842,750 օգտվող, 97,4 մլրդ դրամի ծառայություն. առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունքները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ հունիսի 30-ին ամփոփեց հունվարի 1-ից Հայաստանում գործարկված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի առաջին կիսամյակի աշխատանքները։
Վերջինիս խոսքով, համակարգի ներդրումն «ընթացել է սահուն և արդյունավետ»։
Նախարարի տվյալներով՝ առողջության ապահովագրության շահառուների թիվը հունվարի 1-ի համեմատ աճել է՝ հասնելով շուրջ 1 միլիոն 700 հազարի։
«Այս աճը պայմանավորված է Հայաստանում բնակվող այն ռեզիդենտների թվի ավելացմամբ, որոնց 183 օրվա ժամկետը լրացել է, ներգրավվել են 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացող անձինք և անհատ ձեռնարկատերերի ակտիվ միացումը համակարգին՝ մինչև օրենքով սահմանված պարտադիր ժամկետը (հունիսի 20-ը)»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
2027 թվականի հունվարի 1-ից համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու են նոր խմբեր․ քաղաքացիա-իրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, անկախ աշխատավարձի չափից՝ բոլոր գրանցված աշխատողները։
«2028 թվականի հունվարի 1-ից, ըստ էության, մենք արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, այնտեղ մենք ունենալու ենք գյուղացիական տնտեսություններում զբաղվածներին, ուսանողներին և այլն»,- ասաց նախարարը։
Նրա տվյալներով՝ այս ընթացքում ապահովագրության համակարգի միջոցով մատուցվել է 8 միլիոն 399 հազար 491 ծառայություն, իսկ համակարգից օգտվել է 842 հազար 750 անձ։ Ծառայությունների ընդհանուր արժեքը կազմել է 97,4 միլիարդ դրամ։
Անդրադառնալով մայիս ամսին արձանագրված դիմելիության աճին՝ նախարարը նշել է, որ այն պայմանավորված էր հանրության շրջանում շրջանառվող այն կեղծ լուրերով, թե ապահովագրությունը գործելու է միայն մինչև ընտրությունները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել