Ֆրանսիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Մարոկկոյի դարպասն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
Ֆրանսիայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 2:0 հաշվով առավելության հասավ Մարոկկոյի ընտրանու նկատմամբ և կխաղա կիսաեզրափակչում:
Ֆրանսիացիներն ակտիվ սկսեցին հանդիպումը։ Մարոկկոյի դարպասապահ Բոնուն սկզբում հետ մղեց Մբապեի հարվածը, իսկ անկյունայինից հետո կասեցրեց Դայո Ուպամեկանոյի գլխով հարվածը:
Խաղակեսի միջնամասում մարոկկացիների՝ առաջ շարժվելու փորձերից մեկի ժամանակ Ֆրանսիան հակագրոհեց, ինչի արդյունքում Նուսաիր Մազրաուին տուգանային հրապարակում կանոնները խախտեց Մբապեի նկատմամբ: Նշանակված տասնմեկմետրանոցն իրացրեց Կիլիան Մբապեն, սակայն Բոնուն կռահեց հարվածի ուղղությունը և վստահորեն տիրեց գնդակին: Ընդմիջումից առաջ ֆրանսիացիները ևս մեկ պահ ունեցան, սակայն Լյուկա Դինի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Մարոկկոյի հավաքականը շարունակում էր հաջողությամբ պաշտպանվել, սակայն 60-րդ րոպեին Մբապեն բացեց հանդիպման հաշիվը: 27-ամյա հարձակվողը խփեց ընթացիկ առաջնությունում իր 8-րդ գոլը՝ հավասերվելով Լիոնել Մեսիին: Շատ չանցած Ֆրանսիան կրկնապատկեց հաշիվը. Ուսման Դեմբելեն հաշիվը դարձրեց 2:0:
Խաղավարտին Մարոկկոյի հավաքականը փորձեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն դարպասապահ Մայք Մենյանը և պաշտպանները վստահ գործեցին՝ ընթացիկ առաջնությունում գրանցելով Ֆրանսիայի երրորդ անընդմեջ «չոր» հանդիպումը:
Մարոկկոյի հավաքականը լքեց Աշխարհի առաջնությունը, իսկ Ֆրանսիայի ընտրանին դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 14-ին կմրցի Իսպանիա - Բելգիա զույգի հաղթողի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել