Անջրպետ պետության և բիզնեսի միջև․ անարդյունավետ ծրագրեր ու հեռանկարներ
Հայ արտահանողների համար ռուսական շուկային այլընտրանք գտնելը հեշտ չէ։ Կառավարությանը բազմիցս զգուշացրել են սպասվող խնդիրների և դրանց լուծումների մասին, սակայն փաստացի Ռուսաստանը փակել է այն հայկական ապրանքների մուտքը, որոնց համար ռուսական շուկան ապահովում էր արտահանման 80-90%-ը (խմիչք, գյուղմթերք, ձուկ և այլն)։
Դրանից տուժում են ոչ միայն գործարարները, այլև բազմաթիվ մարդիկ՝ գործարանների ու ջերմոցների աշխատողներ, մատակարարներ և այլք. մի ամբողջ համակարգ ցնցումների մեջ է։ Այս մասին «Հետք»-ի տաղավարում ասել է «Made by Armenians» և «Էքսպորտ Արմենիա» ՀԿ-ների համահիմնադիր Արա Մարությանը։
Ըստ նրա՝ տարիների ընթացքում եվրոպական շուկաներ հայկական օրգանիկ արտադրանք արտահանելու ծրագրերն անարդյունավետ են եղել. գումարները ծախսվել են, սակայն Եվրոպայում այսօր հայկական օրգանիկ ապրանք չկա։
Վերջին օրերին, ըստ Մարությանի ունեցած տեղեկությունների, հայկական ծիրանը Ռուսաստան է հասնում հիմնականում վրացականի կամ իրանականի անվան տակ։
Մարությանը նկատում է, որ արտահանման վիճակագրությունը հաճախ հստակ չի արտացոլում իրական պատկերը։ Կան ապրանքներ, որոնք արտահանվում են հայկականի անվան տակ, մինչդեռ հայկական ծագում չունեն։ Լինում է նաև հակառակը՝ հայկականն է արտահանվում այլ երկրի անվան տակ։ Այս ամենը խեղաթյուրում է արտաքին առևտրի վիճակագրությունը և թույլ չի տալիս ճիշտ վերլուծություններ անել։
Նա նաև նշում է, որ հայ գործարարները տարիներ շարունակ ձգտել են դեպի ռուսական շուկա, քանի որ դա եղել է ամենահեշտ ճանապարհը, սակայն նման ճգնաժամային իրավիճակներում նրանց մի մասը կարողանում է արագ կողմնորոշվել ու գործել։ Ի հակադրություն սրա՝ պետությունն արագ գործելու և արձագանքելու խնդիր ունի։
Արա Մարությանի հետ զրուցել ենք նաև իրենց կողմից կառավարությանը ներկայացված քայլերի մասին, որոնց, սակայն, դեռևս արձագանք չկա։ Ըստ նրա՝ պետության և գործարարների միջև անջրպետ կա։
Նրա հետ քննարկել ենք նաև, թե ինչու հայկական ծաղիկները չեն արտահանվում Եվրոպա, հայկական ապրանքը ինչ հնարավություններ ունի Մոլդովայում, Ուկրաինայում և այլն։
Տե՛ս նաև՝
- Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող Թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը
- Ռուսաստանի կշիռը մեծանում է, ԵՄ-ինը՝ նվազում. Հայաստանի արտահանման շուկաները
- Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը
- Ինչու են հայկական ապրանքները Ռուսաստանում դառնում «վտանգավոր»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել