում նշել են, որ կադաստրային գործում 7235 քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակ չի հայտնաբերվել, ընդ որում՝ էլեկտրոնային վկայականն էլ համարակալված չէ։
Այսինքն, կադաստրային քարտեզով 7235 քմ հողամասն առկա է, սակայն օբյեկտիվ իրականության մեջ հողամասն առաջացել է Գևորգ Եսայանի հողամասի հաշվին։ Այդ մասին նշված է քրեական գործով նշանակված փորձաքննությունն իրականացնող փորձագետի եզրակացության մեջ։ «2010–13թթ․ գործող կադաստրային քարտեզում 7235 քմ մակերեսով հողատարածք, որպես միասնական գույքային միավոր գոյություն չի ունեցել, սակայն 2013թ․-ին գործող կադաստրային քարտեզում գետի հունը պայմանականորեն նեղացնելու, կղզու և նրան հարող գետի մասի վերանալու արդյունքում Եսայանի հողամասի և Քասախ գետի միջև կադաստրային քարտեզում առաջացել է 7235 քմ մակերեսով հողամաս»,- հայտնել է փորձագետը։
Գևորգ Եսայանի փաստաբանները նախաքննական մարմնին հարցադրումներ են առաջադրել՝
- «Կարբիի ձոր» կոչվող տարածքում Գ․ Եսայանի սեփական հողամասին անմիջապես հարակից և Քասախ գետի աջ ափի միջև 2010թ․ դրությամբ մինչև Իշխան Եսայանի վարձակալության պայմանագիրը լուծելը չհաշվառված հողատարածք եղե՞լ է, թե՞ ոչ։ Եթե՝ ոչ, ապա հետագայում ինչպես է այն առաջացել։ Եթե՝ այո, ապա որքա՞ն են եղել այդ հողամասի չափերը՝ ինչ լայնությամբ և երկարությամբ։
- Ինչպե՞ս է ստացվել, որ 2010թ․-ին կադաստրային քարտեզով Գ․ Եսայանին պատկանող հողատարածքը համադրվել է Քասախ գետի ափի հետ, իսկ 2013թ․-ին Կարբիի համայնքապետ Կարո Բաղդասարյանի կողմից Քասախ գետի ափից 7235 քմ հողամաս իր մերձավորներին սեփականաշնորհելուց հետո Եսայանը զրկվել է գետի հետ համադրվող հողատարածքից։
- Կադաստարային քարտեզում երևացող կղզին ինչ հանգամանքներում է համայնքապետ Կարո Բաղդասարյանի կողմից վերացվել, ինչ շարժառիթներով և այլն։
Փաստաբանը նշել է, որ չի պարզվել նաև այն հանգամանքը, թե ինչպես է 2010թ․-ին ժայռերին մոտ հատվածում Գ․ Եսայանն այլ սեփականատիրոջից 1 քմ հողը ձեռք բերել 2,6 դոլարով, իսկ գետի ափը Կարբիի համայնքապետի մերձավորները 6 դրամով են գնել և դարձրել հանգստի գոտի։
Փաստաբան Լ․ Հովհաննիսյանը բողոքում նշել է, որ քննիչը 13․11․2015թ․-ին քրեական գործի վարույթը կարճել է՝ ավելի քան 8 հարցի պատասխան չունենալով։ Միայն երկու հարցի պատասխան են ունեցել, որ Գ․ Եսայանին պատկանող հողը 2010թ․-ին Քասախ գետի ափից ունեցել է 2-3 մ հեռավորություն, իսկ 2015թ․ քարտեզով՝ 3-15 մետր։ «Կարբի գյուղի բնակիչները կարող են փաստել, որ իրականում այդ վայրում գետի հունը չի նեղացել, բացառությամբ կղզու հատվածից, որտեղ հողի լիցք է կատարել համայնքի ղեկավարը։ Իրականում գետի հունից պակասեցրած՝ նեղացրած հատվածում»,- հայտնել են նրանք։
Վերաքննիչ դատարանը որոշման մեջ նշում է, որ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը վերաքննիչ դատարան է ներկայացրել Կարբի համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման 2010-14թթ․-ի հաշվեկշռի վերաբերյալ Կարբի համայնքի ղեկավարի հաստատած հաշվետվությունների պատճենները։ Դրանք վկայում են այն մասին, որ Քասախ գետի չափերը տվյալ հատվածում որևէ փոփոխության չեն ենթարկվել։
Քննիչը, հետագայում՝ նաև դատարանը միջոցներ չեն ձեռնարկել՝ պարզելու, թե ինչու տեղանքի էլեկտրոնային քարտեզները կադաստրից չեն պահանջել։
Քրեական գործի քննությանը զուգընթաց Գևորգ Եսայանը 2016թ․ հունիսին դիմել է Վարչական դատարան ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել 2013թ․-ին 7235 քմ հողամասը Կարբի համայնքի անվամբ կատարված գրանցումը, որպես հետևանք անվավեր ճանաչել Կարբի համայնքի և Էդգար Հայրապետյանի միջև կնքված աճուրդ-վաճառքի պայմանագիրը։ Այնուհետև՝ 2014թ․ սեպտեմբերին 7235 քմ հողամասը համայնքի ղեկավարի հարազատներին վաճառելու պետական գրանցումները։ Եվս տասը տարի վարչական գործի քննությունն է տևել, 2025թ․ նոյեմբերին կայացրած որոշումով Վարչական վերաքննիչ դատարանը մերժել է հայցվորի պահանջը, Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել