«Ճարտարապետի ներկապնակը». Միքայել մազմանյանի գրավոր ժառանգությունը
«Ճարտարապետական ամեն մի երկ, բնական օրգանիզմի նման ունի իր կյանքը։ Խոյակն իր ծնվելու օրը աշխարհ է եկել երկունքով։ Ինչպես երեխայի թաթիկը, որը անբաժան է երեխայի ամբողջ մարմնից և ունենում է այն ձևն ու տեսքը, ինչպիսին պետք է ունենա բնական օրինաչափությանը համաձայն տվյալ մարմնի համար»: Քսաներորդ դարի հայկական ճարտարապետության նորարարական դպրոցի հիմնադիրներից Միքայել Մազմանյանի գրառումներից է։ Հունիսի 23-ին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ «Ճարտարապետի ներկապնակը» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված է Միքայել Մազմանյանի գրավոր ժառանգությունը՝ հոդվածները, հուշերը, բանաստեղծությունները, նամակները։ Գրքի կազմողը՝ Լիլիթ Տեր-Մինասյանն է, առաջաբանը՝ Կարեն Բալյանի։
«Սա գիտնականի աշխատանք է, ճարտարապետի աշխատանք է և թոռնուհու աշխատանք է, քանի, որ պահպանվել է ընտանիքի մեծ ժառանգությունը, ավանդը»,- այսպեա բնութագրեց ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանը Միքայել Մազմանյանի թոռնուհու՝ ճարտարապետ, հնագետ Լիլիթ Տեր-Մինասյանի աշխատանքը։ Միքայել Մազմանյանի կյանքը լի էր վայրիվերումներով` քսանականների ստեղծագործ, առաջադիմական հաջողությունների շրջանից հետո ճարտարապետին սպասվում էր երեսունականների բռնաճնշումը և աքսորը։ Աքսորում Մազմանյանը գրում էր ոչ միայն նամակներ՝ սպասող ընտանիքին, այլև բանաստեղծություններ և պատմվածքներ։ Դրանք արժեքավոր գրական վկայություններ են, որոնք ամենադիպուկն են արտահայտում ծանր պայմաններում ստեղծագործ մարդու դիմակայելու կամքը, կարոտը և լավատեսությունը։
Բևեռային քաղաք Նորիլսկից, աքսորում քաղաքաշինական աշխատանքից հետո, վերադառնում է Երևան՝ ստեղծագործական բուռն աշխատանքի։ Նրա բոլոր պրակտիկ աշխատանքներին նախորդում է տեսական հիմնավորումը՝ տեքստը։ Մազմանյանը թողել է տեսական մեծ ժառանգություն։ Տեսությունը նրա համար առաջնահերթ էր։
Լիլիթ Տեր-Մինասյանը պատմեց, որ ճարտարապետը զեկույցներից մեկը սկսել է Լեոնարդո Դա Վինչիի հետևյալ խոսքերով` «Գործնական աշխատանքը առանց տեսության, նման է նավաստու` առանց ղեկի և կողմնացույցի․ նա երբեք վստահ չէ, թե ուր է գնում»։
Միքայել Մազմանյանի հարուստ տեսական ժառանգությունը, քաղաքաշինության, ազգային ճարտարապետության մասին հոդվածները, հուշագրությունները, պատմվածքները, բանաստեծությունները խնամքով համադրված են ճարտարապետի թոռնուհու՝ Լիլիթ Տեր-Մինասյանի կազմած և Սարգիս Խաչենց, Փրինթինֆոի հրատարակած «Ճարտարապետի ներկապնակը» գրքում։
Տես նաև`
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել