HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուսապարկերով» թռչունները. գիտնականներին հաջողվել է վայրի բնության մեջ նշադրել մորուքավոր անգղի ծնողին ու ձագին

Մայիսի 31-ը գուցե այդպես էլ սովորական օր մնար գիտնականներ Լուսինե Աղաջանյանի, Մամիկոն Ղասաբյանի եւ Լյուբա Բալյանի համար, եթե տեղի չունենար կարեւոր մի իրադարձություն: Գիտական խումբը Վայքից դեպի Ջերմուկ ընկած հատվածում՝ ժայռի վրա գտնվող անգղերի բնադրավայրում, հանդիպել էր մորուքավոր անգղի ու դրա ձագին՝ երիտասարդ առանձնյակի, եւ կարողացել էր նշադրել:

Նշադրումը արբանյակային տվիչներով սարքի տեղադրումն է թռչնի մեջքին կամ ոտքին: Այն հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ թռչունների միգրացիայի, վարքագծային փոփոխությունների մասին, բացահայտել տեսակին սպառնացող վտանգները եւ այլն:

Սա մորուքավոր անգղի նշադրման եզակի դեպք է Հայաստանում, երբ հաջողվել է նշադրել թե՛ ծնողին, թե՛ ձագին: Այս մասին նշադրումից օրեր անց իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր նաեւ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրէկոլոգիայի գիտական կենտրոնն. «Սա հնարավորություն է ստեղծում վայրի բնության մեջ բնադրող ծնող-ձագ հարաբերությունների ուսումնասիրության համար»:

Նշադրման համար գիտական խմբի հետ լեռնագնաց է աշխատում: Այդ օրը նա ժայռից ներքեւ էր իջել ու տեսել, որ ձագը բնում է, իսկ ծնողը՝ բնի խորքում:

«Այդ օրն ընդհանրապես չէի սպասում, որ կհաջողվի նշադրել եւ՛ ծնողին, եւ՛ ձագին: Ալպինիստը մեր լավ գործընկերն է, եւ միշտ խոսում էինք, որ շատ լավ կլինի, եթե մեծին էլ բռնենք: Սակայն այդ օրը մտքներովս չէր անցնի, որ բնի մեջ կբռնենք, որովհետեւ ինչ թռչուն ուզում է լինի, մեծերը գնում են բնից»,- ասում է Լուսինե Աղաջանյանը:

Նշադրված ծնողից ու ձագից գիտնականներն այժմ 10 րոպեն մեկ տեղեկություն են ստանում: Նրանք այժմ հնարավորություն ունեն միաժամանակ երկուսին էլ հետեւել:

Անգղը բնության սանիտար է

Մորուքավոր անգղը (Gypaetus barbatus), որը հայտնի է նաեւ գառնանգղ անունով, ճուռակների ընտանիքի թռչուն է: Այն ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ, IUCN) Կարմիր ցուցակում՝ «վտանգված վիճակին մոտ գտնվող» (Near Threatened) կարգավիճակով: Իսկ ահա Հայաստանի Կարմիր գրքում տեսակը գրանցված է «խոցելի» (Vulnerable) կարգավիճակով:

Ըստ ՀՀ Կարմիր գրքի տվյալների (Կառավարության որոշմամբ հաստատվել է 2010 թ. հունվարին)՝ մորուքավոր անգղը տարածված է Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում՝ բացի հանրապետության արեւմուտքից եւ հյուսիս-արեւմուտքից: Բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում՝ գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն՝ 800-2000 մ բարձրություններում: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տեսակի բնադրավայրերը համարյա չեն փոփոխվել, սակայն կերային բազան նկատելիորեն վատթարացել է՝ կապված վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ:

Մորուքավոր անգղի արեալը Հայաստանում՝ ըստ Կարմիր գրքի

Բները զբաղեցնելու խիստ օրինաչափություն չի դիտվում, սակայն երբեմն զբաղեցնում են նույն բույնը մի քանի տարի շարունակ: Բները, սովորաբար, տեղադրում են ժայռերի եզրերին կամ ժայռային խորշերում, որտեղ ցերեկային արեւի ճառագայթները չեն հասնում: Ձվադրման շրջանը տատանվում է լայն սահմաններում, հավանաբար՝ հունվարի սկզբից մինչեւ մարտի կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ անգամ՝ մեկ ձու: Ձագերը դուրս են գալիս փետրվարի երկրորդ կեսին:

Գիշատիչ թռչունների ուսումնասիրությամբ զբաղվող Լուսինե Աղաջանյանն ասում է, որ մորուքավոր անգղի ծնողները ձագի մոտ՝ բնում, լինում են միայն ինկուբացիոն շրջանում, իսկ ձվից դուրս գալուց հետո պակասեցնում են այցերը դեպի բույն, քանի որ այնտեղ այլեւս բավարար տեղ չի լինում. այս թռչնի թեւերի բացվածքը հասնում է 2,6 մետրի, չնայած հանդիպում են նաեւ ավելի խոշոր առանձնյակներ:

Կարմիր գրքի համաձայն՝ մորուքավոր անգղը կերը հայթայթում է ինչպես բաց լանդշաֆտներում (լեռնային տափաստան, կիսաանապատ, անտառատափաստան), այնպես էլ կիրճերում: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում՝ մանր եւ միջին չափերի, սակայն երբեմն սնվում է խոշոր եղջերավոր կենդանիների եւ միջին չափերի կրծողների ու գիշատիչների դիակներով:

Լ. Աղաջանյանն էլ նշում է, որ մորուքավոր անգղերի սննդի 90 տոկոսը ոսկորներն են, եւ այս թռչունները համարվում են ոսկրակերներ: Նրանք ունեն իրենց սիրելի ժայռերը, որոնց վրա թռիչքի բարձրությունից գցում են ոսկորներն ու ջարդում, ապա իջնում են ու կոտրված ոսկորները կուլ տալիս: Մորուքավոր անգղերը նաեւ միս են ուտում, բայց ավելի քիչ, իսկ ահա ձագերին մսով (լեշով) են կերակրում:

Երիտասարդ (առաջին նշադրվածը) եւ հասուն (էգ) մորուքավոր անգղեր

Ըստ «Հետք» զրուցակցի՝ անգղերը համարվում են բնության սանիտարներ. «Անգղերի պահպանությունը ոչ անմիջական, բայց կարեւոր է նաեւ մեզ համար, քանի որ նրանք մաքրում են բնությունը, կտրում վարակների շղթաները, այդպիսով՝ մեզ համար ապահովելով մաքուր կենսամիջավայր»:

Հայաստանում այսօր կա մորուքավոր անգղի առնվազն 16 բնադրող զույգ

2010-ին ընդունված ՀՀ Կարմիր գրքի համաձայն՝ ենթադրվում էր, որ Հայաստանում կա մորուքավոր անգղի 8-10 բնադրող զույգ: Իսկ ահա Լուսինե Աղաջանյանը նկատում է, որ այսօր մորուքավոր անգղի 16 բնադրող զույգ կա մեր երկրում, ինչի մասին վկայում են գիտնականների հետազոտությունները. չեն ուսումնասիրել միայն Սյունիքի տարածքը:

Կարմիր գրքի տվյալներով՝ մորուքավոր անգղերի վտանգման հիմնական գործոններն են՝ թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական եւ անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով, ապօրինի որսը եւ սպանելը, թակարդներով բռնելն ու թունավորումը թակարդներում դրված կերով, ինչպես նաեւ կերային ռեսուրսների կրճատումը:

Ըստ նույն աղբյուրի՝ տեսակի պահպանության համար անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի եւ գառնանգղին սպանելու վերահսկողությունը, ինչպես նաեւ վերանայել գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը՝ տվյալ միջոցառումներն իրականացնելով էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով: Անհրաժեշտ է նաեւ ուժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման եւ վաճառքի նկատմամբ, մշակել տաքսոդերմիստների սերտիֆիկացման եւ նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Խիստ անհրաժեշտ է կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ:

«Գիշատիչ թռչունները սիրում են առանձնացած լինել, չեն սիրում բնակավայրերին մոտ լինել,- իր հերթին նկատում է Լուսինե Աղաջանյանը,- բայց հիմա, քանի որ տուրիզմը զարգանում է, տարբեր տեղերում տուրիստական կետեր են դնում, կապ չունի դա հանգստավայր է, թե սննդի վայր, մարդկանց աշխուժությունը մեծանում է, իսկ դա կարող է ազդել, որ հետագայում գիշատիչ թռչունները փոխեն իրենց բնադրավայրերը»:

«Ուսապարկեր»՝ ամբողջ կյանքի համար

Լ. Աղաջանյանը Կենդանաբանության եւ հիդրէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող է: Նրա ուսումնասիրության հիմնական նյութը գիշատիչ թռչուններն են:

Ամեն ինչ սկսվել է 2018 թ., երբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պատահաբար անգղի ձագ էր գտել: Գործընկերների հետ տարել էին բաց տարածք ու բաց թողել. այդպես ավելի հավանական է, որ ծնողները կգտնեին ձագին՝ ի տարբերություն անտառածածկ տեղերի:

Լուսինեն սեղանին է դնում տարբեր քաշերի արբանյակային երկու տվիչ: Դրանք նախատեսված են տարբեր քաշերով թռչունների նշադրելու համար: Մեր զրույցն սկսվում է վաղ դարերից, երբ մարդկանց հասկանալի չէին թռչունների տեղաշարժերը՝ ու՞ր են նրանք գնում, արդյոք մտնում են գետնի տակ, թե՞ գուցե վերածվում են այլ կենդանիների եւ այլն: Նման ընկալումների շարունակվեցին այնքան երկար, մինչեւ մարդիկ չբացահայտեցին չու երեւույթը: Լուսինեն պատմում է, որ 1800-ականների կեսերին աֆրիկյան նետով խոցված արագիլ էին տեսել Գերմանիայում եւ չէին հասկանում, թե ինչպես է Աֆրիկայում նետահարված թռչունը հասել Եվրոպա: Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ թռչունները չվում են:

«Նախկինում մարդիկ մտածում էին, որ թռչունները չվում են Լուսին կամ մտնում են ջրերի տակ՝ ձկների վերածվելով: Տարբեր հիպոթեզեր են եղել, եւ առաջին հիմքից՝ նետահարված արգիլից, սկսեցին այլ մեթոդներով ուսումնասիրել՝ օղակներ տեղադրել թռչունների ոտքերին, ավելի ուշ արդեն արբանյակային տվիչներով սկսեցին հետեւել տեղաշարժերին»,- պատմում է Լուսինե Աղաջանյանը: Ընդ որում՝ Գերմանիայում հայտնաբերված արագիլը որպես միգրացիայի օրինակ պահպանվում է գերմանական թանգարանում:

Արբանյակային տվիչները տեֆլոնով ամրացնում են թռչունների իրանին, ինչը կոչվում է «ուսապարկի մեթոդ»: Դրա դրական կողմերից մեկն այն է, որ թռչունները դժվարանում են հանել տվիչը, բայց կան նաեւ այլ մեթոդներ, օրինակ՝ որոշ թռչունների դեպքում նախատեսված սարքն ամրացվում է ոտքին:

Տվիչը տեղադրելուց հետո տրվում են համապատասխան կարգավորումները: Թռչնի տեղորոշումը նվազագույն տեղեկությունն է, որ թռչնաբանները ստանում են: «Հետքի» զրուցակիցը նշում է, որ աքսելերոմետր սարքով կարողանում են տեղեկություններ ստանալ, թե ինչ անում այդ պահին  թռչունը՝ թռիչքի մեջ թեւերն է թափահարու՞մ, սավառնու՞մ է, սնվո՞ւմ է, թառա՞ծ է, թե՞ այլ բանով է զբաղված: Հայ գիտնականների տեղադրած սարքերը տեղեկություն են հաղորդում նաեւ թռչունների մարմնի ջերմաստիճանի մասին, եւ եթե կենդանին անկում է, ու մարմնի ջերմաստիճանն ընկնում է, նրան հետեւող գիտնականները սարքի տվյալների հիման վրա կարող են գտնել կենդանուն:

Երիտասարդ (ձախից) եւ հասուն (աջից) մորուքավոր անգղերի հետագծեր, 2026 թ.

Լուսինեն ասում է, որ արբանյակային տվիչով սարքը տեղադրվում է անգղի ամբողջ կյանքի համար: Մյուս կողմից՝ սարքի քաշը չպետք է գերազանցի թռչնի զանգվածի 5 տոկոսը:

Մի ամբողջ ընթացակարգ է սարքի տեղադրումը, ինչի համար մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ: Թռչնի մեջքին սարքը պետք է այնպես տեղադրվի, որ չխանգարի նրան ազատ թափահարել թեւերն ու թռչել: Դրա համար տղամարդու մի ձեռքի չափով ազատ տեղ են թողնում, իսկ ձագերի դեպքում ավելի շատ տարածք են թողնում՝ հաշվի առնելով, որ երիտասարդ առանձնյակն արագ է մեծանում, թեւերն ու կրծքավանդակը ընդլայնվում են:

Անգղերին նշադրում են արդեն 5 տարի 

Լուսինե Աղաջանյանի պատմելով՝ անգղերի նշադրումը Հայաստանում սկսվել է 2021 թ., երբ դեռ կար NABU-ի (Գերմանիայի բնության պահպանության միություն)՝ գիշատիչ թռչունների պաշտպանության ծրագիրը: Չնայած կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը նախորդ տարի փակվել է, Լուսինեն անգղերի ուսումնասիրության շրջանակներում կապի մեջ է նաեւ Անգղերի պահպանության հիմնադրամի (The Vulture Conservation Foundation) հետ: Հայ գիտնականը հրավիրվել էր իտալական Սարդինիա՝ մասնակցելու միջազգային կոնֆերանսի, որտեղ էլ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անգղերի նշադրման աշխատանքները շարունակելու համար:

Երիտասարդ գիշանգղ եւ սեւ անգղ

Անգղերի նշադրման ծրագրով առաջինը հաջողվել էր նշադրել գիշանգղին (Neophron percnopterus), իսկ հաջորդող տարիներին՝ թե՛ գիշանգղերին, թե՛ մորուքավոր անգղերին, թե՛ սեւ անգղերին (Aegypius monachus): 2021-ից մինչ օրս հայ գիտնականները նշադրել են 7 գիշանգղ, 6 սեւ անգղ եւ 5 մորուքավոր անգղ: Սպիտակագլուխ անգղի (Gyps fulvus) դեռ չեն նշադրել:

Ինչո՞ւ է եզակի ծնող-ձագ նշադրումը

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ ավելի հեշտ է նշադրել անգղերի ձագերին, քան ծնողներին: Մորուքավոր անգղի դեպքում ձագը պետք է լինի 90 օրական, երբ արդեն ծնողի չափերի է, բայց թռչել դեռ չի կարող, բնում է լինում: «Հենց դա ճիշտ ժամանակն է, որ կարողանանք տեղադրել արբանյակային տվիչը։ Ձագերին նշադրելու նրբությունն այն է, որ պետք է մի քիչ շատ ուսապարկային տարածք թողնես, քանի որ կրծքային մկաններն աճում են, այսինքն՝ չի կարելի երիտասարդ թռչունի վրա տեղադրել նույն ձեւով, ինչպես հասունի դեպքում, որովհետեւ ձագը մեծանալու է։ Արտերկրում եղել են դեպքեր, երբ անփորձ են տեղադրել, թռչունը մեծացել է, մկաններն աճել են, թելը սեղմել է, անկել են»,- նկատում է Լուսինե Աղաջանյանը:

2020-ից հայ գիտնականներն ուսումնասիրում են անգղերի բնադրավայրերը: Բացի Սյունիքից, որտեղ դեռ չեն հասցրել աշխատել, մնացած բոլոր մարզերում անգղերի բնադրավայրերով քարտեզ են ստեղծել:

Վերջերս նշադրված հասուն առանձնյակի 3 ձագերի արդեն իսկ նշադրել են 2022 թ., մինչ օրս բոլորն էլ ողջ են: Այսպիսով՝ մայիսին նշադրվել են 4-րդ ձագն ու ծնողը:

Մորուքավոր անգղի ձագերն, ըստ գիտնականի, ծնողների հետ անցկացնում են 6 ամիս, այդ ընթացքում սովորում են ինքնուրույն կյանքի՝ ինչպես թռչել, որտեղ նստել-հանգստանալ, ինչպես գտնել սնունդ եւ այլն:

Լուսինե Աղաջանյանն ասում է, որ իրենց նշադրած թռչուններից մորուքավոր անգղն ամենակապվածն է Հայաստանին. «Եթե քարտեզով նայում ես, տեսնում ես, որ Հայաստանից չի ուզում դուրս գալ, եւ այդ ծնողի երեք երիտասարդ առանձնյակներն էլ են նույնը վարքը դրսեւորում»:

Մորուքավոր անգղերը տարածքային թռչուններ են համարվում, հավատարիմ են իրենց բնադրավայրերին: Նրանք հաճախ կարող են բնադրման տարածքային կոնֆլիկտ ունենալ քարարծիվների հետ, որոնք եւս իրենց տարածքին հավատարիմ թռչուններ են: Երկու տեսակի բախումը կարող է հանգեցնել ընդհուպ դրանցից մեկի մահվան:

Լուսանկարները՝ Լուսինե Աղաջանյանի անձնական արխիվից ու Կենդանաբանության եւ հիդրէկոլոգիայի գիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter