HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զառիթափում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա ու պոչամբար կառուցելու ծրագիրը մերժվել է

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարների կառուցման նախագիծը բացասական եզրակացություն է ստացել: Չնայած Վայքի ավագանին հունիսի 4-ին նախնական համաձայնություն էր տվել գործարանի կառուցմանը, Շրջակա միջավայրի նախարարությունը «ՋիԷմԷն գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի հայտը մերժել է գործունեության իրականացմանը խոչընդոտող մի շարք հանգամանքներ վկայակոչելով:

Ինչ էր նախատեսվում Զառիթափում

Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանն ուզում էր շահագործել Սոֆի-Բինայի և Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքերը, իսկ հումքը վերամշակել տեղում` հարստացուցիչ ֆաբրիկայի միջոցով:

Նրան պատկանող (50% բաժնեմաս) «ՋիԷմԷն գոլդ մայնինգ» ընկերությունն արդեն Սոֆի-Բինայում աշխատանքներ էր տարել, սակայն Ազատեկի հանքավայրի շահագործման թույլտվություն նրան դեռևս չի տրամադրվել: Այս թեմային նախկինում անդրադարձել ենք:

Ընկերությունը զուգահեռաբար նախատեսել էր Զառիթափ բնակավայրի տարածքում կառուցել և շահագործել ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա և երկու պոչամբար: Դրանք նախատեսված էին Արփա գետի ձախակողմյան վտակ Փշոնքի (Վայք) գետավազանում, Վայք քաղաքից դեպի հարավ-արևելք: Մոտակա բնակավայրերն էին Վայք համայնքը, Փոռ և Զառիթափ բնակավայրերը:

Ֆաբրիկան զբաղեցնելու էր 3 հա տարածք, իսկ պոչամբարները` 9 հա, մեկը` 5 հա, երկրորդը` 4 հա, նախատեսված էին նաեւ օժանդակ շինություններ` պահեստ, կանաչ տարածքներ և այլ ենթակառուցվածքներ` շուրջ 0,5 հա:

Ինչպես է հիմնավորվել պետական փորձաքննական բացասական եզրակացությունը

Ընկերությանը լրամշակման փուլում պահանջ էր առաջադրվել` ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնոլոգիական նախագծից զատ ներկայացնել նաև հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցապատման նախագծային լուծումները:

Համայնքի կողմից տրամադրվող նախագծման թույլտվության կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքի շրջանակում, փորձաքննության ընթացքում անհրաժեշտ է եղել հստակեցնել կառուցման փուլում տվյալ քաղաքաշինական գործունեության օբյեկտներին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմաններն ու սահմանափակումները, կառույցների, ենթակառուցվածքների մակերեսները, հողակտորների հասցեները՝ հաշվի առնելով, որ ֆաբրիկան և պոչամբարների կառուցումը համարվում են բարձր ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտներ, սակայն ընկերությունը չի ներկայացրել դրանք:

Լամշակման նպատակով ներկայացված դիտողությունները և առաջարկությունները ընկերությունը մասամբ է ուղղել: Իսկ նրա որոշ պարզաբանումներ ընդհանրապես չեն  ընդունվել: Մասնավորապես, պետք է ներկայացվեին ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները, ինչը չի արվել:

Պոչամբարներից հնարավոր վթարային հեղեղման ռիսկերի նկարագրությունը հաշվետվությամբ տրվել է, սակայն ռիսկերի կառավարման մեխանիզմները փաստացի չեն ներկայացվել կամ հիմնավորված չեն եղել, ինչի արդյունքում վտանգների նվազեցման և վերահսկման արդյունավետությունը գնահատվել է անորոշ:

Պոչամբարների կառուցման նախագիծը չի բխել Կառավարության որոշումից կամ դրա պահանջներից: Լրամշակված հաշվետվությամբ անդրադարձ չի կատարվել պոչամբարների նախագծային լուծումների համապատասխանությանը միջազգային լավագույն փորձին` պոչամբարների անվտանգ նախագծման և շահագործման մասով, ինչը թույլ չի տվել գնահատել առաջարկվող լուծումների հուսալիությունն ու ռիսկերի ընդունելի մակարդակը:

Հանքաքարի ջարդման գործընթացից մթնոլորտ արտանետվող փոշու կանխարգելման մասով հաշվետվությամբ նախատեսված չեն եղել օդափոխության և ֆիլտրացիոն համապատասխան համակարգեր: Ընկերությունը չի հիմնավորել դրանց անհրաժեշտությունը` չնայած այն հանգամանքին, որ հաշվետվության աղյուսակներում ներկայացված են եղել փոշու արտանետումների զգալի ծավալներ: Միաժամանակ, հաշվի առնելով տարածքի քամիների վարդը (հիդրոօդերևութաբանական գրաֆիկ, որը որոշակի ժամանակահատվածում ցույց է տալիս տվյալ վայրում քամիների բաշխման ռեժիմը ըստ ուղղությունների և արագության)` գերակշռող հարավ-արևելյան ուղղությամբ, առաջանում է փոշու տարածման բարձր հավանականություն դեպի Վայք համայնք, ինչը, ըստ փորձագետի եզրակացության, կարող է ունենալ բացասական ազդեցություն բնակավայրի օդի որակի և բնակչության առողջության վրա:

Փորձաքննության շրջանակներում իրականացվել է տարածքի տեղազննում, որի արդյունքում արձանագրվել է հաշվետվությամբ ներկայացված կոորդինատների անհամապատասխանություն փաստացի իրավիճակին: Տվյալների թերի և ոչ ճշգրիտ ներկայացման մասով ընկերությունը հանրային երկրորդ լսումից հետո համապատասխան ամփոփաթերթով ներկայացրել է ճշգրտված կոորդինատները:

Համաձայն հաշվետվության` պոչամբարներից մակերևութային ջրերի հեռացման համար նախատեսված է կառուցել դրենաժային համակարգեր, որոնք բաղկացած են խողովակաշարերից: Խողովակները տեղադրվելու են պոչամբարների հատակներին` գեոմեմբրանի վրա: Ներծծվող ջրերը հեռացվելու են առաջնային պատվարների ներքևի հատվածում նախատեսված լճակներ:

Հանրային երկրորդ լսման ընթացքում ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի մասնագետի կողմից բարձրացվել է հարց վերը նշված լճակի նշանակության, նախագծային չափերի և պոչամբարից առաջացող ջրերի սպասարկման հնարավորությունների վերաբերյալ:

Ի պատասխան` ընկերության ներկայացուցիչը նշել է, որ լճակում կուտակվող ջրերը նախատեսվում է վերադարձնել արտադրական գործընթաց և առկա է համապատասխան մաքրման կայան: Սակայն ներկայացված պարզաբանումը չի համարվել բավարար և արժանահավատ, քանի որ փորձաքննության ներկայացված հաշվետվությամբ մաքրման կայանը նախատեսված է բացառապես տնտեսակենցաղային և անալիտիկ լաբորատորիայի կեղտաջրերի մաքրման համար՝ «Յալմա» մակնիշի ինքնավար կենսաբանական մաքրման համակարգի միջոցով։ Հաշվետվությամբ առհասարակ ներկայացված չի եղել՝ ինչպես է ապահովվելու լճակից դեպի գործարան ջրի հետ հոսքը:

Եզրակացությամբ արձանագրվել է՝ քանի որ փորձաքննության ներկայացված փաստաթղթերում քաղաքաշինական կառույցների, ենթակառուցվածքների մասով նախագիծ ներառված չէր, նմանատիպ լճակի նախատեսումն ու կիրառումը խնդրահարույց է:

«Չոր պոչերում կարող են լինել մնացորդային ցիանիդի կուտակումներ, որոնք ջրային միջավայրի դեպքում` անձրևաջրերի, հալոցքաջրերի հետ կարող են տարածվել շրջակա միջավայրում: Վերոնշյալի հիման վրա հիմնավոր կասկած է առաջանում, որ պոչամբարների ջրերի ամբողջ ծավալը չի ենթարկվելու համապատասխան մաքրման, և հնարավոր է ուղղվի մոտակա գետային ռեսուրս, ինչը պարունակում է էական բնապահպանական ռիսկեր»,- նշել է փորձագետը:

Այս ամենից բացի, համաձայն «Վայոց ձոր 2» և «Վայոց ձոր 4» միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթերի, որոնք ընդգրկում են Վայք համայնքը և Զառիթափ բնակավայրը, դրանցում հանքարդյունաբերական համալիրների հեռանկարային ծրագրեր նախատեսված չեն, գոտիներ կամ համապատասխան ֆունկցիոնալ նշանակության տարածքներ՝ ևս: Հետևաբար, ներկայացված գործունեությունը չի բխում գործող տարածական պլանավորման փաստաթղթերի լուծումներից և առաջացնում է քաղաքաշինական համապատասխանության անհրաժեշտություն:

Վերջին հիմնավորմամբ ՇՄՆ փորձագետ Շուշանիկ Կարապետյանը նշել է, որ համաձայն Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի` լեռնահարստացուցիչ կազմակերպությունների (կոմբինատներ) համար ընդունված է սանիտարապաշտպանական գոտի` 1000մ շառավղով, ինչը ևս անտեսել է «ՋիԷմԷն գոլդ մայնինգ» ընկերությունը: Հրամանի համաձայն` արտադրական օբյեկտի սանիտարապաշտպանական գոտու սահմաններում թույլատրվում է տեղակայել միայն տվյալ արտադրության սպասարկման օբյեկտներ: Նշված գործունեության սանիտարապաշտպանական գոտում, համաձայն տեղազննման արդյունքների, գտնվում են բնակելի տներ և հանգստի գոտի` 300 մ հեռավորությամբ, մշակովի ինտենսիվ այգիներ` 350 մ, Փշոնք գետը` 470 մ հեռավորությամբ, ինչը հակասում է գործող հրամանի պահանջներին: Այս բոլոր հիմնավորումներով ընկերության հայտին տրվել է բացասական փորձաքննական պետական եզրակացություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter