HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը՝ Հովհաննավանքից կարգալույծ քահանային չվտարելու հարցում

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումը, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Ոստիկանության անգործությունը՝ Հովաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանին (Տեր Արամ) վտարելու գործողությունները չկատարելու հարցում: Վճիռը կայացվել է այսօր՝ 2026թ. հուլիսի 1-ին, դատավոր Վարազդատ Միքայելյանի նախագահությամբ:

Եկեղեցին 2026թ. հունվարի 21-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Ներքին գործերի նախարարության ոստիկանության։ Պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության անգործությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ ոստիկանությունը չի իրականացրել անհրաժեշտ գործողություններ՝ Ստեփան Ասատրյանին եկեղեցու տարածքից վտարելու համար։ Մասնավորապես՝ ոստիկանությանը 2025թ. հոկտեմբերի 23-ին ներկայացված դիմումի և դրա լրացումների, ինչպես նաև հոկտեմբերի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժին ներկայացված դիմումի հիման վրա պետք է իրականացվեին կարգալույծ քահանայի վտարման գործողություններ, ինչը չի արվել:

Եկեղեցու ներկայացուցիչները՝ փաստաբաններ Արա Զոհրաբյանն ու Տաթևիկ Շալջյանը նշել են, որ առկա է ոստիկանության կողմից նույնատիպ անգործության կրկնության վտանգ, ինչպես նաև վիճարկվող անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելը նպատակ է հետապնդում վերականգնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարի համբավը։ 

Եկեղեցու պնդմամբ՝ ոստիկանության անգործության հետևանքով չեն պաշտպանվել իր՝ որպես սեփականատիրոջ իրավունքները։ Դրա արդյունքում Ստեփան Ասատրյանը մուտք է գործել եկեղեցու այն տարածքներ, որոնք նախատեսված են միայն հոգևորականների համար, և կատարել է կրոնական արարողություններ՝ խոչընդոտելով Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականի կողմից պատարագի անցկացմանը։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ է հռչակվել 2025թ. հոկտեմբերի 21-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից:

Եկեղեցին նշել է նաև, որ ոստիկանության կողմից բողոքը մերժելու պատճառաբանությունները՝ սեփականության իրավունքի սահմանափակման, կրոնի ազատության և հրապարակային առաջարկի (օֆերտայի) վերաբերյալ, չեն համապատասխանում գործող օրենսդրությանը և չեն կարող հիմնավորել ոստիկանության անգործությունը։

Ըստ հայցվորի՝ ոստիկանությունը նաև միջամտել է եկեղեցու ներքին գործերին՝ Ստեփան Ասատրյանին, որը կարգալույծ է, դիտարկելով որպես գործող հոգևորական և թույլ տալով նրան կատարել եկեղեցական ծեսեր։

Եկեղեցին նշել է, որ այս վեճը չի վերաբերում եկեղեցի մուտք գործելու կամ մարդկանց՝ կրոնի ազատության իրավունքն իրականացնելու հարցին։ Խոսքը վերաբերում է միայն այն տարածքներին՝ խորան, ատյան և ավանդատուն, որոնք նախատեսված են բացառապես հոգևորականների համար և որոնց օգտագործման կարգը սահմանվում է եկեղեցու ներքին կանոններով։

Եկեղեցու պնդմամբ՝ ոստիկանությունը, չկատարելով իր պարտականությունները, չի կանխել Ստեփան Ասատրյանի մուտքը այդ տարածքներ և չի ապահովել եկեղեցու սեփականության իրավունքի պաշտպանությունը։

Ոստիկանությունն իր պատասխանում նշել է, որ եթե ոստիկանությունը Ստեփան Ասատրյանին հեռացներ եկեղեցու տարածքից, դա կարող էր սահմանափակել ոչ միայն նրա, այլև այնտեղ գտնվող այլ անձանց՝ Սահմանադրությամբ երաշխավորված մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը։

Ըստ ոստիկանության՝ իր գործողությունների ընթացքում պետք էր հավասարակշռել եկեղեցու սեփականության իրավունքն ու անձանց կրոնի ազատության իրավունքը՝ պահպանելով համաչափության սկզբունքը։

Ոստիկանությունը նաև նշել է, որ չի միջամտել եկեղեցու ներքին գործերին, չի որոշել Ստեփան Ասատրյանի եկեղեցական կարգավիճակի հարցը և նրան չի թույլատրել կրոնական ծեսեր իրականացնել։ Ոստիկանության պնդմամբ՝ իր գործողությունները սահմանափակվել են միայն հասարակական կարգի և անվտանգության ապահովմամբ։ Հետևաբար դատարանից խնդրել է մերժել եկեղեցու հայցը։

Եկեղեցին հակադարձել է ոստիկանության այն հիմնավորումներին, թե եկեղեցին հանրային վայր է և գործում է «հրապարակային օֆերտայի» (առաջարկ՝ անորոշ թվով անձանց) սկզբունքը, տվյալ դեպքում կիրառելի չեն, քանի որ խոսքը ոչ թե եկեղեցի այցելելու իրավունքի, այլ հոգևորականների համար նախատեսված փակ տարածքներ մուտք գործելու մասին է։ Բացի այդ, Ստեփան Ասատրյանը, լինելով կարգալույծ, չի կարող եկեղեցական ծեսեր կատարել՝ դա համարելով կրոնի ազատության իրավունքի իրականացում։

Վարչական դատարանն արձանագրել է, որ եկեղեցու ներքին կազմակերպման, եկեղեցական ծառայության իրականացման, ինչպես նաև եկեղեցու պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանումն ու դրանցում գտնվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի որոշումը վերապահված է բացառապես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու իրավասու մարմիններին։ 

Դատարանը նշել է՝ այն փաստը, որ եկեղեցին ընդհանուր առմամբ բաց է հավատացյալների համար, չի նշանակում, որ դրա բոլոր հատվածներում գործում են նույն մուտքի կանոնները։ Եկեղեցու ներսում կան առանձնացված տարածքներ, որոնց մուտքը սահմանափակված է և կարգավորվում է եկեղեցու՝ որպես օրինական տիրապետողի կողմից։ Հետևաբար Հովհաննավանքի եկեղեցու հիմնական սրահը նախատեսված է հավատացյալների կողմից պաշտամունքին մասնակցելու համար, սակայն խորանը, ատյանը, ավանդատունը և նման այլ տարածքները նախատեսված են միայն եկեղեցու սպասավորների ծառայության և եկեղեցական արարողությունների իրականացման համար։

Հիշեցնենք՝ Վարչական դատարանը 2026թ. հունիսի 19-ին բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցը և ոչ իրավաչափ ճանաչել Ներքին գործերի նախարարության ոստիկանության անգործությունը, այս անգամ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու կարգալույծ հովիվ Արամայիս Թախմազյանին (Տեր Թադե) վտարելու գործողություններ չիրականացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter