HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող Թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը

Ռուսաստանը պաշտոնապես կամ անուղղակի խոչընդոտներով փակել է հայկական պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, չրերի և բազմաթիվ այլ ապրանքների մուտքն իր տարածք։ 

Մինչ հայ արտահանողները փորձում են ելքեր գտնել, արտահանման նոր շուկաներ գտնել, փչացած ապրանքի կորուստը հաշվել, հնչում են կարծիքներ, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է փակի ռուսական որոշ ապրանքների մուտքը և արգելի ներմուծումը։ 

Սակայն, այդ հայտարարությունների ու կոչերի հիմքում հաճախ չկան հիմնավորումներ, տվյալներ ու եզրակացություններ։

Հայաստանի մաքսային ծառայությունն ամփոփել և հրապարակել է 2025 թվականի արտաքին առևտրի տարեկան տվյալները։ Այս ուսումնասիրությամբ «Հետք»-ն առանձնացրել է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող Թոփ-20 ապրանքները և Ռուսաստանի կշիռը նույն ապրանքի ընդհանուր ներմուծման կազմում, ինչպես նաև՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները և դրանց կշիռները։ 

Պարզել ենք, որ մի շարք ապրանքների գծով հիմնական մատակարարը Ռուսաստանն է, օրինակ՝ ձեթի և ցորենի 99%-ը ներմուծվում է նշված երկրից։ Առայժմ ներկայացնենք տվյալները՝ առանց մեկնաբանությունների։ 

Գազ, բենզին, ցորեն. մի շարք ապրանքների ընդհուպ 90-100%-ը ներմուծվում է Ռուսաստանից

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է մոտ 4.9 մլրդ դոլարի ապրանք։ Եթե համադրենք Վիճակագրական կոմիտեի տվյալների հետ, ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանի ներմուծման կազմում 37% տեսակարար կշիռ ունի։ 

2024 թվականի համեմատ Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալը կրճատվել է 48.5%-ով։ Նվազումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ոսկու ծավալների կտրուկ կրճատմամբ։ Հիշեցնենք, որ 2022 թվականից Հայաստանը մեծ քանակով ոսկի է ներմուծել Ռուսաստանից և վերաարտահանել մեծ մասամբ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Վերաարտահանումների այս ալիքը թուլացել է, ինչի հետևանքով նվազել է ինչպես Ռուսաստանից Հայաստան ներմուծումը, այնպես էլ՝ Հայաստանից ԱՄԷ արտահանումը։ 

Չնայած կտրուկ նվազմանը՝ 2025 թվականին Ռուսաստանից Հայաստան ներմուծված ապրանքների առաջին հորիզոնականում, ըստ արժեքի, ոսկին է՝ կիսամշակ կամ անմշակ։ Ներմուծվել է մոտ 2.3 մլրդ դոլարի ոսկի՝ նախորդ տարվա 5.9 մլրդ դոլարի դիմաց։ 

Պետք է նկատի ունենալ, որ ոսկին մեծապես վերաարտահանվող ապրանք է, այսինքն՝ այն չի ներմուծվում մեր սպառման համար և դրա անգամ ներմուծման արգելքը բնակչության լայն շերտերի վրա չի ազդելու։ Ոսկու առևտուրը ընդամենը մի քանի բիզնեսմենների վրա է ազդել վերջին տարիներին։ Եվ վերաարտահանումների ալիքի նվազմանը զուգահեռ այս ապրանքը առաջին հորիզոնականից, վստահաբար, իջնելու է։ 

Եթե այս համատեքստում չհաշվենք ոսկին, ապա Հայաստանի բնակչության սպառման համար Ռուսաստանից ամենամեծ ծավալի ներմուծվող ապրանքը գազն է։ Մեկ տարում ներմուծվել է 489 մլն դոլարի բնական և հեղուկ գազ։ Ըստ արժեքի՝ դա Հայաստան ներմուծված ամբողջ գազի 85%-ն է։ 

Եթե վերցնենք միայն բնական գազը, Հայաստան ներմուծվող բնական գազի մինչև 20%-ն է Իրանից, մնացածի մատակարարը Ռուսաստանն է: 

Ռուսաստանից ներմուծվող մյուս խոշոր ապրանքը նավթամթերքն է՝ հիմնականում բենզին և դիեզելային վառելիք, ավիավառելիք, ինչպես նաև՝ ավտոյուղեր և այլն։ 2025-ին ներմուծվել է 189 մլն դոլարի նավթամթերք։ Դա էլ կազմում է նույն տարում Հայաստան ներմուծված նավթամթերքի ընդհանուր ծավալի մոտ 37%-ը։ 

Վերջին տարիներին Ռուսաստանից ներմուծվող վառելիքի ծավալները կրճատվում են՝ տեղը մասամբ զիջելով Եգիպտոսից, Ռումինիայից, Բուլղարիայից, Մալթայից և ավելի փոքր ծավալով՝ Վրաստանից, Հունաստանից, Կիպրոսից ներմուծվող վառելիքին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2025-ին նշված երկրից Հայաստան բենզինի ներմուծման ծավալը 1 մլն դոլարի չի հասել, որը չնչին ծավալ է ընդհանուրի մեջ։ Դեռևս չունենք տվյալներ 2026-ի իրավիճակի մասին։

Ռուսաստանից Հայաստան ներմուծվող հիմնական և լայն սպառման ապրանքներից է ցորենը։ Այն չորրորդ տեղում է, ծավալը՝ 82 մլն դոլար։ Հայաստան ներմուծվող ցորենի 99%-ը Ռուսաստանից է։

Նշենք, որ ցորենի գծով Հայաստանի ինքնաբավության աստիճանը բավականին ցածր է։ Վիճակագրական կոմիտեի վերջին հաշվարկներով՝ 2024-ին այն ընդամենը 22.8% է:

Հաջորդը արծաթն է։ Ինչպես ոսկին ու պլատինը, որոնք ևս կտեսնեք այս ինֆոգրաֆիկայում, արծաթը Հայաստան է ներմուծվում վերաարտահանման նպատակով։ Դրանց ծավալները ևս 2025-ին կրճատվել են։ Եթե վերաարտահանումները այս տեմպերով շարունակեն թուլանալ, ապա այս երկու ապրանքները ևս Ռուսաստանից Հայաստան ներմուծման առաջատար հորիզոնականներից դուրս կգան։

Արծաթին հաջորդում է ալյումինը։

Հայաստան ներմուծվող շոկոլադի և կակաո պարունակող այլ սննդի կեսից մի փոքր ավելին՝ 52%-ը, ներմուծվել է Ռուսաստանից։ 2025-ին ներմուծվել է 48 մլն դոլարի շոկոլադ և կակաոյով սնունդ։ Այն ներմուծվում է նաև Ուկրաինայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, ավելի փոքր ծավալով՝ Բելգիայից, Իսպանիայից, Թուրքիայից և այլն։ 

Հայաստան ներմուծվող ձեթի 99%-ն է Ռուսաստանից։ Մեկ տարում ներմուծվել է 40 մլն դոլարի ձեթ, որի մեջ էական կշիռ ունի արևածաղկի ձեթը։ 

Ռուսաստանի տեսակարար կշիռը մեծ է նաև Հայաստան ներմուծվող հացի ու հրուշակեղենի (56%), ոչ բնական կաշվից կոշիկի (55%), շշի և տարաների, բանկաների (84%) մեջ։

Ի դեպ, եթե կոշիկի այն ապրանքախումբն ենք դիտարկում, որի երեսը մանածագործական նյութերից է, այսինքն՝ ոչ բնական կաշվից, ապա 55%-ն է Ռուսաստանից, իսկ, օրինակ, բնական կաշվից կոշիկների ընդամենը 6%-ն է։ Նշանակում է՝ Ռուսաստանից ներմուծվում են ավելի ցածրարժեք կոշիկներ, իսկ ավելի թանկ և բնական կաշվից կոշիկները գալիս են մեծ մասամբ Իտալիայից ու Չինաստանից, ոչ մեծ քանակով՝ Ռումինիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Հնդկաստանից և այլն։

Հայաստան ներմուծվող մարգարինի 73%-ն է ստացվել Ռուսաստանից։ 2025-ին ներմուծվել է 28 մլն դոլարի մարգարին։ Մնացած մասը ներմուծվել է հիմնականում Ուկրաինայից, Թուրքիայից, Շվեդիայից։ 

Ռուսաստանից Հայաստան ներմուծվող Թոփ-20 ապրանքների ցանկում են նաև թռչնամիսը, տարբեր սննդամթերքներ (սննդի արտադրության մեջ օգտագործվող խտանյութեր, սպիտակուցներ և այլն), հագուստի համար նախատեսված պարագաներ, մետաղական արտադրանքներ։

Թռչնամսի գծով Ռուսաստանի տեսակարար կշիռը 2025-ին կազմել է 32%։ Հայաստանը թռչնամիս է ներմուծում նաև Ուկրաինայից, Վրաստանից, Բրազիլիայից, հիմա նաև՝ Չինաստանից և այլն։

Ինֆոգրաֆիկայում տեղ է գտել նաև միջուկային ռեակտորը։ 2025-ին Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 22 մլն դոլարի միջուկային ռեակտոր, ըստ էության, էներգետիկայի ոլորտում օգտագործելու համար։ Ընդ որում՝ ներմուծվել է միայն Ռուսաստանից և 55 հատ։ Նախորդող տարիներին ևս միջուկային ռեակտոր է ներմուծվել Ռուսաստանից։ 

Հաջորդիվ կներկայացնենք Հայաստանից Ռուսաստան արտահանումները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter