HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ գիտնականի համահեղինակությամբ կարևորագույն հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում. չափվել է տարածաժամանակի հարուցման էֆեկտը

Հեղինակավոր Nature գիտական ամսագրի հիմնական համարում հրապարակվել է «LARES-2 satellite measures frame-dragging effect around the Earth» («LARES-2 արբանյակը չափում է Երկրի շուրջ տարածաժամանակի հարուցման էֆեկտը») խորագրով հոդվածը։ Ուսումնասիրությունն իրականացվել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի մասնակցությամբ. հոդվածի համահեղինակների թվում է կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱԱԳԼ Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնը ներգրավված է Իտալական տիեզերական գործակալության (ASI) և Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) ու մի շարք առաջատար գիտական կենտրոնների համագործակցությամբ իրականացվող LARES արբանյակային ծրագրում։ Այս առաքելության շրջանակում LARES-2 արբանյակը տիեզերք է արձակվել 2022 թվականին։

Հոդվածում ներկայացված են LARES-2, ինչպես նաև LAGEOS և GRACE արբանյակների տվյալների վերլուծության արդյունքները, որոնց հիման վրա գիտնականներին հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակի հարուցման (frame-dragging) երևույթը։

Այս երևույթը կանխատեսվել է Ալբերտ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությամբ և նկարագրում է, թե ինչպես է զանգվածեղ մարմինը (տվյալ դեպքում՝ Երկիրը) պտտվելիս իր հետ «քաշում» ու ձևափոխում իր շուրջը գտնվող տարածաժամանակային ցանցի կառուցվածքը։

Հետազոտության արդյունքները հաստատում են հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումները Երկրի մերձակայքում՝ նախորդ չափումների համեմատ ապահովելով մոտ 10 անգամ ավելի մեծ ճշգրտություն։ Բացի հիմնարար ֆիզիկայի ոլորտում ունեցած նշանակությունից, այս աշխատանքն ունի կարևոր կիրառական արժեք նաև Երկրի գրավիտացիոն դաշտի և մակընթացային երևույթների առավել ճշգրիտ մոդելավորման համար։

Գիտական ձեռքբերումն արժանացել է միջազգային հեղինակավոր և գիտահանրամատչելի մամուլի լայն ուշադրությանը։

Scientific American հանդեսն անդրադարձել է թեմային «The Earth is dragging spacetime around its orbit, just as Einstein predicted» վերնագրով հոդվածով՝ ներկայացնելով LARES-2 առաքելության միջոցով իրականացված չափումները որպես տվյալ երևույթի՝ մինչ օրս արված ամենաճշգրիտ արդյունքներից մեկը։

Հետազոտությանը ծավալուն անդրադարձ են կատարել նաև Ars Technica գիտատեխնիկական հարթակը, իտալական Rai Radio 3 և MeteoWeb լրատվականները, ՌԴ ТАСС լրատվական գործակալությունը և միջազգային այլ առաջատար լրատվամիջոցներ:

Լուսանկարում՝ LARES գիտական թիմը՝ արբանյակի արձակումից անմիջապես հետո։ Ձախից աջ՝ Մացներ, Գուրզադյան, Չուֆոլինի, Պաոլոցցի (Matzner, Gurzadyan, Ciufolini, Paolozzi)։ Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերակայան, Կուրու (Ֆրանսիական Գվիանա), 2022 թ.։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter