HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Խաչատրյանի հրաժարականով ծանրամարտի խնդիրները չեն լուծվում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը երեկ հրաժարական տվեց: sport.news.am-ին նա ասել է. «Օլիմպիական խաղերից առաջ ես ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին խոստացել էի, որ մենք մեդալներ ենք նվաճելու եւ տարբեր կարգի մեդալներ: Ցավոք, ցանկալիին հասնել չհաջողվեց, եւ մենք ունեցանք ընդամենը մեկ բրոնզ: Դե, սպորտ է, եւ երբեմն այսպես էլ է լինում: Եվ քանի որ ես չկարողացա իմ տված խոստումը կատարել, ներկայացրել եմ հրաժարականը պարոն Ծառուկյանին, եւ նա էլ ընդունել է այն»:

Ծանրորդների տապալումից հետո առաջին հայացքից այս հրաժարականը չպետք է անակնկալ թվար, սակայն եթե հիշենք, թե խաղերից հետո ինչպիսի վստահությամբ էր խոսում Խաչատրյանը ու zham.am-ին տված հարցազրույցում օլիմպիական ընտրանու ելույթների մասին ինչ էր ասել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատկերը փոխվում է:

Խաչատրյանը հրավիրած ասուլիսում նշել էր, որ եթե ֆեդերացիայի նիստում պահանջեն իր հրաժարականը, ինքը այդպես էլ կվարվի, սակայն պահանջելու է, որ մատնանշեն իր թերացումները, ինչպիսիք, դատելով իր իսկ խոսքերից, չեն եղել: Ծառուկյանին տրված խոստումը իրականություն չէր դարձել, եւ դա արդեն թերացում էր, ինչը շատ լավ գիտեր նաեւ Խաչատրյանը, ուրեմն էլ ինչ կարիք կար, որ ուրիշները նշեին բացթողումների մասին: Այլ կերպ ասած՝ ոլորտի ղեկավարը իր խոսքերով ու քայլերով հակասել է ինքն իրեն: Իր հերթին Ծառուկյանն ասել էր, որ լոնդոնյան խաղերում 1 արծաթն ու 2 բրոնզը շատ ավելի լավ արդյունք է, քան պեկինյան խաղերի 6 բրոնզը, սակայն ամենամեծ անակնկալին՝ ծանրամարտի թիմի անհաջողությանը, չէր անդրադարձել, կարծես նման բան չէր էլ եղել: Այնինչ հայ մարզասերին առաջին հերթին հենց ծանրորդների՝ մեկը մյուսից վատ ելույթներն էին զայրացրել:

«Արել եմ ամեն բան, ինչ հավաքականների մարզիչներն ու մարզչական խորհուրդը ներկայացրել են ինձ: Դեռ մի բան էլ ավելի: Իսկ եթե որեւէ բան իմ հնարավորություններից վեր է եղել, դիմել եմ պարոն Ծառուկյանին ու նա բոլոր խնդիրները կարգավորել է: Նա անգամ լրացուցիչ մեծ գումարներ է տրամադրել, եւ ես չինաստաններից ու ճապոնիաներից վերականգնիչներ եւ խթանիչներ եմ բերել, որպեսզի մարզիկները նախապատրաստության շրջանում խնդիրներ չունենան: Անհրաժեշտության դեպքում վնասվածքներ ունեցող ծանրորդների բուժումը կազմակերպվել է արտասահմանյան լավագույն կլինիկաների լավագույն բժիշկների մոտ»,- Սամվել Խաչատրյանի այս խոսքերն ըստ էության անկեղծ են ու կասկածի տեղիք չեն տալիս: Վերջին տարիներին մեր ծանրամարտի հավաքականն իսկապես մեծ հաջողությունների է հասել հենց ոլորտի ղեկավարների ուշադրության շնորհիվ, սակայն փաստ է, որ Լոնդոն-2012-ը պարզապես ձախողում էր:

Մարզասերները կհիշեն, թե պատասխանատուներն ինչպիսի ոգեւորությամբ էին խոսում ծանրորդների գալիք հաջողությունների մասին, քննարկվում էր մեդալների քանակը, գույնը: Բայց համադրելով նախաօլիմպիական ոգեւորությունը, խոստումներն ու բուն ելույթները լոնդոնյան հարթակում՝ հանգում ենք մի եզրակացության. խոստումները չէին համապատասխանում իրականությանը: Կարծիք հնչեց, որ մարզչական շտաբը ղեկավարությանը ներկայացրել է բոլորովին այլ պատկեր: Սա շատ մոտ է իրականությանը, եթե հենց իրականություն չէ:

Բերենք Առաքել Միրզոյանի օրինակը, որը 0 ստացավ: Այո, նա մարզումներում բարձրացել է ծանր կիլոգրամներ, ինչը փաստել է Խաչատրյանը, սակայն հավելել. «Միայն Լոնդոնում զրո ստանալուց հետո Հոկսեն Միրզոյանն ինձ պատմեց, որ վերջին տասը օրերին Առաքելի հետ հոգեբանական ինչ-որ բաներ էին կատարվում` մոտենում էր ծանրաձողին ու չէր զգում, թե ինչ պիտի անի»: Հարց է ծագում. ինչու՞ միայն 0 ստանալուց հետո եւ ոչ առաջ: Լեգենդար Յուրի Վարդանյանն էլ նշել էր, որ որդին՝ Նորայրը, կարող է առաջինից մինչեւ հինգերորդ տեղերը զբաղեցնել՝ կախված բախտից: Սակայն տղան ընդամենը 11-րդն էր: Ըստ էության՝ խաղերին պետք է մասնակցեր գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, որի վնասվածքից եւ ոչ բարձր կիլոգրամներից հետո ընտրությունը կանգ էր առել համեմատաբար լավ հանդես եկած Վարդանյանի վրա: Բայց արդյոք արժեր այս պարագայում խոսել մեդալների, վատագույն դեպքում՝ հինգերորդ տեղի մասին…

Լոնդոն-2012-ում ծանրամարտի թիմի անհաջող ելույթների գլխավոր պատճառը մարզիկների վատ հոգեբանական պատրաստվածությունն էր, ինչի մասին խոսում են հատկապես Միրզոյանի ու Դալուզյանի 0-ները, եւ մարզիչների ոչ ճիշտ տակտիկական պայքարը, երբ մարզիկը մտնում էր մի քաշի տակ, որին գոնե հոգեբանորեն պատրաստ չէր:

Կրկին կարելի է հիշել 2006-2010 թթ., երբ տղամարդկանց մեր թիմը գլխավորում էր վաղամեռիկ Աշոտ Մխիթարյանը: Այս մասնագետն իսկական ստրատեգ էր իր գործում ու կարողանում էր ճիշտ հաշվարկել եւ ճիշտ տրամադրել մարզիկներին: Եթե համեմատելու լինենք Մխիթարյանի օրոք ու նրանից հետո մեր տղամարդկանց գլխավոր թիմի նվաճած մեդալները, ապա կտեսնենք, որ ընդհանուր եզրեր չկան: Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ Եվրոպայում մեր տղաները 7 անգամ չեմպիոն են հռչակվել, 5 անգամ մրցանակակիր դարձել աշխարհի առաջնություններում, 3 օլիմպիական բրոնզ նվաճել Պեկինում: Եվրոպայում նվաճած այլ գույնի մեդալների մասին չենք խոսում: Նրա մահից հետո միակ նշանակալի հաջողությունը եղել է Տիգրան Մարտիրոսյանի աշխարհի չեմպիոն դառնալը: Եվ հենց Մարտիրոսյանն է բարձր գնահատական տվել իր նախկին մարզչին. «Իսկապես, Աշոտ Մխիթարյանը այլ կարգի մարզիչ էր: Նրա պակասը շատ է զգացվում: Մենք ունենք լավ մարզիչներ, բայց մեր հավաքականի վերելքը սկսվեց Մխիթարյանի գալով: Նա ուներ մեծ փորձ, բոլորին լավ ճանաչում էր: Նա լավ մանկավարժ էր ու ամեն մարզիկին յուրովի էր վերաբերվում» (sport.news.am):

Ծանրամարտի ոլորտի պատասխանատուները պետք է գիտակցեն, որ Սամվել Խաչատրյանի հրաժարականով խնդիրները չեն լուծվում: Խաչատրյանն առաջին հերթին ադմինիստրատիվ աշխատանք էր կատարում, եւ կարելի է ասել, որ նրա հիմնական թերացումը եղել է հավաքականում՝ հատկապես մարզչական շտաբում, ճիշտ կադրերի ընտրությունը: Մեր թիմին անհրաժեշտ են պրոֆեսիոնալ հոգեբաններ, որոնք մարզչական շտաբի ներսում շարունակական աշխատանք պիտի տանեն մարզիկների հետ: Պետք է քննարկման առարկա դարձնել հավաքականների մարզիչների, հատկապես տղամարդկանց մարզիչ Պողոս Պողոսյանի հետագա աշխատանքի հարցը: Այս հարցերի լուծման պարագայում միայն կարելի կլինի մեդալներ ակնկալել Եվրոպայի ու աշխարհի մեծահասակների առաջնություններում, ապա նաեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում:

 

Մեկնաբանություններ (1)

Հովհաննես Վարդանյան
Գումարների առկայությունը անհրաժեշտ,բայց ոչ բավարար պայման է սպորտում բարձր արդյունքներ ցույց տալու համար:Պրոֆեսիոնալ սպորտային բժիշկներ,սպորտային հոգեբաններ են հարկավոր,ամենևին ոչ մի անհրաժեշտություն չկա ինչ-որ ճապոնիաներից և չինաստաններից հսկայական անկապ գումարներ ծախսել,կասկածելի քիմիական ծագումով բուսականի անվան տակ խթանիչներ ու վերականգնիչներ ներկրեք և ոչ միայն չստանաք Ձեր ցանկալի արդյունքները այլ նաև հակառակը,հոգեբանական ընկճվածություն,ցածր մարզական ցուցանիշներ և առողջության քայքայում,ոչ միայն մարզչական բարձր որակավորում է պահանջվում,այլ նաև ճիշտ օրակարգի,սննդակարգի կազմակերպում.մարզումների ընթացքում ճիշտ վիտամինոթերապիա և սպորտային հոգեբանի կողմից յուրաքանչյուր մարզիկին տրվող ճիշտ հոգեբանական ուղեցույցներ կախված մարզիկի ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկություններից,չիմանալու դեպքում գոնե առաջավոր փորձն են ուսումնասիրում.այն էլ ինֆորմացիոն տեխնոլոգիաների այս դարաշրջանում.որ դա անհամեմատ ավելի դյուրին է քան նախկինում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter