HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի բացթողումներն ու հաջողությունները փողերի լվացման դեմ պայքարում. ՄԱՆԻՎԱԼ-ի նոր զեկույցը

Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ (MONEYVAL) փորձագիտական հանձնախումբն այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր հերթական ծավալուն զեկույցը։

2025թ. հոկտեմբերին փորձագիտական հանձնախումբն այցելել է Հայաստան և գնահատել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ Հայաստանի ձեռնարկած միջոցառումների արդյունավետությունը։

Ավելի քան 250 էջից բաղկացած զեկույցում ընդգծվել է Հայաստանում թիրախային ֆինանսական պատժամիջոցների հուսալի համակարգի առկայությունը, բայց նաև կոչ է արվել բարելավել փողերի լվացման գործերով քրեական հետապնդումներն ու ակտիվների վերադարձը։

Հիմնական վտանգները Հայաստանի համար

Ըստ զեկույցի՝ Հայաստանի պետական մարմինները լավ են պատկերացնում ներքին ռիսկերը։ 

Հայաստանում փողերի լվացման հիմնական աղբյուրներն են՝ կոռուպցիան, հարկային հանցագործությունները, խարդախություններն ու յուրացումները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և կիբերհանցագործությունները։

ՄԱՆԻՎԱԼ-ը հորդորել է ավելի խորը վերլուծել արտերկրից եկող սպառնալիքները, ինչպես նաև կրիպտոարժույթների և անշարժ գույքի շուկայի հետ կապված ռիսկերը։

Կոռուպցիայի դեմ պայքար և միջազգային համագործակցություն

Զեկույցում առանձնակի գովեստի է արժանացել Հայաստանի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ)՝ մարդկային և տեխնիկական ռեսուրսների զարգացման ու իրավապահներին որակյալ տվյալներ տրամադրելու համար։

Այդուհանդերձ, ըստ զեկույցի՝ մասնավոր հատվածի կողմից ներկայացվող կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների թե՛ ծավալը, թե՛ որակը պետք է բարելավվեն։ 

ՄԱՆԻՎԱԼ-ը նաև կոչ է արել Հայաստանի իրավապահ մարմիններին քրեական հետաքննությունների ընթացքում ավելի շատ ուշադրություն դարձնել փողերի լվացման ասպեկտներին։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում

ՄԱՆԻՎԱԼ-ը անդրադարձել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման (քաղաքացիական բռնագանձման) համակարգին։ 

Փորձագետները նշել են, որ այս համակարգի ներդրումը մեծացրել է պետության հնարավորությունները, սակայն ընդհանուր արդյունքները դեռևս թույլ չեն տալիս ասել, որ հանցավոր ակտիվների վերադարձը Հայաստանում դարձել է քաղաքականության հստակ ու կայուն նպատակ (policy objective)։

«ՄԱՆԻՎԱԼ-ը կոչ է անում համակողմանիորեն վերանայել ակտիվների վերադարձման համակարգը՝ վերականգնման գործընթացի բոլոր փուլերում»,-ասված է զեկույցում։

Իրական շահառուների հայտնաբերումը

Զեկույցում անդրադարձ կա նաև ՀՀ-ում գրանցված ընկերությունների իրական շահառուների հայտարարագրման և հայտնաբերման համակարգին:

Ըստ հանձնախմբի՝ իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների ստացման համար կիրառվում է բազմակողմանի մոտեցում, սակայն հետագա քայլեր են անհրաժեշտ թափանցիկությունն ապահովելու համար։  Զեկույցում հատկապես ընդգծված է իրական շահառուների ռեգիստրի ամբողջացման և դրանում առկա տեղեկատվության ճշգրտության ու թարմության ստուգման կարևորությունը։

Ահաբեկչության դեմ պայքար

Թեև, ըստ զեկույցի, ահաբեկչության ֆինանսավորման փաստերով Հայաստանում քրեական հետապնդումներ կամ դատապարտման վճիռներ չեն եղել, իրավական և ինստիտուցիոնալ համակարգը պատշաճ կերպով ներդրված է: 

Դրական եւ հուսալի է գնահատվել Հայաստանի համակարգը՝ ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանն առնչվող ֆինանսական պատժամիջոցների կիրառման գործում։

Գնահատման արդյունքում Հայաստանը ստացել է առանցքային հանձնարարականների ճանապարհային քարտեզ, որը պարտավոր է կատարել երեք տարվա ընթացքում։

Հիմնվելով արդյունավետության և տեխնիկական համապատասխանության վարկանիշների վրա՝ Հայաստանը ներառվել է ուժեղացված հսկողության (enhanced follow-up) գործընթացում և պարտավոր է ՄԱՆԻՎԱԼ-ին հաշվետվություն ներկայացնել արձանագրված առաջընթացի մասին։

Գլխավոր լուսանկարը՝ Կենտրոնական բանկի ֆեյսբուքյան էջից, MONEYVAL-ի փորձագիտական խմբի այցը Հայաստան, հոկտեմբեր 2025

Սամսոն Մարտիրոսյան, Բրյուսել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter