HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Բարձր դատարանի դատավորները չեն հնչեցրել գեթ մեկ ուղիղ հարց, որը կարող էր վնասել իշխող ուժի շահերին». Հովհաննես Խուդոյան

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի  ներկայացուցիչները` Տաթևիկ Սողոյանը և Հովհաննես Խուդոյանը, Սահմանադրական դատարանում հանդես եկան եզրափակիչ ելույթով: Նշեցին, որ ՍԴ իրենց դիմումի հիմքում ընկած է քաղաքացին: ՍԴ-ում դատաքննության ընթացքում ընտրողը վերլուծել և հասկացել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական գործընթացներում անգործություն է դրսևորել:

«Մենք հասկացանք, որ կարելի է ասել՝ չենք ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ չի կատարել իր առաքելությունը, չի ապահովել հավասար ու ազատ ընտրական իրավունքի իրացում»,- ասում է Հովհաննես Խուդոյանը:

Տաթևիկ Սողոյանի դիտարկմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է պարզապես «կանցելարիա»: Պարզապես հասցեագրել է այն դիմումները, որոնց պետք է անդրադառնար, որի համար օրենքով պարտավորված է եղել: Ըստ ներկայացուցչի՝ ոչ մի պատճառաբանություն ընդունելի չէ, քանի որ ԿԲ-ն իրականացրել է «զրո վարչական վարույթ»: Ըստ ներկայացուցչի՝ ի վերջո Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է վերապահված ընտրական գործընթացների վերահսկողությունը:

Փոխարենը, ըստ Հ. Խուդոյանի, գրություն է հասցեագրել քննչական մարմիններին, որպեսզի հաղորդագրություններում չտարածեն նաև քաղաքական ուժերի անունները, ստացել է ոչ իրավաչափ մերժում, և ասել են՝ «դե չի ըլնի, չի ըլնի»:

Տաթևիկ Սողոյանը նշեց, որ Արթիկ և Մարտունի համայնքներում աշխատանքային ժամին  վարչական ղեկավարների ուղիղ հրահանգով համայնքի ամբողջ աշխատակազմը մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին: Դրա վերաբերյալ ոչ վարչական, ոչ քրեական վարույթներ չեն հարուցվել:

«Զրո մարդ է ենթարկվել պատասխանատվության, և այդպես էլ ամեն ինչ մնացել է անհետևանք»,- ասում է Տ. Սողոյանը՝ հավելելով, որ փաստացի երկու իշխանական մարմինների կողմից վառվել է կանաչ լույս, որպեսզի ինչքան ցանկանան, այդքան չարաշահեն վարչական ռեսուրսը:

Ներկայացուցիչները հարց բարձրացրին, եթե վերահսկողություն այդպես էլ չի լինելու, ապա այն ինչի համար է պետք, ինչի համար է պետք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

«Ավելի լավ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակել, փոխարենն այդ գումարը պետական բյուջեից հատկացնել «Դոմինո Փրոդաքշնին», որն ավելի լավ կկազմակերպի այդ միջոցառումները»,- ասում է Հովհաննես Խուդոյանը:

Անդրադառնալով թոշակների բարձրացմանը, առողջության ապահովագրությանը՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները նշեցին, որ քարոզարշավի ընթացքում դրանք դարձել են քարոզարշավի մաս:

Ներկայացուցիչներից Տ. Սողոյանը հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանը նախընտրական հիմնադրամի գումարների, ծախսերի չափին անդրադարձ կկատարի: Սողոյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կատարած ծախսը 1 մլն դոլարով գերազանցել է թույլատրելի շեմը: Հենց այդ հանգամանքը պետք է հիմք դառնար, որպեսզի կուսակցությունը դուրս մնա քաղաքական պայքարից:

Հովհաննես Խուդոյանն, անդրադառնալով զինվորների քվեարկության դեպքերին, ասաց, որ երբ նրանք շարունակել են քվեարկել ժամը 20:00-ից հետո, ԿԸՀ-ն քայլեր չի ձեռնարկել, որպեսզի այն կանխի, և վերջում անվավեր են ճանաչվել տեղամասի քվեարկության արդյունքները, որի բացասական հետևանքները կրում է ընտրողը:

Ներկայացուցիչները նշեցին, որ այդպես էլ ԿԸՀ նախագահը չի պատասխանել ՍԴ դատավորների հարցին, թե մինչև 3 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քանի տոկոս ձայն է հավաքել: Մինչդեռ, եթե անվավեր չճանաչվեին արդյունքները՝ ԲՀԿ-ն հավաքելու էր 4%:

Անդրադառնալով քարոզարշավի ժամանակ վարչապետ և ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «կզցնելու եմ», «դու ինչու չես զոհվել», «գետինը մտնես» արտահայտություններին, Տաթևիկ Սողոյանը նշեց, որ դրանք ընդունելի չեն կարող լինել: ՍԴ-ին խնդրեց դրան անդրադարձ կատարել, որպեսզի հետագայում դրանք բացառվեն քաղաքական խոսույթից: Իսկ Հ. Խուդոյանը նշեց, որ երբ նույն տոնով իրենց հետ են խոսում, ընդդիմախոսները «փռվում են ասֆալտին» կամ ձերբակալվում են, ենթարկվում քրեական հետապնդումների:

Վերջում Հովհաննես Խուդոյանը նշեց, որ նույնիսկ Սահմանադրական դատարանի դատավորները չեն հնչեցրել գեթ մեկ ուղիղ հարց, որը կարող էր վնասել իշխող ուժի շահերին:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում 2026թ. հունիսի 26-ին մեկնարկել է յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։ Այն վերաբերում է 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշմանը։ Նշված գործերը միավորվել են և քննվում են նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:

2026թ. հունիսի 14-ի նիստում ԿԸՀ-ն, ամփոփելով ընտրությունների վերջնական արդյունքները, որոշեց, որ խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) կուսակցությունների դաշինքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter