HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արարատ, Վեդի, Վանաձոր և Փամբակ համայնքները կրկին կխոշորացվեն

Արարատ, Վանաձոր և Փամբակ համայնքներում տեղական ինքնակառավարման ընտրությունները տեղի էին ունեցել 2021թ․ դեկտեմբերին։ Նշված համայնքներում այս տարի ավարտվում է տեղական իշխանության կառավարման հնգամյա շրջանը, և նոր ընտրություններ պետք է նշանակվեն։ Ընտրություններից առաջ Կառավարությունը նշված համայնքները կրկին խոշորացնելու նախագիծ է ներկայացրել։ 

Ըստ այդմ՝ մեկ համայնքում միավորվելու են Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների 32 բնակավայրերը՝ 2 քաղաք, 30 գյուղ։ Նախագծում չի նշվում, թե Վեդին և Արարատը միավորելուց հետո ո՞րն է լինելու այս համայնքի վարչական կենտրոնը՝ Վեդի՞ն, թե Արարատը։ Երկու համայնքներն արդեն իսկ շրջաններով են միավորված։ 

Միավորվելու են Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքները՝ Վանաձոր քաղաքը և 21 գյուղ։ Վարչական կենտրոնը կլինի Վանաձոր քաղաքը։ 

«Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել հունիսի 23-ին։ ՏԿԵ նախարարությունն այս նախագիծը հիմնավորելու համար կրկնել է նույն տեքստը, որն ամիսներ առաջ հրապարակել էր Ստեփանավան, Գորիս և Եղեգնաձոր համայնքները շրջաններով միավորելու նախագծի համար։ 

Հիմնական թեզն այն է, որ բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: «2021թ․-ին իրականացված համայնքների միավորման ծրագրերի գերիշխող մասն իրականացվել է այդ տրամաբանությամբ: Ինչպես ցույց է տվել անցած տարիների փորձը՝ «շրջանային» մոդելով համայնքների միավորումն ունեցել է առավելություններ «փնջային» մոդելի համեմատությամբ»,- ասվում է հիմնավորման տեքստում: 

«Խոշոր համայնքներն ունեն ավելի մեծ ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսներ, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել ենթակառուցվածքները, մատուցել ավելի որակյալ ծառայություններ և իրականացնել ավելի լայնածավալ ծրագրեր և այլն»,- ասվում է հիմնավորման մեջ: 

Եվ, վերջապես, ինչպես հիմնավորման մեջ է նշվում, համայնքները շրջաններով միավորելը վարչապետի կամքն է, որը նա հայտնել է 2023 թ․-ի դեկտեմբերին ՏԿԵՆ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ։ 

Այս նախագիծը նախորդից մեկ բանով է տարբերվում․ նախկինում համեմատությունն արվում էր շրջանային և փնջային մոդելների միջև և նախապատվությունը տրվում էր համայնքները շրջանային տարբերակով միավորելուն։ Այժմ առաջարկվում է միավորել երկու համայնքներ, որոնք արդեն իսկ շրջաններով են միավորված։ ՏԿԵՆ-ը փորձել է հիմանվորել նաև այս միավորումը, սակայն տեքստը համոզիչ չէ։

«Պատմական փաստերը վկայում են, որ Վեդի քաղաքը մինչև 1995թ․-ի վարչատարածքային բաժանումը ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Խորհրդային Հայաստանում 1920-ական թվականներից սկսած վարչական վերափոխումների արդյունքում Վեդին դարձավ Վեդու շրջանի կենտրոն, իսկ հետագայում՝ Արարատի շրջանի կենտրոն (մինչև շրջանների վերացումը 1995թ.)»,- ասվում է նախագծում։

Նախագիծը սահմանում է, որ ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը (եթե ընտրությունների արդյունքները դատարան չեն բողոքարկվում) դադարում են միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։ Նույն օրը նոր ընտրված ավագանին ստանձնում է իր լիազորությունները: 

«Միավորվող համայնքների ՏԻՄ-երի լիազորությունները տարբեր ժամկետներում ավարտվելու հիմքով՝ որոշ համայնքների ՏԻՄ-երի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն»,- հայտնում է ՏԿԵՆ-ը: Նկատի ունեն Վեդի համայնքը, որտեղ ավագանու ընտրությունը 2022թ․ մարտին է տեղի ունեցել։ 

Ընտրությունների օրը կնշանակի մարզպետը՝ համաձայնեցնելով ԿԸՀ հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter