HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ծրագրում է մինչեւ 2030 թ. իր տարածքի առնվազն 20 տոկոսը դարձնել բնության հատուկ պահպանվող տարածք

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում վերջերս կատարվել են փոփոխություններ, որոնք բնապահպանական ոլորտի մասնագետներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում: Օրենքով ամրագրվել են նոր հասկացություններ, որոնք միջազգային պրակտիկայում եւ իրական կյանքում արդեն իսկ կային, սակայն օրենքով նկարագրված չէին:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքն ընդունվել է 2006 թ., մինչեւ վերջերս դրանում 4 անգամ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, սակայն այս տարի արված փոփոխությամբ օրենքը ամբողջապես է փոխվել, ավելի կոնկրետ՝ շարադրվել է նոր խմբագրությամբ։ Նախագծի հեղինակը Կառավարությունն է: Օրինագիծն ԱԺ նստաշրջանի օրակարգ է մտել հունիսի 16-ին, իսկ արդեն ամսի 18-ին ընդունվել է առաջին եւ երկրորդ ընթերցումներով:

Հաշվի առնելով, որ նոր խմբագրությամբ օրենքում նախկին տեքստի համեմատ բազմաթիվ փոփոխություններ են արվել՝ փորձագետներն այն ավելի շատ նոր օրենք են համարում։

Նախատեսվում է, որ նորացված օրենսդրության շրջանակներում ընդլայնվելու է բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ծածկույթը Հայաստանում։ Սա նաեւ պարտավորություն է մեր երկրի կողմից, որը ստորագրել է ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիան եւ առաջիկա աշնանը հյուրընկալելու է այս կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը:

Ի՞նչ է «30X30» կոչվող թիրախը

2022 թ. կայացած COP15-ի ժամանակ ընդունվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը (Kunming-Montreal Global Biodiversity Framework), որով սահմանվել է համաշխարհային մակարդակով կենսաբազմազանությանն ոլորտին վերաբերող 4 նպատակ եւ դրանց հասնելու 23 թիրախ, որոնք պետք է իրականացվեն մինչեւ 2030 թ․ (COP15-ը պետք է կայանար չինական Կունմին քաղաքում 2020 թ., սակայն կորոնավիրուսի համավարակի հետեւանքով դրա անցկացումը չեղարկվել է, փոխարենը այն կայացել է 2022-ին կանադական Մոնրեալում, սակայն համաժողովին ընդունված փաստաթղթին տրվել է նաեւ չինական քաղաքի անունը)։

Սահմանված նպատակների ու թիրախների կյանքի կոչումը պետք է բերի գլոբալ առումով կենսաբազմազանության կորուստը կանգնեցնելուն, բնության վերականգնմանը, ինչպես նաեւ մարդկության ու էկոհամակարգերի փոխշահավետ հարաբերությունների վերակերտմանը։

23 թիրախներից երրորդը փորձագետները համարում են ամենահավակնոտներից մեկը, եթե ոչ ամենահավակնոտը: Այս թիրախը հայտնի է իբրեւ «30X30», ինչը նշանակում է, որ մինչեւ 2030 թ․ աշխարհի ցամաքային, ջրային եւ ծովային տարածքների առնվազն 30 %-ը պետք է պահպանել ու արդյունավետ կառավարել։

«30X30» թիրախի իրականացման շրջանակներում Հայաստանը, որպես կոնվենցիայի անդամ, նախատեսում է ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) իր ծածկույթը՝ այն հասցնելով երկրի տարածքի առնվազն 20 տոկոսին։

Բնության հատուկ պահպանվող տարածք - հողի, մակերեւութային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի եւ համապատասխան օդային ավազանի՝ բնական միջավայրերի երկարաժամկետ պահպանության համար օրենքով սահմանված կարգով առանձնացված տարածքներ եւ առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջային, գեղագիտական արժեք են ներկայացնում, եւ որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք, հոդված 2

Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքներ են համարվում արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերն ու բնության հուշարձանները:

Այսօր մեր երկրում կա 3 պետական արգելոց, 27 պետական արգելավայր, 4 ազգային պարկ եւ 233 բնության հուշարձան:

Ներկա պահին ԲՀՊՏ-ները մեր երկրում զբաղեցնում են 386.355 հա կամ 3.863 քկմ, ինչը հավասար է ՀՀ տարածքի 13 %-ին։ Ընդ որում՝ 2012-ից ի վեր ԲՀՊՏ-ների ամբողջ ծածկույթն ընդլայնվել է 88.600 հա-ով կամ 886 քկմ-ով, ինչը հավասար է ՀՀ տարածքի 3 %-ին։

ԲՀՊՏ-ների շարքում ավելացվել են պահպանվող լանդշաֆտները

ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արամ Աղասյանը նշում է, որ Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) բնության հատուկ պահպանվող տարածքների 6 կատեգորիա է առանձնացրել, որոնցից 4-ը, ինչպես նշեցինք, Հայաստանում կան։ Այսուհետ օրենքով սահմանվում է նաեւ 5-րդը՝ պահպանվող լանդշաֆտը:

Պահպանվող լանդշաֆտ - մարդու գործունեության եւ բնական միջավայրերի փոխազդեցության արդյունքում ժամանակի ընթացքում ձեւավորված բնապահպանական, մշակութային, գեղագիտական արժեք ներկայացնող առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են ակտիվ կառավարման միջամտությամբ եւ օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական կրթության եւ դաստիարակության, էկոլոգիական զբոսաշրջության եւ ռեկրեացիայի կազմակերպման, պատմամշակութային օբյեկտների վերականգնման, հողօգտագործման ավանդական ձեւերի զարգացման նպատակներով եւ որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք, հոդված 2

Ընդ որում՝ եթե արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերն ու բնության հուշարձանները հանրապետական նշանակություն ունեցող ԲՀՊՏ-ներ են, ստեղծվում են Կառավարության որոշմամբ, պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա, եւ դրանց կառավարումն իրականացնում են լիազոր մարմնին՝ ՇՄՆ-ին ենթակա ՊՈԱԿ-ները, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինը (ՏԻՄ) կամ իրավաբանական անձը (օրինակ՝ «Արագածի ալպյան» պետական արգելավայրը կառավարվում է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի կողմից), ապա պահպանվող լանդշաֆտները տեղական նշանակության ԲՀՊՏ-ներ են, որոնք ստեղծվում են տվյալ համայնքի ավագանու որոշմամբ, գտնվում են մեկ կամ մի քանի համայնքների վարչական սահմաններում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա, եւ կառավարվում են ՏԻՄ-ի կողմից՝ համայնքային կարեւորություն ունեցող էկոհամակարգերի, բուսատեսակների եւ կենդանատեսակների պահպանության համար: 

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը համապատասխանում է IUCN-ի թե՛ 5-րդ, թե՛ 6-րդ կատեգորիաներին, եւ անհրաժեշտ էր օրինագծում ընդգրկել նաեւ 6-րդ կատեգորիան։ Խոսքը բնական ռեսուրսների կայուն օգտագործմամբ պահպանվող տարածքների (Managed Resource Protected Areas) մասին է:

Արգելավայրերի ու բնության հուշարձանների պահպանության ռեժիմը եւս սահմանվում է օրենքով

Մինչ այս «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով սահմանվում էին միայն պետական արգելոցների ու ազգային պարկերի պահպանության ռեժիմները, իսկ պետական արգելավայրերի ու բնության հուշարձանների մասով նշվում էր, որ դրանց պահպանության ռեժիմները սահմանվում են կանոնադրությամբ (արգելավայրերի դեպքում) եւ անձնագրով (բնության հուշարձանի դեպքում):

Այժմ այս երկուսի համար եւս օրենքը հստակ սահմանում է պահպանության ռեժիմ: Նույնը վերաբերում է պահպանվող լանդշաֆտին:

Արամ Աղասյանի գնահատմամբ՝ արգելավայրերի պահպանության ռեժիմի սահմանումն օրենքի կարեւոր փոփոխություններից մեկն է։

Այսպիսով՝ ներկայում օրենքով արդեն իսկ սահմանված են բոլոր այն իրավունքներն ու սահմանափակումները, որոնք գործելու են բոլոր արգելավայրերում: Իսկ Հայաստանում ԲՀՊՏ-ների մեջ ամենաշատը, ինչպես տեսանք, հենց արգելավայրերն (27) ու բնության հուշարձաններն են (233):

Հայաստանի արգելոցները, արգելավայրերն ու ազգային պարկերը. քարտեզը կազմել է Բնության պահպանության հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի աշխատակից Կարեն Մանվելյանը

Ինչո՞վ են արգելավայրերը տարբերվում արգելոցներից

Ի տարբերություն արգելոցների՝ արգելավայրերը պահպանության ավելի թույլ ռեժիմ ունեն, որտեղ չի բացառվում մարդու գործունեությունը, միջամտությունը։ Կան արգելավայրեր, որոնք կոմպլեքս տեսակները պահպանելու համար են, կան արգելավայրեր, որոնք նախատեսված են որոշակի տեսակների համար, ինչպես, օրինակ, Կապանի տարածաշրջանում գտնվող «Սոսու պուրակը», որը նախատեսված է երկու ծառատեսակի՝ արեւելյան սոսու եւ հունական ընկուզենու բնական պուրակի պահպանության համար, կամ «Որդան կարմիր» պետական արգելավայրը, որը մեկ տեսակի՝ արարատյան (հայկական) որդան կարմիր միջատի աղուտային բնակության վայրերի ու աղասեր բույսերի պահպանության համար է ստեղծվել։

ՀԳ. Հաջորդ հոդվածում կներկայացնենք բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) չհամարվող, սակայն նույնպես պահպանության տակ գտնվող այն տարածքները, որոնք Հայաստանում փաստացի գործում են արդեն մի քանի տարի, բայց օրենքով որեւէ կարգավիճակ չունեին մինչ այս վերջին օրենսդրական փոփոխությունը: 

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Առաջին լուսանկարում՝ «Արեւիք» ազգային պարկը (պարկի կառավարիչ ««Զանգեզուր» կենսոլորոտային համալիր» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter