ՍԴ-ն մերժեց 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումը
Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը հրապարակվեց այսօր՝ հուլիսի 4-ին։ ՍԴ-ն փաստացի մերժեց «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքների, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունների դիմումները, որոնք վիճարկում էին ընտրությունների վերջնական արդյունքները։
ՍԴ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում 2026թ. հունիսի 26-ին մեկնարկել էր յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։ Այն վերաբերում է 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ թիվ 259-Ա որոշմանը։
2026թ. հունիսի 14-ի նիստում ԿԸՀ-ն, ամփոփելով ընտրությունների վերջնական արդյունքները, որոշել է, որ խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) կուսակցությունների դաշինքները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել երեք՝ թիվ 12/13, 20/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այդպիսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փաստացի զրկվել է մանդատներից։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանն անհրաժեշտ էր կողմ քվեարկած ձայների 4%-ը, սակայն վերջնարդյունքում ստացավ 3,9893%։ Կուսակցությունը կհաղթահարեր անցողիկ շեմը, եթե ԿԸՀ-ն անվավեր չճանաչեր 3 ընտրատեղամասերի արդյունքները։
ՍԴ դիմում ներկայացրած ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները դատարանում պնդում էին, որ ԿԸՀ-ի՝ ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումներն էական ազդեցություն են ունեցել, հետևաբար այդ տեղամասերում պետք է նշանակվեին վերաքվեարկություններ, ինչը ԿԸՀ-ն չի արել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն ՍԴ-ում իր եզրափակիչ խոսքում նշեց, որ եթե Սահմանադրական դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ամփոփվել են արդյունքներն ու բաշխվել են պատգամավորական մանդատները, առնվազն պետք է կայացնի մանդատների վերաբաշխման որոշում: Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն կստանա 5 մանդատ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել