HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը ցանկանում է ստեղծել բջջային հեռախոսների IMEI շտեմարան․ վտանգների մասին ահազանգում են մասնագետները

Կառավարությունը 2026թ․ հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին, որը նախատեսում է ներդնել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) վերահսկման մեխանիզմներ, ստեղծվելու է շտեմարան։ Մասնագետները նշում են, որ փաթեթը ոչ միայն չպարզաբանված հարցեր է առաջացնում տվյալների պաշտպանության տեսանկյունից, այլև կարող է քաղաքական հակառակորդներին և քննադատող լրագրողներին  թիրախ դարձնել։

Փոփոխություններով հնարավորություն կտրվի վերահսկել բջջային հեռախոսների IMEI կոդերը, քանի որ գործող կարգավորումներով  նման վերահսկողություն չկա։ Կառավարության հիմնավորումն այն է, որ Հայաստան կարող են ներմուծվել չմաքսազերծված կամ կեղծ, ինչպես նաև փոփոխված IMEI կոդերով հեռախոսներ, ինչը վնասում է պետությանը՝ առաջացնելով հարկային կորուստներ, խաթարելով արդար մրցակցությունը և մեծացնելով տեխնիկական ու անվտանգության ռիսկերը։

Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանն իրենից ներկայացնում է տեղեկատվական համակարգ, որը պարունակում է տվյալներ IMEI-ների, դրանց օգտագործողների, շահագործվող SIM/eSIM համարների և բջջային հեռախոսների օրինական շրջանառության վերաբերյալ։

Նախագիծն օրենք դառնալու դեպքում բջջային հեռախոսակապի ցանցի օպերատորը մերժելու է ծառայության մատուցումը, եթե  բաժանորդը չի գրանցել IMEI-ը։ Հայաստանի Հանրապետություն ժամանած և ռոումինգ ծառայություններից օգտվող անձանց ծառայության մատուցումը կասեցվում է, եթե սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ստուգվել է, որ ռոումինգ ծառայություններից օգտվող անձը հատել է պետական սահմանը, հատման պահից անցել է 30 օրացուցային օր և IMEI-ը չի գրանցվել։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը նշում է, որ առաջին հայացքից  տեխնիկական ու անմեղ նախագիծ է՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում», սակայն իրականում մտահոգիչ  է։

Մասնագետի փոխանցմամբ՝ ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են անձի անձնագիրն ու անձնական տվյալները, IMEI–ը և բոլոր SIM/eSIM քարտերը։ 

«Սա պարզապես հարկային գործիք չէ, սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արթուր Պապյանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել կապը, իսկ պետական բազաները սովորաբար վատ են աշախատում։

Պապյանը նախագծում վտանգավոր կետ է նկատել, ըստ որի՝ ադմինիստրատորը կարող է բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝  քաղաքացիներին անհայտ նպատակներով։

«Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։ Իսկ հիմա ամենակարևորը. նախագծի հեղինակները պնդում են, որ սա կօգնի գողությունների դեմ։ Եկեք անկեղծ լինենք, ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։ Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի-շոու կանեն»,- գրել է Արթուր Պապյանը։

Նախագիծը դեռևս 2026թ․ փետրվարին էր ներկայացվել հանրային քննարկման։ 

Նախագծով նախատեսվում է ստեղծել միասնական IMEI համակարգ, որի միջոցով կհամադրվեն մաքսային տվյալները, բջջային օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրների տեղեկությունները։ Արդյունքում կակտիվացվեն միայն օրինական ճանապարհով ներմուծված հեռախոսները։

Կառավարության գնահատմամբ՝ այս համակարգը կօգնի նվազեցնել ապօրինի շրջանառությունը, ուժեղացնել պետական վերահսկողությունը և բարձրացնել հանրային անվտանգությունը։ Այդ նպատակով առաջարկվում է, որ բոլոր օրինական ներմուծված հեռախոսների IMEI կոդերը պարտադիր գրանցվեն ներմուծման պահին, իսկ կոդերի կրկնօրինակումը, փոփոխումը և չմաքսազերծված սարքերի ակտիվացումը սահմանափակվեն։

Նախագծի հեղինակները նշում են, որ IMEI միասնական համակարգի ներդրման արդյունքում համակարգված հարկային ներգրավվածության շնորհիվ կբարձրանան պետական եկամուտները, և կտրուկ կնվազի ստվերային ներմուծումը։ Իսկ համակարգի ներդրման և ոլորտի կարգավորման համար արվող սահմանափակ ծախսերը համեմատելի չեն ստվերի նվազեցումից և անվտանգային ազդեցությունից տրամադրվող առավելությունների հետ։

«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, և մենք ինչ անում ենք՝ այդ շուկան շարունակում է իր գործը: Աշխարհում այս լուծումները վաղուց կան, և մեր քաղաքական արձանագրումն այն է, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Սա արդարացված է։ Այս քննարկումները մենք սկսել ենք մեկ, կես տարի առաջ և շատ մանրամասն քննարկել ենք։ Ակնհայտ է, որ մենք այս լուծումներին պետք է գնանք։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք վերահսկողական մեր գործառույթները, այդ թվում՝ կոշտ, որոնք իրականացնում ենք, չպետք է իրականացնենք։ Բայց ակնհայտ է, որ այդտեղ այսպես ռադիկալ, ստանդարտացված և քաղաքակիրթ լուծումներ են պետք»,- օրենսդրական նախաձեռնության ներկայացման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը մշակել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը՝ համագործակցելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի և բջջային օպերատորների հետ։  

dpHUB տվյալների պաշտպանության կենտրոնը, որը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում փորձագետ Գևորգ Հայրապետյանի նախաձեռնությունն է, նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ է հրապարակել։ 

Մասնավորապես՝ պարզ չէ, թե ինչ են ներառում անվտանգային ռիսկերի նվազեցումը և կիբեռանվտանգության մակարդակի բարձրացումը։ Մի կողմից ազգային անվտանգությունը և կիբեռանվտանգությունը ՀՀ-ում տարբերակված օրենսդրությամբ են կարգավորվում, մյուս կողմից, դրանցից յուրաքանչյուրը ներառում է տարաբնույթ բաղադրիչներ և ուղիղ կապ չունի բջջային հեռախոսների ներմուծման կամ վաճառքի հետ։ Պարզ չէ նաև, թե նախագծերի փաթեթի կոնտեքստում առհասարակ ինչ է իրենից ներկայացնում Հայաստան ժամանակավոր եկող անձանց անձնական տվյալների պաշտպանությունը։

Կենտրոնի հրապարակած մասնագիտական դիրքորոշման համաձայն՝ գողացված բջջային հեռախոսները այլ երկրներ արտահանելու և վաճառելու, ինչպես նաև գողացված բջջային հեռախոսները ապամոնտաժելու և որպես պահեստամաս վաճառելու դեպքում IMEI շտեմարանը ոչ պիտանի է դառնում հեռախոսների գողության դեմ պայքարի և նման հանցագործությունների բացահայտման արդյունավետության տեսանկյունից։ 

Ըստ dpHUB-ի՝ նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները առերեւույթ չեն ենթադրում անձնական տվյալների մշակում այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար։ Օրինակ՝ ստվերային տնտեսության կրճատման, մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսների ներմուծման դեմ պայքարում անհրաժեշտ չէ վերջնական օգտագործողների կողմից արդեն իսկ օրինական շահագործվող բջջային հեռախոսների IMEI-ների ներառումը շտեմարանում այն պարզ պատճառով, որ դրանք արդեն իսկ օրինականության կանխավարկածով ներմուծվել, վաճառվել և շահագործվել են։

«Նախագծերի փաթեթով նախատեսվող անձնական տվյալների մշակումն իրավաչափ չէ, և այս պայմաններում հնարավոր չէ պնդել, որ նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները պիտանի, անհրաժեշտ և չափավոր են նախագծերի հնարավոր օրինական նպատակներին հասնելու համար»,- նշված է դիտողություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter