Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների վերահսկողության համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդնել արդյունավետ համակարգ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետևողականության ապահովման համար՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ IMEI միասնական համակարգի ներդրումը հնարավորություն կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված բջջային հեռախոսների ակտիվացում։ Սա կնվազեցնի ապօրինի շրջանառությունը, կբարձրացնի պետական վերահսկողությունն ու կխթանի հանրային անվտանգությունը։ Առաջարկվող իրավական կարգավորումը ներառում է պարտադիր IMEI գրանցում օրինական ներմուծման պահից, միաժամանակ սահմանափակումներ է մտցնում կոդերի կրկնօրինակման, փոփոխման և չմաքսազերծված սարքերի ակտիվացման նկատմամբ: Նախագծի ընդունումը կնպաստի նաև բջջային կապի օպերատորների անդամակցությանը միջազգային տվյալների շտեմարաններին, որտեղ ֆիքսվում են միջազգային զեղծարարությունները։
Անդրադառնալով Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, և մենք ինչ անում ենք, միևնույն է՝ այդ շուկան շարունակում է իր գործը: Աշխարհում այս լուծումները վաղուց կան, և մեր քաղաքական արձանագրումն այն է, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Սա արդարացված է։ Այս քննարկումները մենք սկսել ենք մեկ, կես տարի առաջ և շատ մանրամասն քննարկել ենք։ Ակնհայտ է, որ մենք այս լուծումներին պետք է գնանք։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք վերահսկողական մեր գործառույթները, այդ թվում՝ կոշտ, որոնք իրականացնում ենք, չպետք է իրականացնենք։ Բայց ակնհայտ է, որ այդտեղ այսպես ռադիկալ, ստանդարտացված և քաղաքակիրթ լուծումներ են պետք»»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել