Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով դատախազությունը դիմել է ԿԸՀ
Դատախազը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այդ մասին հայտնեցին Դատախազության լրատվության բաժնից։
ԿԸՀ-ն պետք է արտահերթ նիստ հրավիրի և քննության առնի դատախազի միջնորդությունը։ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է, այդ պատճառով ԿԸՀ-ից քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն դտանալը պարտադիր է։
Ծառուկյանի և իշխանությունների հարաբերությունները լարվեցին 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից առաջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 20-ին, հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը շուտով վերադարձվելու է պետությանը։
«Գուլոյան-Ծառուկյան մաֆիան դեռ նոր պետք է իր հատուցմանը հասնի։ Ինչպես 2021 թվականին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև այդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման»,- հայտարարեց Փաշինյանը։
Իսկ Արարատի մարզի դատախազությունը 2026թ. հունիսի 23-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի։ Պահանջում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» պրոֆիլակատորիայի (առողջարան) անշարժ գույքի վրա տարածել բռնագանձում։ Անշարժ գույքը գտնվում է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում։ Դատախազությունը հայց է ներկայացրել նաև Ծառուկյանին պատկանող այլ գույքերի վերաբերյալ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել