HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Արգենտինայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ

Արգենտինայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ Եգիպտոսի ընտրանու նկատմամբ: Խաղի ընթացքում պարտվելով երկու գնդակի տարբերությամբ՝ արգենտինացիները  կարողացան բեկել հանդիպման ընթացքը և նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր:

Հանդիպման 15-րդ րոպեին Եգիպտոսի հավաքականը անկյունայինի խաղարկման արդյունքում իր առաջին իսկ հարվածով բացեց հաշիվը. աչքի ընկավ պաշտպան Յասեր Իբրահիմը: Քիչ անց Արգենտինան հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ստացավ, երբ Հայսեմ Հասանի կանոնների խախտման համար նշանակվեց տասնմեկմետրանոց հարված: Սակայն եգիպտացիների դարպասապահ Մոստաֆա Շոբեիրը հետ մղեց Լիոնել Մեսիի հարվածը:

Արգենտինացիները շարունակեցին ճնշում գործադրել: Ալեքսիս Մակ Ալիստերի գլխով մոտ տարածությունից կատարած հարվածը կրկին հետ մղեց Շոբեիրը, իսկ Մեսիի տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Ընդմիջումից առաջ Խուլիան Ալվարեսը Նիկոլաս Տալյաֆիկոյի փոխանցումից հետո մոտ էր գոլ խփելուն, սակայն եգիպտացիների դարպասապահը հերթական տպավորիչ սեյվով փրկեց իր թիմին:

Երկրորդ խաղակեսում Արգենտինայի ավելացրած ճնշման ֆոնին Եգիպտոսի հավաքականը վտանգավոր հակագրոհներ էր կազմակերպում: Նախ Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո Մոստաֆա Զիկոն գնդակն ուղարկեց Արգենտինայի դարպասը, սակայն VAR համակարգի միջամտությունից հետո գոլը չեղարկվեց գրոհի կառուցման փուլում կանոնների խախտման պատճառով: Այնուամենայնիվ, քիչ անց եգիպտացիները կրկնապատկեցին իրենց առավելությունը. Սալահի և Հասանի խաղարկումից հետո Զիկոն հաշիվը դարձրեց 2:0:

Արգենտինայի հավաքականին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 79-րդ րոպեին, երբ Մեսիի փոխանցումից հետո Քրիստիան Ռոմերոն գլխի հարվածով գրավեց դարպասը: Շուտով Լաուտարո Մարտինեսը ձեռքից բաց թողեց հաշիվը հավասարեցնելու հնարավորությունը, սակայն քիչ անց Լիոնել Մեսին հաշիվը դարձրեց 2:2:

Հանդիպման ավելացված ժամանակում Եգիպտոսի ֆուտբոլիստները տասնմեկմետրանոց էին պահանջում, սակայն մրցավարը խաղը չկանգնեցրեց, ինչից հետո արգենտինացիները հակագրոհեցին. Մարտինեսի փոխանցումից հետո Էնցո Ֆերնանդեսը գլխի հարվածով խփեց հաղթական գնդակը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 3:2:

Այսպիսով, գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Շվեյցարիա - Կոլումբիա զույգի հաղթողի հետ: Եգիպտոսի ընտրանուն չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը և թիմը լքեց Աշխարհի առաջնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter