Նորվեգիան Հոլանդի դուբլի շնորհիվ պայքարից դուրս թողեց Անչելոտիի Բրազիլիային
Նորվեգիայի ազգային հավաքականը Նյու Ջերսիում կայացած Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ հանդիպման ժամանակ 2:1 հաշվով հաղթանակ տարավ Բրազիլիայի ընտրանու նկատմամբ: Էռլինգ Հոլանդի երկու գոլերի շնորհիվ նորվեգացիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր:
Նորվեգացիներն ակտիվ սկսեցին հանդիպումը, և արդեն 4-րդ րոպեին Պատրիկ Բերգը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն խաղից դուրս վիճակի պատճառով գոլը չարձանագրվեց: Քիչ անց Բրազիլիան հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ստացավ. տուգանային հրապարակում Քրիստոֆեր Այերը խախտեց կանոնները Մատեուս Կունյայի նկատմամբ, և մրցավարը տասնմեկմետրանոց նշանակեց: Սակայն Բրունու Գիմարայնշի հարվածը վստահորեն հետ մղեց նորվեգացիների դարպասապահ Էրյան Նյուլանդը:
Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը մեծացրեց ճնշումը. Գաբրիել Մարտինելիի վտանգավոր անցումից և հարվածից հետո Նյուլանդը կրկին փրկեց իր թիմին: Խաղակեսի ընթացքում Նորվեգիայի թիմի ավագ Մարտին Էդեգորը հարվածեց դարպասի արտաքին ցանցին, սակայն քիչ անց նրա սխալից հետո Վինիսիուս Ժունիորը մոտ էր հաշիվը բացելուն, բայց Նյուլանդը կրկին հետ մղեց հարվածը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին բրազիլացիների դարպասապահ Ալիսոն Բեքերը նույնպես սեյվ կատարեց՝ կասեցնելով Էդեգորի հարվածը:
Երկրորդ խաղակեսի միջնամասում փոխարինման դուրս եկած 19-ամյա Էնդրիկը Վինիսիուսի փոխանցումից հետո դարպասապահի դեմ մեն-մենակ հայտնվեց, սակայն շեղ հարվածեց: Շուտով նորվեգացիների դարպասապահ Նյուլանդը հետ մղեց նաև Ռայանի վտանգավոր հարվածը:
Խաղավարտին մոտ Նորվեգիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը, ինչը տվեց իր արդյունքը․ 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Անդրեաս Շյելդերուպի կատարած փոխանցումից հետո Էռլինգ Հոլանդը գլխի հզոր հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Քիչ անց Նյուլանդը հերթական սեյվով փրկեց իր թիմին ինքնագոլից, ինչից հետո Հոլանդը ձախ ոտքի դիպուկ հարվածով դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 2:0: Այս գոլի շնորհիվ Հոլանդն իր գոլերի քանակը հասցրեց 7-ի՝ ռմբարկուների մրցավազքում հավասարվելով Լիոնել Մեսիին և Կիլիան Մբապեին:
Հանդիպման ավելացված ժամանակում Բրազիլիայի հավաքականին հաջողվեց հեղինակության գոլ խփել: Կազեմիրոյի նկատմամբ կանոնների խախտման համար նշանակված տասնմեկմետրանոցն անվրեպ իրացրեց Նեյմարը՝ 2:1:
Բրազիլիայի ընտրանին լքեց մրցաշարը, իսկ Նորվեգիայի հավաքականը հուլիսի 12-ին Մայամիում կայանալիք քառորդ եզրափակչում կմրցի Մեքսիկա - Անգլիա զույգի հաղթողի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել