HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որպես տնօրեն՝ ես եմ որոշում, թե տեղակալներից ով պետք է մնա». Բաղրյանը՝ Լիլիթ Ղազարյանի պաշտոնանկության մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հունիսի 30-ի մամլո ասուլիսը տեղի ունեցավ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ լրագրողները հարց ուղղեցին նաև կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանի պաշտոնանկության վերաբերյալ։ Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի քույրն է և օրեր առաջ ազատվել է աշխատանքից։

ՊՈԱԿ-ի տնօրեն Արայիկ Բաղրյանը հայտնեց, որ պաշտոնանկությունը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով։

«2023 թվականի նոյեմբերի 17-ին Կառավարության որոշմամբ «Դեղերի փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարվել է, և ստեղծվել է նոր ՊՈԱԿ։ Երբ նշանակվել եմ տնօրեն, կենտրոնն ունեցել է չորս տեղակալ։ Հետագայում հիմնավորել եմ, որ անհրաժեշտ է ունենալ երկու տեղակալ, իսկ այժմ՝ միայն մեկ։ Որպես տնօրեն՝ ես եմ որոշում, թե տեղակալներից ով պետք է շարունակի պաշտոնավարել»,- ասաց Բաղրյանը։

Ավելի վաղ նախարար Անահիտ Ավանեսյանը հերքել էր, թե Լիլիթ Ղազարյանն ազատվել է քաղաքական հայացքների պատճառով։

«Եթե տիկին Ղազարյանին կամ որևէ այլ անձի քաղաքական հայացքների պատճառով որոշում կայացնեի, այդ որոշումը հինգ տարի չէի հետաձգի և կիրականացնեի հինգ տարի առաջ»,- ասել էր նա։

Հարցին՝ արդյոք ազատման որոշումը կայացվել է իր ցուցումով, Ավանեսյանը պատասխանել էր, որ նախարարը կադրային քաղաքականություն է իրականացնում իր լիազորությունների շրջանակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter