HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրոֆեսիոնալ դիլետանտների ժամանակը

Ընտրություններից անմիջապես հետո Դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանին պարտադրել են աշխատանքից ազատման դիմում գրել: Նա  ոլորտի ամենակոմպետենտ մասնագետներից է. բոլոր կարևոր որոշումներում նրա դիրքորոշումը կարևոր էր Առողջապահության նախարարության համար: Այդպես էր հատկապես վերջին տարիներին:
Մասնագիտական առումով անխոցելի էր, հետևաբար մասնագիտական կարողությունները որևէ նշանակություն չունեն նրան աշխատանքից ազատելու համար: Դեղերի փորձագիտական կենտրոնի հանդեպ՝ որպես  դեղեր ներմուծողներից ու արտադրողներից փող կորզող, բայց անգործության մատնված հիմնարկի մասին, բիզնեսով զբաղվելու առաջին օրվանից բազմիցս հրապարակային արտահայտվել եմ ու նաև գործող նախարարին մանրամասն ներկայացրել հիմնավորումները: Նախարարի պատասխանը մեկն էր՝ պրոֆեսիոնալ մասնագետների խնդիր ունենք: Եվ այդ եզակի մասնագետներից մեկն էլ Լիլիթ Ղազարյանն էր, որի վրա էր գործակալության գրեթե ողջ բեռը:  
Պրոֆեսիոնալ կադրերի դեֆիցիտի մասին պարբերաբար խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պետական մարմինների այս կամ այն ձախողված որոշումները պայմանավորելով որակյալ կադրերի բացակայությամբ:

Եվ հենց կադրային նման ջարդի պատճառով է, որ պետական մարմինների շատ որոշումներ խոտան են,  իսկ կոմպետենտ մասնագետներն էլ խուսափում են ընդգրկվել պետական համակարգում: Ֆորմալ՝ պետական ծառայողները  քաղաքական կամայականություններից պաշտպանված են, բայց իրականությունն այն է, որ  պետական մարմիններում նախապատվությունը տրվում է   հավատարիմ դիլետանտներին:

Նման անարդար որոշումները՝ պրոֆեսիոնալին ազատել միայն այն պատճառով, որ հարազատը Փաշինյանի տեսակետից տարբերվող դիրքորոշում ունի, նվաստացուցիչ է բոլորիս համար, այդ թվում նվաստացուցիչ պետք է լինի նաև Փաշինյանին իրենց ձայնը տված քաղաքացիների համար: Ստեղծվում է միջավայր, որտեղ կարծիք արտահայտելուց առաջ պարտադրվում է մտահոգվել՝ դնե՞լ հարազատիդ հարվածի տակ, թե՞լինել քաղաքացի: Իշխանությունը բոլորիս  առաջարկում է այս դիլեման:

Ստալինի ժամանակ հետապնդվում էին ոչ միայն զոհերը, այլև նրանց հարազատները: Ռեպրեսիվ մարմիններն  ընտանիքի անդամներին հատուկ կարգավիճակ էին շնորհել «Член семьи изменника родины» (ЧСИР): Տվյալ դեպքում՝ Լիլիթ Ղազարյանն աշխատանքից ազատվում է «ընտանիքի անդամ» լինելու մեղքով:  
Ավտոկրատական, պախանական  համակարգում ենք, երբ բոլոր պետական որոշումներն ընդունվում են մի անձի կապրիզներով:
Ընտրություններում արձանագրած տրիումֆից հետո ամեն բան ավելի է վատանում:

Վահե Վարսանյան

«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter