ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Կիբեռհանցագործները Telcell Wallet-ի անունից թալանում են քաղաքացիներին
Հայաստանում արձանագրվում են համակարգչային հափշտակության նոր և վտանգավոր դեպքեր։ Խարդախները, օգտագործելով քաղաքացիների վստահությունը, կեղծ գովազդների միջոցով հասանելիություն են ստանում նրանց ֆինանսական միջոցներին։
Այս մասին պաշտոնական հայտարարությամբ ահազանգում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը:
Ինչպե՞ս է գործում խարդախության սխեման
–Կեղծ գովազդներ սոցցանցերում. Facebook և Instagram հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են գրավիչ գովազդներ, որոնք քաղաքացիներին խոստանում են մեկ ամիս անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից։
–Կեղծ հղումներ և կոդի պահանջ. Գովազդի հղումով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել իրենց հեռախոսահամարին ստացված SMS հաստատման կոդը։
–Գումարների հափշտակում. Հենց քաղաքացին տրամադրում է կոդը, հանցագործները լիարժեք հասանելիություն են ստանում նրա «Telcell Wallet» հաշվին։ Արդյունքում՝ նրանք գողանում են ինչպես դրամապանակում եղած գումարը, այնպես էլ դրան կցված բանկային քարտերի ֆինանսական միջոցները։
Ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և հետևել անվտանգության այս կանոններին.
–Մի՛ անցեք սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից:
–Երբեք և ոչ մեկին մի՛ տրամադրեք SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ անձնական տվյալներ:
–«Telcell Wallet»-ի հետ կապված ցանկացած գործողություն կատարեք միայն պաշտոնական հավելվածի միջոցով:
Հիշե՛ք. Խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայություններ կամ ակցիաներ՝ ձեզ մոլորեցնելու և ձեր գումարներին տիրանալու համար: Եղե՛ք իրազեկ և պաշտպանված:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել