Ինչպես են կեղծվում Երևանում վաճառվող կոսմետիկայի ժամկետները
Գրեթե ամեն օր օգտագործում ենք դեմքի խոնավեցնող քսուքներ, դիմակներ, շիճուկներ և կոսմետիկ այլ միջոցներ՝ վստահ լինելով, որ այդպիսով խնամում ենք մեր մաշկը: Բայց դրանք վատ ազդեցություն կամ հետեւանք կարող են ունենալ, եթե պիտանիության ժամկետի մեջ չլինեն։
Երևանի մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց, կեղծված ժամկետով կամ առանց ժամկետի գործարանային մակնշման կոսմետիկա։ «Հետքն» այս բացահայտումներն արել է՝ այցելելով եւ գնումներ կատարելով «Օրիգինալ բուտիկ» (Original boutique), «Մարի» եւ «Էվա կոսմետիկս» խանութներում:
Որտեղ ինչ ենք հայտնաբերել
«Օրիգինալ բուտիկ» (Original boutique) կոսմետիկայի խանութից (Աբովյան 25, հղում) 2026 թվականի փետրվարին գնել ենք Farm Stay ապրանքանիշի խոնավեցնող էմուլսիա ապրանքատեսակը։ Այս ապրանքատեսակի ժամկետը կեղծված է եղել։ Ապրանքի տարայի ներքևի հատվածում մակնշված է եղել հին ժամկետ, ըստ որի՝ պիտանիության ժամկետն անցել է երկու տարի առաջ՝ 2024 թվականին։ Այս մակնշումն, ըստ ամենայնի, փորձել են ջնջել, քանի որ այն ընթեռնելի է միայն վառ լույսի տակ ու առաջին հայացքից հնարավոր չէ նկատել։ Դրա փոխարեն նույն շշի վրա, արդեն կողքի հատվածում նոր՝ վառ սև գույնով թարմ ժամկետ է մակնշված: Ըստ երկրորդ մակնշման, ապրանքի պիտանիության ժամկետն ավարտվում է 2026 թվականի նոյեմբերի 21-ին։ «Օրիգինալ բուտիկ» խանութում առկա են եղել նույն ապրանքատեսակի և նույնատիպ «թարմ» մակնշմամբ ապրանքներ։
«Մարի» հանրախանութում այլ իրավիճակ էր: Մետրոյի «Շենգավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող «Մարի» հանրախանութում առաջին անգամ եղել ենք 2026 թվականի մարտին։ Խանութում վաճառվում էին մի շարք ապրանքատեսակներ, որոնց ժամկետն անցել էր մոտ կես տարի առաջ: Դրանք վաճառվում էին ոչ թե նոր ժամկետների մակնշմամբ, այլ հենց հին ժամկետներով: Բոլորը «Farm Stay» ապրանքանիշի ապրանքատեսակներ էին։ Դրանց մեջ առկա էին խոնավեցնող քսուքներ, շիճուկներ, դեմքը մաքրող փրփուրներ, քսուքներ՝ նախատեսված միաժամանակ մաշկը բացելու, կնճիռները վերացնելու և արևից պաշտպանվելու համար։ Գրեթե երկու ամիս անց նորից այս խանութում էինք։ Նույն ապրանքների մի մասը դեռ վաճառվում էր, մյուս մասը, ենթադրաբար, վաճառվել էր։
Հարցին, թե ինչու է ժամկետանց ապրանք վաճառվում, խանութի աշխատողը պատասխանեց, որ փաթեթավորման վրա նշված ժամկետը ոչ թե պիտանիության ժամկետն է, այլ արտադրության տարեթիվը։ Մինչդեռ փաթեթավորման վրա բացակայել է որևէ այլ տարեթիվ կամ ամսաթիվ, ինչը կփաստեր պիտանիության ժամկետի մակնշման մասին։
Խանութում միաժամանակ հայտնաբերել ենք ապրանքներ, որոնք վաճառվում են առանց ակցիզային կոդի, դրոշմապիտակի կամ QR կոդի: Դեմքի համար նախատեսված դիմակի վրա նշված է եղել միայն շտրիխ կոդ: Սա նշանակում է, որ ապրանքը դուրս է մնացել հարկային վերահսկողությունից։ Նույն խանութում հայտնաբերել ենք նաև նույն բրենդի ապրանքատեսակներ, որոնց վրա ընդհանրապես ժամկետ նշված չէր: Այս ապրանքաստեսակների խմբի համար գործում էր հատուկ գին՝ 1760 դրամ արժեքով:
Հաջորդ խախտումը բացահայտել ենք «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում գտնվող «Էվա կոսմետիկս» («Eva Cosmetics») խանութում։ Այս խանութում հայտնաբերել ենք կորեական բրենդի ապրանքատեսակներ, որոնց վրա բացակայել է պիտանիության ժամկետի գործարանային կոդը։ Դրա փոխարեն հայերեն պիտակի վրա ապրանքի նկարագրության հետ միասին նշված է ժամկետ՝ «10.2027թ.»։
Վերը նշված բոլոր այն ապրանքները եղել են կորեական «Farm Stay» բրենդից: Բոլոր այս ապրանքատեսակները, որոնք վաճառվում են խախտումներով, Հայաստան է ներկրել «ՄԲՄ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը որոշ ապրանքատեսակների փաթեթավորման վրա ներկայացված է որպես «Farm Stay» բրենդի պաշտոնական ներկրող:
Վտանգավո՞ր է ժամկետանց կոսմետիկան
Այո։ Բայց նախ՝ ի՞նչ է կոսմետիկան և ինչո՞ւ է վտանգավոր ժամկետանց կոսմետիկան։
Կոսմետիկան միայն շրթներկը, աչքի մատիտը, տոնային քսուքը, սեղմված դիմափոշին կամ ստվերաներկը չէ: Կոսմետիկ ապրանքների կամ գեղարարային միջոցների շարքին, բացի վերը նշվածներից, դասվում է ապրանքատեսակների լայն շրջանակ, օրինակ՝ մաշկի խնամքի միջոցները, ինչպես՝ խոնավեցնող քսուքները, գելերը, փրփուրները, դիմակները, կաթնուկները, արևապաշտպան քսուքները, շամպունը և այլն։
Եթե ընդհանուր ձևակերպենք, կոսմետիկան մարդու մարմնի արտաքին որոշակի մասերի համար նախատեսված նյութ կամ նյութերի խառնուրդ է, որն օգտագործում են մաշկը, մազերը, եղունգները, շրթունքները, արտաքին սեռական օրգանները, ինչպես նաև ատամները և բերանի խոռոչի լորձաթաղանթը մաքրելու համար, առանց դրանց ամբողջականությունը խախտելու՝ արտաքին տեսքը փոխելու, հոտը կարգավորելու կամ հոտ հաղորդելու, պաշտպանելու կամ լավ վիճակում պահելու նպատակով։
Իսկ ի՞նչ կա կոսմետիկայի մեջ
Գրեթե բոլոր կոսմետիկ ապրանքներում կա ջուր, փափկեցնող միջոցներ (օրինակ՝ յուղեր), խտացուցիչներ (օրինակ՝ պոլիմերներ), Էմուլգատորներ (ներառում են ցետեարիլ սպիրտ և գլիցերին), մակերևութային ակտիվ նյութեր, կոնսերվանտներ (օրինակ՝ պարաբեններ, ֆենօքսիեթանոլ և բենզիլ սպիրտ), գունանյութեր, բուրավետիչներ: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր կարևոր դերն ու նախատեսված է կոնկրետ գործառույթի համար։
Ի՞նչ կապ ունի թթվային միջավայրը
Յուրաքանչյուր կոսմետիկ ապրանք և կոսմետիկ ապրանքի յուրաքանչյուր բաղադրիչ արդյունավետ ու կայուն է թթվայնության միայն որոշակի պայմաններում։ Թթվային միջավայրի, կամ, ինչպես ընդունված է այն անվանել, pH-ի ցուցանիշն է երաշխավորում կոսմետիկ ապրանքի արդյունավետությունը և անվտանգ լինելը իր պիտանիության ամբողջ ժամկետի ընթացքում։
«pH-ը առանցքային ցուցանիշ է կոսմետիկ միջոցների համար, քանի որ դրանից են կախված թե՛ ակտիվների, օրինակ՝ վիտամին C-ի, ռետինոիդների, նիացինամիդի ակտիվությունը, և թե՛ կոնսերվանտների արդյունավետությունը»,- նշում է քիմիական գիտությունների հետազոտող Անի Նասիբյանը:
Կոսմետիկ ապրանքների ամենակարևոր բաղադրիչներից մեկի՝ կոնսերվանտների առաջնային ֆունկցիան մանրէաբանական աճի կանխումն է։ Կոսմետիկ զանգվածներն իրենց սննդարար բաղադրության շնորհիվ հիանալի միջավայր են միկրոօրգանիզմների գոյատևման ու զարգացման համար: Սրա պատճառով է նաև, որ որոշ սահմանումներում կոնսերվանտները ներկայացվում են որպես «կոսմետիկ միջոցներում միկրոօրգանիզմների զարգացումը արգելակելու հիմնական նպատակով» նյութեր: Կոնսերվանտները կիրառվում են չնչին քանակությամբ՝ ապրանքի արտադրության, փաթեթավորման, պահպանման և օգտագործման ողջ ժամանակահատվածում:
Կախված նրանից, թե ինչքանով է pH-ը խախտվել, կոնսերվանտները կարող են պակաս արդյունավետ աշխատել կամ ընդհանրապես չաշխատել։
«Կոնսերվանտների չաշխատելու դեպքում տեղի է ունենում մանրէաբանական աճ, առաջանում են բակտերիաներ, սնկեր, բիոթաղանթներ: Բայց սրա մեջ ամենասարսափելին այն է, որ անզեն աչքով այս պրոցեսները տեսանելի չեն: Համենայն դեպս, սկզբնական ժամանակահատվածում մենք ոչ մի կերպ չենք կարող հասկանալ, որ ապրանքի մեջ նմանատիպ ռեակցիաներ են տեղի ունենում»,- ասում է Անի Նասիբյանը։
Մինչև խանութ հասնելը․․․
Կոսմետիկ ապրանք օգտագործելիս մարդու մաշկն անմիջական շփում է ունենում դրա մեջ պարունակվող բոլոր բաղադրիչների հետ։ Դրա համար է, որ ըստ նշանակության օգտագործելիս կոսմետիկ ապրանքները պետք է անվտանգ լինեն մարդու առողջության համար։ Կայունության թեստերի, համապատասխանության հետազոտությունների և այլ լաբորատոր ուսումնասիրությունների ընթացքում չեզոքացվում են բոլոր ռիսկերը, գնահատվում են pH-ի, մածուցիկության, գույնի, հոտի, շերտազատման, փաթեթավորման համատեղելիության չափանիշները: Այս փորձարկումների ու հետազոտությունների դրական արդյունքներով է միայն երաշխավորվում կոսմետիկ ապրանքի անվտանգ, կայուն և արդյունավետ լինելը՝ պիտանիության ողջ ժամկետի ընթացքում:
Ինչպես է փոխվում թթվային միջավայրը, կամ ինչ է տեղի ունենում կոսմետիկ ապրանքի հետ՝ խանութ հասնելուց հետո
Նախ պետք է հաշվի առնել, որ pH-ի ցուցանիշի փոփոխությունը ոչ թե ապրանքի քիմիական բաղադրության փոփոխության պատճառ է, այլ՝ ցուցիչ, որ արտադրանքի ներսում տեղի են ունենում փոփոխություններ։
Կոսմետիկ զանգվածի թթվայնության աստիճանի վրա ազդում են մի շարք գործոններ: Նախ, երբ լրանում է ապրանքի պիտանիության ժամկետը, ապրանքի արտադրանքի քիմիական բաղադրությունը փոխվում է:
«Եթե ապրանքի պիտանիության ժամկետը 6 ամիս է, դա չի նշանակում, որ 6 ամիսն անցնելու հաջորդ օրը ապրանքը փչանում է և մենք գործ ենք ունենում թույնի հետ: Պարզապես ժամկետն անցնելուն զուգահեռ ապրանքի մեջ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք այլևս վերահսկելի չեն. խախտվում է կոսմետիկ զանգվածի կայունությունը, արտադրանքը կարող է դառնալ շատ ջրիկ, կամ ընդհանուր տեքստուրան կարող է դառնալ ոչ համասեռ, օրինակ՝ կարող են գնդիկներ առաջանալ արտադրանքի մեջ»,- նշում է քիմիկ Անի Նասիբյանը։
Կոսմետիկ ապրանքների շատ բաղադրիչներ աստիճանաբար քայքայվում են ջերմության, թթվածնի կամ լույսի ազդեցության տակ: Քայքայման ռեակցիաները հաճախ առաջացնում են թթվային կամ հիմնային կողմնակի նյութեր, որոնք փոխում են պատրաստուկի pH-ը:
«Սխալ պայմաններում պահված ապրանքը և ժամկետանց ապրանքը իրենց հատկություններով իրար նման են: Ընդհանրապես, ջերմաստիճանը 10 աստիճանով բարձրացնելիս քիմիական ռեակցիայի արագությունը երկուսից չորս անգամով մեծանում է: Այսինքն, եթե հաշվարկված է, որ պայմանական, այս կամ այն կոսմետիկ արտադրանքը կարող է պահպանվել վեց ամիս, դրա պահպանման ժամկետը պահման սխալ պայմանների դեպքում կրճատվում է»,- ասում է Անի Նասիբյանը։
Թթվային միջավայրի վրա ազդում են նաև կոսմետիկ ապրանքների պահպանման ջերմաստիճանային պայմանները, կոսմետիկ ապրանքների տարաները և փաթեթավորման բաղադրիչները: Օրինակ՝ փաթեթավորման նյութերից կարող է տեղի ունենալ հավելանյութերի տեղաշարժ դեպի արտադրանք, թթվային կամ հիմնային բաղադրիչների կլանում, թթվածնի կամ խոնավության ներթափանցում և այլն:
Ինչ հետևանքներ կարող են լինել
«Տարածված կարծիք կա, որ ժամկետանց կոսմետիկան պարզապես արդյունավետ չէ, բայց այն ոչ թե արդյունավետ չէ, այլեւ վտանգավոր է»,- ասում է հետազոտող Անի Նասիբյանը:
Կոսմետիկայում պարունակվող ակտիվ նյութերի, էմուլգատորների, յուղերի և այլ ակտիվ բաղադրիչների փոխազդեցությամբ շեղված թթվային միջավայրը դառնում է վտանգավոր ու ագրեսիվ մաշկի համար՝ առաջացնելով գրգռվածություն, չորություն կամ զգայունություն, վնասելով մաշկի պատնեշային գործառույթը:
Հետազոտող Անի Նասիբյանը նշում է, օրինակ, նիացինամիդի և դրա՝ ժամանակի ընթացքում նիկոտինաթթվի վերածվելու մասին։
«Կոսմետիկ ապրանքների մեջ օգտագործվող նիացինամիտը լավ հատկություններ ունի մաշկի համար: Այն կարող է հանգստացնել մաշկը, անցկացնել գրգռվածությունը, բայց pH-ի խախտվելու դեպքում նիացինամիտը կարող է վերածվել նիկոտինաթթվի, նույն ինքը՝ նիացինի և ունենալ հակառակ էֆեկտը՝ գրգռել մաշկը, առաջացնել կարմրածություն, խախտել մաշկի պաշտպանիչ շերտը, առաջացնել ծակծկոց»,- նշում է նա։
Ավելի վտանգավոր է բենզոիլ պերօքսիդի վերափոխվելը բենզոլի։ Անի Նասիբյանի խոսքով, բենզոիլ պերօքսիդն ինքնին վնասակար չէ, ավելին, այն օգտագործում են կոսմետիկ ապրանքում՝ մաշկի ակնեն բուժելու համար։ Սակայն երբ բենզոիլ պերօքսիդ պարունակող ապրանքը պահում ենք սխալ պայմաններում, կամ պիտանիության ժամկետն անցնում է, այն վերածվում է բենզոլի։ Իսկ բենզոլը առաջին կարգի քաղցկեղածին նյութ է։
Եթե ապրանքը պարունակում է գունանյութեր, pH-ի ցուցանիշի խախտմամբ տեղի է ունենում գույնի փոփոխություն, բուրավետիչների քայքայման դեպքում մեծանում է ալերգիկ ռեակցիաների հավանականությունը։ Իսկ թարթիչների ժամկետանց տուշերի օգտագործման դեպքում, օրինակ, կարող են զարգանալ աչքի բորբոքային հիվանդություններ:
Այսպիսով, կարևոր է ոչ միայն կոսմետիկա գնելուց առաջ ուշադիր լինել ժամկետին, այլ խանութում և գնելուց հետո՝ տանը, կոսմետիկայի պահման պայմաններին։
«Կարևոր է ոչ միայն ջերմաստիճանը, այլև ապրանքը արևի ուղիղ ճառագայթներից հեռու պահելը, որովհետև գրեթե բոլոր տեսակի կոսմետիկ միջոցները ֆոտոզգայուն են, դրանց մեջ պարունակող ակտիվները, օրինակ՝ վիտամին C-ն, ռետինոիդները, արևի ուղիղ ճառագայթների ազդեցությամբ քայքայվում են»,- նշում է հետազոտող Անի Նասիբյանը:
Այսպիսով, հեղուկ կոսմետիկ արտադրատեսակները պետք է պահել 5°C-ից ոչ ցածր եւ 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում, ձեռքի պինդ օճառի համար՝ մինուս 5°C-ից ոչ ցածր, մնացած կոսմետիկական արտադրանքի համար՝ 0°C-ից ոչ ցածր եւ 25°C-ից ոչ բարձր:
Կոսմետիկ ապրանքի մակնշումը
Կոսմետիկ արտադրանքի պիտանիության ժամկետի, պահման պայմանների կանոնները սահմանվում են «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով:
Կոսմետիկ ապրանքների ներկրման, մակնշման, վաճառքի հետ կապված բոլոր կանոնները նույնպես սահմանվում են այդ տեխնիկական կանոնակարգով։
Վերջինիս համաձայն՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի մակնշումը պետք է պարունակի արտադրանքի անվանումը, նշանակությունը (եթե դա չի բխում արտադրանքի անվանումից), արտադրանքի ծագման երկիրը, ներմուծողի կամ արտադրողի լիազոր ներկայացուցչի անվանումը, արտադրանքի անվանական քանակը սպառողական տարայում (եթե այն 5 գրամից կամ 5 միլիլիտրից պակաս չէ), գույնը կամ երանգը դեկորատիվ կոսմետիկայի համար, պիտանիության ժամկետը՝ պատրաստման ամսաթիվը (ամիս, տարի), պահպանման պայմանների նկարագրությունը, հատկապես եթե այդ պայմանները տարբերվում են ստանդարտ պայմաններից:
Կոսմետիկ ապրանքի մակնշման վրա պետք է լինի նաև խմբաքանակի համարը կամ հատուկ կոդը, որոնցով հնարավոր է նույնականացնել արտադրանքի խմբաքանակը:
Պարտադիր է փաթեթավորման վրա բաղադրության առկայությունը: Բաղադրամասերը նշվում են բաղադրագրում իրենց զանգվածային մասի նվազման կարգով: Բաղադրամասերը նշվում են այն դեպքում, երբ լվացվող արտադրանքի մեջ դրանց քանակը գերազանցում է 0,01% կոնցենտրացիան, չլվացվող արտադրանքի համար՝ 0,001%-ը: Իսկ այն բաղադրամասերը, որոնց կոնցենտրացիան 1%-ից պակաս է, կարող են թվարկվել ցանկացած հերթականությամբ այն բաղադրամասերից հետո, որոնց կոնցենտրացիան 1%-ից ավելի է:
Հայաստանում պարտադիր պահանջ է նաև ներմուծվող ապրանքների էլեկտրոնային մակնշումը (դրոշմավորումը), որը վերահսկում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ սահմանվել է Հայաստանում ապրանքների թվային դրոշմավորման կարգը: Ապրանքների վրա, ըստ որոշման, պետք է փակցվի «Data Matrix» երկչափ ծածկագիրը։ Սա թույլ է տալիս հետևել ապրանքի շարժին՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վաճառք։ Այս որոշմամբ ահմանված է դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը։ 2026 թվականի հունվարի 1-ից այս ցանկի մեջ մտնում են նաև կոսմետիկ միջոցները, մաշկի խնամքի միջոցները, մազերի խնամքի միջոցները, օծանելիքը, հարդաջուրը։ Ներմուծողները կարող են դրոշմավորումն իրականացնել մաքսային ձևակերպումից հետո՝ իրենց պահեստներում։
Թվային համակարգ մուտքագրվող տվյալների մեջ կան պարտադիր և ոչ պարտադիր դաշտեր։ Պարտադիր են ապրանքի անվանումը, ծագման երկիրը, արտադրողի տվյալները և բաղադրությունը։ Ի տարբերություն վերոնշյալների, պիտանիության ժամկետը և արտադրության ամսաթիվը թվային համակարգում նշված են որպես ոչ պարտադիր լրացման դաշտեր, ինչը կարող է մտահոգիչ լինել սպառողների անվտանգության տեսանկյունից։
«ՄԲՄ» ՍՊԸ-ն կոսմետիկայի խոշոր ներկրողներից է
Ըստ ՊԵԿ-ի տվյալների 2024 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 13 230 տոննա կոսմետիկ ապրանք, որի ընդհանուր արժեքը հասել է մոտ 121,3 մլն ԱՄՆ դոլարի։ Սա ներառում է եթերայուղերը, օծանելիքը, մաշկի, մազերի և բերանի խոռոչի հիգիենայի միջոցները (3301-3307 ծածկագրեր): Նույն թվականին միայն մաշկի խնամքի և դիմահարդարման համար նախատեսված 2 212 տոննա ապրանք է ներմուծվել Հայաստան, որի ընդհանուր արժեքը կազմել է 35,6 մլն ԱՄՆ դոլար:
Մի շարք ընկերություններ տարիներ շարունակ պահպանել են իրենց դիրքը մաշկի խնամքի և դիմահարդարման խոշոր ներկրողների եռյակում։ «ՄԲՄ» ՍՊԸ-ն շուկայի ամենակայուն մասնակիցներից է, որը 2016-ից մինչև 2023 թվականը անընդմեջ եղել է երեք խոշորագույն ներմուծողների թվում: «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ՍՊԸ-ն 2016–2020 թվականներին եղել է խոշոր եռյակում, սակայն 2021-ից այլևս չի հայտնվել այս ցանկում: «Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲԸ-ն խոշոր եռյակում է 2021 թվականից։ Այն պահպանել է իր դիրքերը մինչև 2025 թվականը:
2016 և 2021 թվականներին խոշոր եռյակում է հայտնվել նաև «Բարսիս» ՍՊԸ-ն, որը «ՄԲՄ» ՍՊԸ-ի հետ փոխկապակցված ընկերություն է։ Հատկանշական է, որ նույն թվականներին երկու ընկերություններն էլ եղել են խոշոր եռյակում՝ զբաղեցնելով բացարձակ գերիշխող դիրք մյուս ներմուծողների նկատմամբ։ «Բարսիս» ՍՊԸ-ն իր հերթին Հայաստան է ներկրում գրեթե բոլոր տեսակի կոսմետիկ ապրանքներ։
2023 թվականին Հայաստանը Կորեայից 61 տոննա մաշկի խնամքի և դիմահարդարման ապրանք է ներմուծել։ Սակայն հատկանշական է, որ 2024 թվականին այս ծավալը գրեթե կիսով չափ կրճատվել է՝ հասնելով 35 տոննայի։
Ո՞վ է պատասխանատու
Կոսմետիկայի վաճառքի խախտումները հայտնաբերելով՝ «Հետքը» դրանք ներկայացրել է «ՄԲՄ» ՍՊԸ-ին: Ընկերությունը մեկ շաբաթ էր խնդրել դրանք ուսումնասիրելու և մեկնաբանելու համար:
Իր պատասխանում ընկերությունը նշել է, որ պատասխանատվություն չի կրում «Մարի» հանրախանութում ժամկետանց կոսմետիկ միջոցների վաճառքի համար, քանի որ ապրանքը խանութ է մատակարարել 2025 թվականի ապրիլի 14-ին՝ ժամկետն անցնելուց 6 ամիս առաջ:
«Օրիգինալ Բուտիկ» խանութում կեղծված ժամկետով կոսմետիկ միջոցի վաճառքի մասին ընկերությունը նշել է, թե այդ ապրանքը խանութին է մատակարարել 2024 թվականի նոյեմբերին: Ընկերությունը նաև նշել է, որ կապ է հաստատել խանութի հետ՝ ճշտելու մանրամասները: Ստորև ներկայացնում ենք հատված «ՄԲՄ» ընկերության մեկնաբանությունից. «Վերջնական սպառողը փորձել է հիմնավորել, որ նշված ապրանքի վրա պիտանիության ժամկետը նշված է, սակայն ըստ իր ենթադրության, կարծես թե, այդ ժամկետի տակ ինչ-որ հետքեր են երևում, ինչը սակայն խանութում քննարկման ժամանակ չի ապացուցվել, նույնիսկ հատուկ լույսի տակ մանրակրկիտ հետազոտության արդյունքում։ Ինչպես երևում է մեր նշած ժամկետներից ապրանքը մոտ 1 տարի 4 ամիս գտնվել է տվյալ գնորդ կազմակերպությունում և ցուցադրված է եղել դարակաշարի վրա և բնականաբար պահանջել է խնամք՝ ապրանքի վրայից փոշին մաքրելու եղանակով, ինչը հնարավոր է հանգեցնի նրան, որ թանաքային գրառումները կորցնեն իրենց նախնական տեսքը»:
«Հետքը» տվյալ ապրանքի վաճառքի խախտումը ներկայացնելիս երբեք չի հիշատակել «ինչ-որ հետքեր» արտահայտությունը։ Մենք հստակ փաստել ենք, որ ապրանքի վրա առկա է պիտանիության ժամկետի երկու տարբեր մակնշում։ Այս հանգամանքը հաստատել է նաև «Օրիգինալ բուտիկ»-ի տնօրենը՝ ապրանքը տեղում դիտարկելուց հետո։ Այս խանութի տնօրենի հետ մենք հանդիպել ենք մինչև «ՄԲՄ» ընկերության հետ հանդիպումը, ինչի մասին ևս հայտնել ենք «ՄԲՄ» ընկերությանը։
Ինչ վերաբերում է «փոշին մաքրելու հետևանքով ապրանքի վրայի գրառումների ջնջվելուն», ապա այն որևէ կերպ չի առնչվում մեր բարձրացրած հարցին։
Գործարանային կոդի բացակայությամբ կոսմետիկ ապրանքների վաճառքի համար «ՄԲՄ» ընկերությունը դիմել է արտադրող «Մյունգին» ընկերությանը, որը պատասխանել է, թե «ALL IN ONE» ապրանքի վրա պիտանիության ժամկետի բացակայությունը «տեխնիկական վրիպակ» է։ Ընկերությունը, սակայն, չի նշել՝ խոսքը «ALL IN ONE» ապրանքի բոլոր ապրանքախմբերի, միայն «ՄԲՄ» ընկերությանը ներկայացված ապրանքի խմբի, թե միայն մեկ ապրանքի մասին է։
Միաժամանակ պարզ չէ, թե ինչու «ՄԲՄ» ընկերության մոտ ապրանքը ներկրելու պահին հարց չի ծագել գործարանային կոդի բացակայության մասին։ Փաստացի ընկերությունը ներկրել ու վաճառել է օրենքի պահանջներին չհամապատասխանող ապրանք։ Բացի այդ, մենք հայտնաբերել ենք նույն խնդիրն ունեցող այլ ապրանքներ ևս, որի մասին տեղեկացրել ենք ընկերությանը։ Արդյո՞ք մյուս ապրանքների դեպքում ևս «Մյունգին» ընկերությունը թույլ է տվել նույն վրիպակը, պարզ չէ։
Ի տարբերություն «ՄԲՄ» ընկերության հարցման, «Հետքի» հարցմանը «Myungin» ընկերությունը, որին պատկանում է «Farm Stay» ապրանքանիշը, չէր պատասխանել։ Մենք հարցրել էինք, թե ինչպես է ընկերությունն իրականացնում իր արտադրանքի մակնշումը, տեղյա՞կ է, արդյոք, որ Հայաստանի խանութներում վաճառվում են վերամակնշված, կեղծված ժամկետով «Farm Stay» բրենդի ապրանքներ, որոնք ներկրել է Հայաստանում իր պաշտոնական ներկայացուցիչ «ՄԲՄ» ընկերությունը, և թույլատրե՞լ է, արդյոք, իր ապրանքը ներմուծողներին ջնջել, փակել կամ փոխել ապրանքների գործարանային կոդերը: Նամակին կցել էինք ժամկետանց, կեղծված ժամկետով ու ժամկետի մեջ ապրանքատեսակների նկարները, խնդրելով հայտնել ինչպես այդ ապրանքախմբերի արտադրության տարեթիվը, այնպես էլ գործարանային կոդերի համապատասխանությունը: Հարցումն ուղարկել ենք նաև Կորեայի Հանրապետության Սննդամթերքի և դեղերի անվտանգության նախարարությանը, որը լիազորված է վերահսկել կոսմետիկ ապրանքների արտադրությունն ու վաճառքը: Ո՛չ ընկերությունը, ո՛չ էլ նախարարությունը չեն արձագանքել մեր հարցմանը:
«Հետքը» հարցում է ուղարկել նաև Հայաստանի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին: Հարցրել ենք, թե ինչ հաճախականությամբ է տեսչական մարմինը ստուգում կոսմետիկ ապրանքների վաճառքը և արդյոք այդ ստուգումների ընթացքում երբևէ հայտնաբերել է խախտումներ: Ի պատասխան մեր հարցման՝ Տեսչական մարմինը հայտնել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է 144 ստուգում, ինչի արդյունքում 16 տնտեսվարողի մոտ հայտնաբերվել են խախտումներ։ Բացահայտումները վերաբերել են առանց հայերեն մակնշմանը և առանց պիտանիության ժամկետի մակագրությանը։ Առանց պիտանիության ժամկետի մակագրության դեպքեր հայտնաբերվել են 13 տնտեսվարող սուբյեկտի մոտ։
Ժամկետանց, կեղծված ժամկետով ապրանքների վաճառքն արգելված է
Հայաստանի օրենսդրությունը կարգավորում է պիտանիության ժամկետի, ժամկետանց ապրանքի վաճառքի, ժամկետի կեղծման, սպառողի մոլորեցման և սրա հետ կապված հարաբերություններն ու պահանջները: Դրա նպատակը սպառողի առողջությունն ու շահերը պաշտպանելն է: Քաղաքացիական օրենսգրքով (488-րդ հոդված) սահմանված է պիտանիության ժամկետը: Մասնավորապես՝ ապրանքը, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, վաճառողը պարտավոր է հանձնել գնորդին այն հաշվով, որպեսզի հնարավոր լինի մինչև պիտանիության ժամկետի ավարտն այն օգտագործել ըստ նշանակության:
Վարչական իրավախախտումների օրենսգրքով (158-րդ հոդված) արգելվում է իրացնել այնպիսի ապրանքներ, որոնց պիտանիության ժամկետն անցել է, որոնց վրա նշված չէ պիտանիության ժամկետ, որոնք ունեն կեղծված (ջնջված և նոր ժամկետով փոխարինված, կամ կրկնակի մակնշված) պիտանիության ժամկետ կամ ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետ: Նույն հոդվածով վերը նշված խախտումները (ժամկետանց, անժամկետ կամ կեղծված ժամկետով ապրանքների վաճառքը) կատարելու դեպքում նշանակվում է վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 200-ապատիկի չափով:«Հետքի» ուսումնասիրությունը վկայում է, որ կոսմետիկայի շուկայում ժամկետանց ապրանքների վաճառքն ու պիտանիության ժամկետների կեղծումը տարածված երևույթ է։ Ժամկետանց կոսմետիկ միջոցները, կորցնելով կայունությունը, կարող են վնասել մարդու առողջությանը, դրանց վաճառքը հակասում է սպառողների շահերին։ Ու քանի դեռ շուկայի վերահսկողությունը լիարժեք չի բացառում նման խախտումները, սպառողի միակ արդյունավետ պաշտպանությունը գնումներ կատարելիս հավելյալ զգոնությունն է՝ ապրանքի պիտանիության ժամկետը ստուգելն ու պահման պայմաններին ճշգրտորեն հետևելը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել