HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդաշենի հանրակացարանային շենքերը ճանաչվում են հանրային գերակա շահ

Հանրային քննարկման է ներկայացվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 և 68Ա հասցեներում գտնվող բնակելի շենքերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագիծ։ Նշված հանրակացարանային շենքերը 4-րդ կարգի վթարային են, և գտնվում են փլուզման վտանգի տակ։ Երևանի համայնքային բնակարանային ֆոնդը բավարար չէ բնակիչներին այլ բնակարաններով ապահովելու համար։ Վթարային շենքերի շահառուներին նախատեսվում է բնակելի տան կամ բնակարանի դիմաց տրամադրել համարժեք փոխհատուցում բնակարանի գնման վկայագրի միջոցով: Վթարային շենքերը կքանդվեն Երևանի համայնքի միջոցներով։

Նախագիծը հանրային քննարկման ներկայացվել է երեկ՝ 2026թ․ հուլիսի 2-ին։ Հեղինակը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։

Ըստ հիմնավորման՝ տարածքները ճանաչվում են հանրության գերակա շահ, քանի որ 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի քանդման և դրանց բնակիչների վերաբնակեցման աշխատանքների իրականացումն ավելի գերակա հանրային շահ է, քան օտարվող գույքի սեփականատերերի շահերը։

Բնակարանի գնման վկայագրի միջոցով փոխհատուցում ստացող շահառու են հանդիսանալու հանրակացարանային շենքերի բնակարանների սեփականատերերը կամ օգտագործողները կամ շենքում անձնագրային հաշվառումով փաստացի 5 տարվանից ավելի փաստացի բնակվող բնակիչները:

Բոլոր այն շահառուների, որոնց փոխհատուցման չափը կազմելու է 7 մլն 800 հազ․ դրամի չափից պակաս` Երևան համայնքի բյուջեի միջոցով վկայագրի գումարը ավելացվում է մինչև 7 մլն 800 հազ․ դրամը։ Բացառություն են լինելու այն շահառուները, որոնք ծրագրի ընդունման պահին Երևան համայնքում ունեն բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք, որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը գերազանցում է 7 մլն 800 հազ․ դրամ չափը։ Չի ավելացվելու նաև այն շահառուների գումարները, որոնք Վարդաշեն 6-րդ փողոցի հ.66/1 և հ.68ա հասցեներում առքուվաճառքի պայմանագրերով բնակարանները ձեռք են բերել 4-րդ կարգի վթարայնության վերաբերյալ եզրակացություն տրամադրելուց հետո՝ սկսած 2020թ․ մայիսի 6-ից։

Նշենք, որ 7 մլն 800 հազ․ դրամը հիմք է ընդունվել հաշվի առնելով Կառավարության 2025թ․ նոյեմբերի 27-ի «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը սահմանելու մասին» N 1709-Ն որոշման կարգավորումները։ Ըստ այդմ՝ պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կազմում է 7 մլն 800 հազ․ դրամ:

Բնակարանի գնման վկայագիր տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանի կողմից համապատասխան համաձայնություն և դիմում ներկայացնելու պարագայում, մնացած դեպքերում շահառուները ստանալու են օրենքով սահմանված կարգով փոխհատուցում:

Ըստ հեղինակների՝  նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել մշակված քաղաքաշինական ծրագիրը, կվերանա այդ շենքերի փլուզման վտանգը, կբացառվեն անկանխատեսելի հետևանքները և արդյունքում կլուծվեն քաղաքի տվյալ շենքերում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները:

Նախագծով օտարումը պետք է սկսվի մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը, իսկ ավարտելու վերջնաժամկետը 2028թ․ հուլիսի 1-ն է։

Լուսանկարը՝ amnews.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter