HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուս գործարարներն ուզում են Արմանիսում նոր տարածքներ ուսումնասիրել. ի՞նչ ռիսկեր են տեսնում փորձագետները

«Սագամար» ՓԲԸ-ն 2026 - 2029թթ. -ին ցանկանում է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերում:

«Սագամար» ՓԲԸ-ն, հիշեցնենք, ընդերքօգտագործման իրավունք ունի Արմանիսի ոսկի-բազմամետաղների հանքավայրի համար, սակայն արդեն 10 տարի է` չի շահագործում հանքավայրը:

Ընկերության բաժնետերերը երկու ռուս գործարարներ են` Դմիտրի Կորժևը` 29,66% և Դմիտրի Տրոիցկին` 70,34% մասնաբաժիններով:  

Արմանիսի հանքային դաշտը գտնվում է Ստեփանավան քաղաքից 1.6 կմ արևելք, Արմանիս և Ուրասար բնակավայրերից հարավ: «Սագամար» ՓԲԸ-ն երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցում է Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերը: Հայցվող տեղամասերը ներառված են Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերի վարչական սահմաններում, զբաղեցնում են համապատասխանաբար 894.98 հա և 549.84 հա մակերեսներ: 

Հյուսիսարևմտյան թևի (Ուրասարի կողմ) տեղամասը գտնվում է Արմանիսի ոսկու հանքավայրի բացահանքից և հարստացուցիչ ֆաբրիկայից արևմուտք՝ ձգվելով դեպի Ուրասար բնակավայրի վարչական տարածք։

Հարավարևելյան թևի (Արմանիսի կողմ) տեղամասը գտնվում է բաց հանքից անմիջապես հարավ-արևելք՝ Արմանիս գյուղի հարավային մատույցներում։ 

Տեղամասում շենքեր և շինություններ չեն կառուցվելու: Օգտագործվելու են Արմանիսի հանքավայրի ռեսուրսները: 

Նախագծում նշվում է, որ հայցվող տարածքները գյուղատնտեսական նշանակության հողեր են (արոտավայրեր և խոտհարքեր): Տեղանքի հողային ֆոնդի և լանդշաֆտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դասական առումով խիտ անտառներ այդ տեղամասում չկան, սակայն կան «անտառային հողեր» կատեգորիային մոտ տարածքներ։

Տեղամասի սարահարթային հատվածները, որը մակերեսի հիմնական մասն է (թե՛ Ուրասարի, թե՛ Արմանիսի կողմից) ծածկված են լեռնային տափաստաններով և մարգագետիններով։ Այստեղ, ըստ նախագծի, ծառեր գրեթե չկան, միայն խոտածածկույթ է, որն օգտագործվում է որպես արոտավայր կամ խոտհարք։ Անտառային հողերը Ձորագետի (կամ Չքնաղի) կիրճի զառիթափ լանջերն են։ Լոռու մարզի այս գոտում կիրճերի դժվարամատչելի լանջերը սովորաբար ծածկված են լինում թփուտներով (մասրենի, ալոճենի) և ցածրահասակ ծառերով (կաղնի, բոխի)։ Դրանք կատարում են հողապաշտպան դեր։ Ծրագրվող երկրաբանական ուսումնասիրությունները, որոնք ենթադրում են հողային ծածկույթի խախտում անտառային հողերում կամ անտառտնկման համար նախատեսված վայրերում և գետերի մոտ, չեն իրականացվելու: 

Ինչ վերաբերում է Կարմիր գրքում գրանցված բուսակենդանատեսակներին, ապա դրանք հայցվող տարածքում շատ են: ՇՄԱԳ-ին մասնակցած փորձագետները նշել են, որ նախատեսվող գործունեության արդյունքում 10 120 քմ հողաբուսական շերտի խախտումն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա կենսաբազմազանության վրա։ Բուսականության համար վնասը հիմնականում մեխանիկական է և ֆիզիոլոգիական (փոշի)։ Խախտված տեղամասերում ժամանակավորապես շրջանառությունից հանվելու է մոտ 1 հա հողաբուսական ծածկույթ: Տեխնիկայի աշխատանքից բարձրացած փոշին նստում է հարակից խոտաբույսերի և թփերի տերևների վրա։ Սա խանգարում է լույսի կլանմանը, և բույսերը կչորանան, եթե միջոցառումներ չիրականացվեն: Խախտված հողի վրա առաջինն աճում են ոչ թե արժեքավոր կերաբույսերը, այլ փշերը և մոլախոտերը (օրինակ՝ տատասկափուշ), ինչը նվազեցնում է արոտավայրի արժեքը։ 

Կենդանիների համար ամենամեծ վտանգը ոչ թե ֆիզիկական ոչնչացումն է, այլ բնակավայրի կորուստը և թակարդի էֆեկտը։ 2000 մետր երկարությամբ և 1 մ խորությամբ առուները դառնում են մահացու թակարդներ։ Օձերը, մողեսները, ոզնիները և դաշտամկները, ընկնելով առվի մեջ, չեն կարողանում դուրս գալ ուղղահայաց պատերով։ Արդյունքում նրանք սատկում են սովից, ջրազրկումից կամ գիշատիչների հարձակումից։ Գյուղացիների անասունները (հորթեր, ոչխարներ) նույնպես կարող են ընկնել առվի մեջ և կոտրվածքներ ստանալ։ Հորատման աղմուկը մինչև 100 մ շառավղով և մարդկանց ներկայությունը ստիպում են զգայուն թռչուններին (արծիվներ, անգղեր) լքել կիրճի մոտակա բները։ Եթե դա տեղի ունենա ձվադրման ժամանակ (գարուն), ձագերը կվնասվեն։ Առուների փորման ժամանակ ոչնչացվում են կրծողների (դաշտամկներ, գետնասկյուռներ) բները։ Քանի որ կրծողները գիշատիչ թռչունների և աղվեսների հիմնական կերն են, դա խախտում է սննդային շղթան։

Ըստ այդմ, եզրահանգումն այն է, որ կենդանական աշխարհի համար հիմնական վնասը առուներն են (թակարդներ), իսկ բուսականի համար՝ հողի մեխանիկական հանույթը։ Սակայն ճիշտ կազմակերպման դեպքում (արագ ռեկուլտիվացիա) ազդեցությունը կլինի ժամանակավոր և վերականգնվող։

Հայցվող տարածքը նաև մոտ է Գյուլագարակի արգելավայրին և ջրաշուշանների լճին, սակայն նախագծի հեղինակները վստահեցնում են, որ որևէ աշխատանք այդ տարածքներում չի կատարվելու և որևէ վտանգ բնության հուշարձաններին կամ արգելավայրերին չի սպառնում:

2026 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում, ժամը 14։00-ին՝ Արմանիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում և ժամը 15։30-ին Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերի տեղամասերի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումները:  

Հիշեցնենք` սա նոր տարածքներ ուսումնասիրելու ընկերության առաջին փորձը չէ. 2024թ.-ին ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն էր ներկայացրել Լոռու մարզի Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» հեռանկարային տարածքի երևակումներում երկրաբանական ուսումնասիրության նախագիծը, որը, սակայն, բացասական եզրակացություն էր ստացել:

Լուսանկարում (ձախից)՝ Դմիտրի Տրոիցկի, Դմիտրի Կորժև

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter