Հայաստանում շահագործումից հանված եւս մեկ օդանավ սկսել է թռչել Իրանում
Սնանկացած «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» (Atlantis European Airways) հայկական ավիաընկերության կողմից նախկինում շահագործված 3 ինքնաթիռներից մեկը սկսել է թռիչքներ կատարել Իրանում:
Հիշեցնենք, որ «Ատլանտիսը» սնանկ է ճանաչվել 2020-ի սեպտեմբերին «Յունիբանկի» պահանջով, որը, ավիատորների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն, ավիաընկերության իրական տերն էր, չնայած փաստաթղթերով դրա սեփականատերը երեւանցի Կարեն Բդոյանն էր:
Սնանկացած ավիաընկերության շարժակազմում կար 3 հատ Airbus A320 տիպի օդանավ, որոնք Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-32002, EK-32003 եւ EK-32008: Սնանկությունից 3 տարի անց՝ 2023-ի նոյեմբերին, այս ինքնաթիռները դուրս են բերվել (ապագրանցվել են) ՀՀ օդանավերի ռեգիստրից:
Այսպես՝ EK-32002-ը Հայաստանում գրանցված էր 2003-2005 թթ. (այն ժամանակ կրում էր այլ գրանցում՝ EK-32007) եւ շահագործվում էր «Արմավիայի» կողմից: 2017-2023 թթ. բորտը գրանցված էր «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» կազմում:
EK-32003-ը «Ատլանտիսի» կազմում գրանցված էր 2018-2023 թթ.:
Իսկ ահա EK-32008-ը հայկական ավիացիայի հնաբնակներից էր: Այն հայկական ռեգիստրում էր 2003-2023 թթ.: 2003-2013 թթ. գտնվում էր «Արմավիայի» շարժակազմում, իսկ ավելի ուշ մտել էր «Ատլանտիսի» ավիապարկ:
EK-32002-ն ու EK-32008-ը վերջին անգամ թռիչքներ կատարել էին 2020-ի աշնանը, իսկ EK-32003-ը՝ դրանից ավելի շուտ: Մինչեւ 2023-ի նոյեմբեր այս 3 օդանավերը չէին շահագործվում, կանգնած էին «Զվարթնոցում», սակայն շարունակում էին մնալ ՀՀ օդանավերի ռեգիստրում:
«Ատլանտիսը» դրանց շահագործողն էր, սակայն սեփականատերերն այլ ընկերություններ էին, որոնց մասին տարբեր առիթներով «Հետքը» գրել է: Ըստ այդմ՝ EK-32002-ի սեփականատերը կիպրական Arolova Enterprises Limited-ն էր, EK-32003-ինը՝ Բելիզում գրանցված Gratsyn Enterprises Corp.-ը, իսկ EK-32008-ինը՝ հայկական «Յունիբանկ» ԲԲԸ-ն: Սրանք բոլորը փոխկապակցված են «Յունիբանկի» վերջնական շահառու տերերին՝ Գագիկ Զաքարյանին ու Գեորգի Պիսկովին, որոնք խորհրդային տարիներին ավիացիոն կրթություն են ստացել Մոսկվայում, սակայն հետո հաջողության են հասել բանկային ոլորտում:
ՀՀ ռեգիստրից դուրս բերվելուց հետո օդանավերը շարունակում էին կանգնած մնալ «Զվարթնոցում»: Ապագրանցումից 2 տարի անց՝ 2025-ին, դրանք հայտնվեցին Իրանում:
Գրել էինք, որ Հայաստանից դուրս բերվելուց առաջ ինքնաթիռները գրանցվել էին Հնդկական օվկիանոսում գտնվող Կոմորյան կղզիների օդանավերի ռեգիստրում (առանց գրանցման՝ օդանավը չի կարող երկինք բարձրանալ), իսկ հետո մեր երկրից տեղափոխվել էին Իրան (ըստ ավիացիոն տեղեկատուների՝ նախկին EK-32002-ն ու EK-32003-ը Իրան էին հասել Օմանի տարածքով՝ անցնելով Երեւան-Սոհար-Թեհրան երթուղին):
Նախորդ հոդվածում նշել էինք նաեւ, որ Իրանում հայտնվելուց հետո կա հավանական 2 տարբերակ՝ օդանավերը կա՛մ պահեստամաս կդառնան իրանական որեւէ ավիաընկերության համար (նախկին հայկական ինքնաթիռները ներկայում 29-35 տարեկան են), կա՛մ տեխսպասարկում անցնելուց հետո կվերսկսեն թռիչքային գործունեությունը իրանական փոխադրողներից մեկի կազմում:
Ընդ որում՝ հաշվի առնելով Հայաստանից Իրան տեղափոխված օդանավերի նախկին փորձը՝ երկու տարբերակն էլ հավանական էր:
Եվ ահա, ինչպես տեսնում ենք ավիացիոն տեղեկատուներում, 2003-2023 թթ. Հայաստանում որպես EK-32008 գրանցված Airbus A320-ը, որը Իրան մեկնելուց առաջ ստացել էր կոմորյան D6-LAE գրանցումը, արդեն թռիչքներ է կատարում մեր հարեւան երկրում:
Ըստ planespotters.net-ի՝ մինչեւ 2025-ի հոկտեմբերի 1-ն այս բորտը կանգնած էր «Զվարթնոցում», իսկ ահա հոկտեմբերի 2-ին արդեն գտնվում էր Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում: Նույն օրը, planespotters.net-ի տվյալներով, ինքնաթիռը գրանցվել է իրանական Iran Airtour Airlines-ի շարժակազմում որպես EP-MDQ:
Թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com-ից էլ տեղեկանում ենք, որ հուլիսի 2-ին EP-MDQ-ն փորձնական թռիչք է կատարել Իրանի երկնքում, իսկ արդեն այսօր՝ հուլիսի 7-ին, իրականացրել է Թեհրան-Շիրազ-Թեհրան չվերթը:
Planespotters.net-ի համաձայն՝ Iran Airtour Airlines-ի կազմում գրանցվելու է նաեւ նախկին EK-32003-ը, որի կոմորյան ներկայիս գրանցումն է D6-LEO: Մինչեւ 2025-ի օգոստոսի 2-ն այս բորտը կանգնած էր «Զվարթնոցում», որտեղից արդեն իբրեւ կոմորյան ինքնաթիռ տեղափոխվել էր Օմանի Սոհար քաղաք՝ այդտեղ մնալով մինչեւ 2025-ի հոկտեմբեր: Հոկտեմբերի 2-ին օդանավը տեղափոխվել էր Իրան:
Ինչ վերաբերում է նախկին EK-32002-ին, որը եւս Հայաստանից դուրս գալուց հետո իբրեւ կոմորյան բորտ 2025-ի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին կանգնած էր Սոհարի օդանավակայանում, իսկ հետո տեղափոխվել էր Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայան, սրա հետագա ճակատագրի մասին ինֆորմացիա չկա: Չի բացառվում, որ այն եւս կհամալրի Iran Airtour Airlines-ի ավիապարկը:
Հատկանշական է, որ տարիներ առաջ իրանական հենց այս ավիափոխադրողի կազմ են մտել հայկական «Արմենիա Էյրվեյզի» ավիապարկում 2018-2019 թթ. գրանցված Airbus A310 տիպի օդանավերը (ՀՀ նախկին գրանցումները՝ EK-31001 եւ EK-31002): Սրանք 2018-ին Հայաստան էին բերվել Ռումինիայից, բայց մեր երկրում այդպես էլ չէին շահագործվել: Ընդ որում՝ երբ ինքնաթիռները Բուխարեստից դեռ չէին ժամանել Երեւան, «Հետքի» ռումինացի գործընկերները կասկած էին հայտնել, որ դրանք իրականում նախատեսված են հենց Իրանի համար:
Բանն այն է, որ արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանի ավիաընկերություններն իրենց ավիապարկը թարմ ու սարքին պահելու մեծ դժվարությունների առաջ են կանգնել վերջին տարիներին, ինչը դրդում է նրանց տարբեր զարտուղի ճանապարհներով, երրորդ երկրների միջոցով ձեռք բերել օդանավեր, որոնք կա՛մ իրենք երկինք կբարձրանան, կա՛մ պահեստամաս կդառնան իրանական բորտերի համար:
Հայաստանը տարիներ շարունակ այդպիսի ցատկահարթակ է եղել այն օդանավերի համար, որոնք իրականում ձեռք են բերվել իրանական ավիաընկերությունների կողմից, սակայն նրանց հասնելուց առաջ ժամանակավոր գրանցվել են մեր երկրում՝ ցույց տալու համար, թե իբր հայկական փոխադրողներն են շահագործողները:
Սա, բնականաբար, չի վերաբերում «Ատլանտիսի» 3 օդանավերին, սակայն Հայաստանում շահագործումից դուրս եկած այս ինքնաթիռները եւս, ինչպես տեսնում ենք, դարձել են ցանկալի թիրախ Իրանի ավիացիոն շուկայի համար:
Լուսանկարներում՝ EP-MDQ-ի առաջին` Թեհրան-Շիրազ-Թեհրան չվերթը, 07.07.2026 (Instagram / iranphotography1)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել