HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ համայնքին պատկանող հողն օտարելու համար։ Վարույթը հարուցվել է 2026թ․ ապրիլի 14-ին Քրեական օրենսգրքի 441 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը։

Քրեական վարույթի հիմքում «Հետքի» 2024թ․-ի հրապարակումն է։ Հոդվածում գրել էինք, որ Ծաղկաձոր համայնքի ավագանին 2023թ․ մայիսին ընդունած որոշումով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանի սեփական հողամասին կից հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված 2000 քմ հողամասն ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում օտարել է նրան։

Ուղղակի վաճառքով օտարված 2000 քմ հողակտորի չափերն ու գտնվելու դիրքն ակնհայտորեն ցույց են տալիս, որ դրանք ամենևին չեն համապատասխանում Կառավարության N 550-Ն որոշումով ուղղակի վաճառքի համար սահմանված պահանջներին։ Օտարվող հողակտորներն առանձին գույքային միավոր են և պետք է աճուրդ-վաճառքով օտարվեին, եթե կարևորությունը գնորդի անձին չտրվեր։

Հողամասը Ն․Կեսոյանին վաճառվել է կադաստրային արժեքով՝ 32 մլն 353 հազար դրամով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ հողամասն ուղղակի վաճառքով Ն․ Կեսոյանին օտարելը տեղի է ունեցել օրենքի խախտումով։ Արդյունքում համայնքային բյուջեն զրկվել է առնվազն 1 մլն 617 650 դրամ եկամուտից, որն աճուրդով վաճառելու դեպքում մեկ քայլի հավելման չափն է։

Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Նարեկ Կեսոյանին պատկանող՝ Ծաղկաձորի Տանձաղբյուր 40/6 հասցեում գտնվող հողամասին սահմանակից Տանձաղբյուր 40/5 հասցեում գտնվող հողամասը, որը համայնքի ղեկավարն ուղղակի վաճառքով օտարել է նրան, այլ անձի սեփականություն է։ Սեփականատերն այն 2017թ․-ի հունիսին ձեռք է բերել Ծաղկաձորի համայնքապետարանից մոտ 44 մլն դրամով։ Այս հողամասը համայնքի նախկին ղեկավարը նույնպես օտարել է ուղղակի վաճառքով՝ աճուրդը և կրկնաճուրդը կայացած չլինելու հիմքով։ Նարեկ Կեսոյանին օտարված հողամասը մինչև վաճառքի գործընթացը առանձին գույքային միավոր է եղել, ունեցել է հասցե։

Համայնքի ղեկավարի 2023թ․ N 507 որոշումով Ն․ Կեսոյանի հողատարածքները միավորվել են, և 4000 քմ մակերեսով հողամասին նոր հասցե է տրվել։

Նարեկ Կեսոյանն իր առաջին 2000 քմ հողամասը գնել էր 2023թ․ ապրիլի 21-ին՝ Հրազդան համայնքի ղեկավար Մեխակ Միքայելյանից՝ 120 մլն դրամով։ Հրազդան համայնքի ղեկավարն այն 2021թ․-ին 35 մլն դրամով ձեռք էր բերել մասնավոր անձից։

«Հետքի» հրապարակումը Հակակոռուպցիոն կոմիտեին հասցեագրել էր «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter