Օրենսդրական նոր փոփոխություններ՝ դատաքննությունների արագությունն ապահովելու համար
Դատարանները բեռնաթափելու ուղղությամբ վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքները դեռևս տեսանելի չեն։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի այս տարվա հունվարին ներկայացրած զեկույցի համաձայն՝ դատարանները տարեց տարի ավելի են ծանրաբեռնվում։
Վարչական դատարանում 2022թ․-ի դեկտեմբերի դրությամբ գործերի քանակը կազմել է շուրջ 10 000, 2024թ․-ին՝ 21 000, 2025թ․-ի դեկտեմբերին դատարան է մուտքագրվել 25 000 գործ։ Այսինքն՝ գործերի քանակը 2022թ․-ի համեմատ աճել է 150 %-ով։ Ընդ որում, եթե 2022թ․-ին մեկ դատավորը միջինում քննում էր 411 վարչական գործ, այժմ այդ թիվը հասել է 1030-ի:
Քրեական գործեր քննող դատարաններում 2022թ․-ի դեկտեմբերի դրությամբ ստացվել է 4700 քրեական գործ, իսկ 2025թ․-ի դեկտեմբերի դրությամբ մուտքագրվել է շուրջ 14 000 քրեական գործ։ Քրեական գործերի քանակն ավելացել է շուրջ 150 %-ով, իսկ առաջին ատյանում պաշտոնավարում է 87 քրեական գործ քննող դատավոր։ Այսինքն՝ յուրաքանչյուր դատավորի հաշվարկով գործերի քանակը միջինում 156 է։ ԲԴԽ նախագահը հայտնել է, որ որոշ մարզերում այդ ցուցանիշն ավելի քան եռապատկվել է։
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) և Արդարադատության նախարարությունը (ԱՆ) համատեղ մշակել են քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթներ։ Ազգային ժողովը նախագծերով առաջարկվող փոփոխությունների մի մասն ընդունել է 2026թ․-ի մարտ-հունիսին։ Գործերը ողջամիտ ժամկետում քննելու համատեքստում այս անգամ առաջնահերթությունը տրվել է գործերի քննության արագությանը։
Քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանը և վարչական դատարանը գործերի քննությունը պետք է ավարտեն 6 ամսում։ Միաժամանակ, դատարաններին հնարավորություն է տրվում, պատճառաբանված որոշում կայացնելու դեպքում, երկու անգամ 6 ամսով երկարաձգել քննությունը։
Քրեական գործերով դատաքննության ավարտի ժամկետ է սահմանվել մեկ տարին: Դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը և այն հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սահմանված մեկ տարի ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Գործերի քննությունը ձգձգվում է նաև դատական կազմի փոփոխության դեպքում։ Հաստատված օրենսդրական փոփոխություններով դատավորի փոխարինման արդյունքում վարույթը ստանձնած դատարանը քննությունը շարունակելու է ընդհատված տեղից, եթե բացակայում է այն վերսկսելու անհրաժեշտությունը։ Նախկինում հետազոտված ապացույցները կողմերի համաձայնությամբ կարող են համարվել հետազոտված։
Վարչական և քրեական դատարաններում նաև վերաքննության գրավոր ընթացակարգ է ներդրվել, վերաքննիչ բողոքների քննության 6-ամսյա ժամկետ, նաև՝ ժամկետը երկարաձգելու հնարավորության կարգավորումներ են սահմանվել:
Այսուհետ վարչական մարմինները մինչև 300 000 դրամ հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի հիման վրա կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերը չեն կարող բողոքարկել Վերաքննիչ դատարանում։ Այդ գործերի քանակը, ըստ ԲԴԽ-ի նախագահի զեկույցի, 2025թ․-ի տվյալներով վերաքննիչ վարչական ատյանում կազմում է շուրջ 30 %։
Քրեական գործերի քննությունը ձգձգվելու պատճառներից մեկն էլ կալանքի տակ գտնվող մեղադրյալների ներկայությունը դատարանում չապահովելն է։ Տարեսկզբին ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն իր ելույթում հայտնել էր, որ ՆԳՆ-ն բավականաչափ կարգավորել է ազատազրկված անձանց տեղափոխումների հարցը: 2025թ․ մարտից ապահովվում է ստացվող հայտերի գրեթե ամբողջական կատարումը՝ 98%-ը, 2024թ․-ի 64%-ի փոխարեն: Ընդհանուր 16․525 ձերբակալված և կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերից ծանրաբեռնվածության պատճառով չի իրականացվել 2,7%-ը։ Այսինքն՝ չի կազմակերպվել 285 անձի ուղեկցում, նախկին՝ 5581-ի փոխարեն:
Չնայած դրան, գործերի քանակի ինտենսիվ աճի պայմաններում, ՆԳՆ-ում կարծես վստահ չեն, որ կկարողանան ուղեկցման բոլոր հայտերը բավարարել։
Ներքին գործերի նախարարությունը քրեական գործեր քննող դատարանների համար նոր առաջարկ է ներկայացրել Ազգային ժողով։ Հունիսի 17-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով առաջարկում է թույլատրել դատավարությունների անցկացումը տեսակապի միջոցով։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս հայտնել է, որ մեղադրյալներին դատարանի դահլիճ տեղափոխելու համար բավականին ռեսուրսներ են ծախսվում։ Հետևաբար, տեսակապը կարող է կիրառվել նաև այս դեպքերում։
«Տեսակապի կիրառումը կարող է առաջարկել ինչպես մեղադրյալը, այնպես էլ հենց դատարանը։ Դրա համար պետք է լինեն անհրաժեշտ հիմքեր։ Օրինակ՝ եթե դա անհրաժեշտ է հասարակական կարգի, առողջության պահպանման, դատավարության մասնակիցների պաշտպանության, հանցագործությունների կանխարգելման և նիստերը ողջամիտ ժամկետներում անցկացնելու համար»,- պարզաբանել է Սարգսյանը։
Նախարարը հայտնել է, որ այդ նիստերին փաստաբանի ներկայությունը պարտադիր է։ Փաստաբանը նիստին նույնպես տեսակապի միջոցով կմասնակցի՝ գտնվելով այնտեղ, որտեղ մեղադրյալն է։ Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ մեղադրյալը համաձայն կլինի դատարանի դահլիճում փաստաբանի ներկայությանը։
ԱՆ-ի և ԲԴԽ-ի համատեղ նախագիծը դատական գործառույթներ է ցանկանում վերապահել նաև Ներքին գործերի նախարարությանը։ Առաջարկվում է՝ ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելու, ինչպես նաև ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար նախատեսված վարչական իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հանձնել ՆԳՆ-ին։
Նախատեսվում է նոր հոդված ավելացնել Վարչական դատավարության օրենսգրքում․ հոդված 224․4 մասով Վարչական դատարանից Լեզվի կոմիտեին կփոխանցվեն «սույն օրենսգրքի 1893 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը»։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելու, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելու, գովազդի ընդհանուր պահանջները խախտելու հետ կապված հարցերի քննությունն այսուհետ կիրականացնի Լեզվի կոմիտեն:
Վերջին երկու առաջարկները դեռևս նախագիծ են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել