HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրացուցիչ արտոնություններ տնտեսավարողներին՝ ՌԴ կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրում։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Առաջարկվում է, որ ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թ. իրականացված մոնիտորինգի արդյունքների հիման վրա այգեհիմնում իրականացրած այն շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը արդեն իսկ լրացել է կամ կլրանա մինչև 2027 թ. հուլիսի 31-ը, ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը կերկարաձգվի 1 տարով և կտրամադրվի 1 տարի ժամկետով վարկի մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ: Որոշման ընդունումը պայմանավորված է տնտեսավարողների համար ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախորդիվ նմանատիպ ծրագիր է ընդունվել նաև ջերմատների համար. այդ դեպքում 6 ամիս ժամկետ էր սահմանվել, այս դեպքում՝ 1 տարի, քանի որ ջերմատների դեպքում բերքը պարբերաբար է ստացվում, իսկ այս դեպքում՝ 1 անգամ: Ըստ նախարարի՝ արտոնությունից օգտվելու համար շահառուն մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը պետք է դիմի ֆինանսական կառույց։ Դիմումին պետք է կցվի նախարարության տրամադրած տեղեկանքը՝ մոնիտորինգի արդյունքներով այգու հիմնված լինելու վերաբերյալ, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի տեղեկանքը՝ 2026 թ.-ին իրացված գյուղատնտեսական արտադրանքի մասին։

Գևորգ Պապոյանը տեղեկացրել է նաև մեկ այլ փոփոխության մասին, որը վերաբերում է մեծ տարածքներում ներդրում իրականացնող տնտեսվարողներին։ Ըստ նախարարի՝ իրավաբանական և ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան 10 հեկտար և ավելի ինտենսիվ այգի հիմնելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազան կառուցելու դեպքում ծրագիրն իրականացնել առանց կապալառուի։ Այդ դեպքում շահառուն պետք է ներկայացնի աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացություն՝ իր ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ։ «Նախկինում դա կապալառուն էր անում, հիմա ասում ենք՝ դու ևս կարող ես անել, բայց եթե պրոֆեսիոնալ աուդիտորական կազմակերպությունը աուդիտ անի, ապա մենք այդ տարբերակն էլ ենք ընդունելու»,-ասել է Գևորգ Պապոյանը։

Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստացվում է ինտենսիվ այգիների սեփականատերերը, որոնք վարկ ունեն, և որոնց վարկի արտոնյալ ժամկետը սպառվել է, ստանում են լրացուցիչ արտոնյալ ժամկետ. «Այսինքն՝ գումարը կունենան, կօգտագործեն, բայց տոկոս, մայր գումար չեն փակի, իսկ սպասարկման հարցում կաջակցի Կառավարությունը»։ Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ սա տնտեսվարողների գործունեության մեջ Կառավարության ներդրումն է, որպեսզի վերջիններս այս ընթացքում հարմարվեն շուկային և լրացուցիչ լարվածություններ չունենան վարկային պարտավորությունները մարելու համար։

Չզեկուցվող մեկ այլ որոշմամբ էլ լրացուցիչ արտոնության կտրամադրվի ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսավարողներին։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրի շրջանակում ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա ծրագրի պահանջներին համապատասխան կառուցված ջերմատան և 2026 թ. ընթացքում գյուղատնտեսական արտադրանք իրացրած շահառուի դիմումի հիման վրա ֆինանսական կառույցի կողմից լիզինգի պայմանագրի կնքման մինչև 5 տարի մարման ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով և տրամադրել լիզինգի հիմնական գումարի մարման և տոկոսադրույքի համար լրացուցիչ 6 ամիս արտոնյալ ժամկետ։ Սահմանված արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը դիմում է ֆինանսական կառույցին՝ կից ներկայացնելով 2026 թ. իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուների համար) կամ հայտարարագիր (ֆիզիկական անձ հանդիսացող շահառուների համար, հայտարարագրի օրինակելի ձևը մինչև հունիսի 30-ը հրապարակվում Էկոնոմիկայի նախարարության կայքում)։ Արդյունքում՝ ակնկալվում է, որ լիզինգի սպասարկման խնդիր ունեցող տնտեսավարողները հնարավորություն կունենան փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկել ներգրավված լիզինգները։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է արտահանման թվերը՝ 2026 թ. հունիսի 1-ից մինչև 25-ը՝ արտահանվել է մինչև 1071 տոննա ծիրան, որից 90 տոկոսը՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում, որովհետև նոր է հասնում բերքը: Արտահանվել է 882 տոննա կեռաս, մոտ 40 տոննա փոքր քաղցր խնձոր, 100 տոննա թութ, թուզ, հաղարջ, մոշ, 87 տոննա ելակ, ազնվամորի, 140 տոննա՝ լոլիկ:

Վարչապետը հետաքրքրվել է՝ կա արդյոք լարված, ճգնաժամային իրավիճակ, ինչին ի պատասխան Գևորգ Պապոյանը նշել է. «Տեսանելի գնանկում կա երկու ուղղություններով. ծաղիկն է եղել, որի մասին գիտեինք, և լոլիկը։ Մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում, և առկա բերքը կա՛մ շուկայում ամբողջովին վաճառվում է, կա՛մ արտահանվում է»:

Նիկոլ Փաշինյանն այդ առումով նշել է՝ Կառավարությունը քաջալերում է բիզնեսին ադապտացվելու համար. «Հիմա տեսնում ենք, որ արտահանման նոր ուղիներ են ի հայտ գալիս։ Այստեղ պետք է կարողանալ մտնել գործընթացի մեջ՝ առկա տրամաբանությամբ և կարգավորումներով գործել»։

Այդ համատեքստում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ մարտահրավերով հանդերձ՝ ստեղծված իրավիճակը, կարծես թե, լուրջ ճգնաժամի չի վերածվել, այդ մասին են վկայում թվերը: «Մեզ համար շատ մեծ հնարավորություններ ստեղծվեցին: Մեծ հաշվով, տեղի է ունենում այն, ինչ մենք երկար ժամանակ խոսում և պլանավորում էինք. դա հայկական արտադրանքի արտահանման սպառման շուկաների բազմազանեցումն է: Ուզում եմ ուղղակի փոքր լավատեսություն հաղորդել պրոցեսին, կարծում եմ, որ լոգիստիկ անծանոթությամբ են պայմանավորված զանազան խոչընդոտները։ Դրանք արագ հաղթահարվելու են, և մենք ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան նախկինում կար»,- ասել է ԱԳ նախարարը:

Արձագանքելով՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ արտահանումների աշխարհագրությունը շատ-շատ լայն է՝ Իրաք, ԱՄԷ, Լեհաստան, Թուրքիա, Չեխիա, Ուկրաինա, միջինասիական երկրներից մինչև արևմտյան երկրներ, մի քանի տասնյակ երկրի մասին է խոսքը. «Պետք է սա էլ ընդունենք, որ ամենավատատեսական սցենարները, որոնք ի սկզբանե մտածում էինք, դրանք չկան, և մենք, ըստ էության, բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում, պետք է շարունակենք աշխատել»,- ասել է նախարարը։ Գևորգ Պապոյանը նաև հավելել է՝ այս պահին քննարկումներ են ընթանում հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ Նիդեռլանդներում և Բելգիայում։

Քննարկվող թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատել է ՝ պրոբլեմի «բուժումը» դեռևս չի ավարտվել և պետք է այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ իրականացնել։

Արձագանքելով՝ երկրի ղեկավարը նշել է . «Մեր հայեցակարգը հետևյալն է՝ մենք տնտեսվարողների թիկունքը պահում ենք այն չափով, որ իրենց մղում ենք գործողության, որ աշխատեն։ Այսինքն՝ տրանսֆորմացիոն մի շրջան ենք ապահովում, որպեսզի իրենք հանգիստ կարողանան նայել աշխարհին, տեսնել հնարավորությունները, գնահատել»։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը և նշել. «ԵԱՏՄ-ի հետ մենք շատ սերտ և ակտիվ աշխատում ենք, և այդ աշխատանքը կշարունակենք, որովհետև մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ ինչ-որ անշրջելի բան է տեղի ունեցել, և մենք հիմա պետք է այդ ուղղությամբ չնայենք: Ոչ, շատ ակտիվ աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար։ Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՏՄ-ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժի: Եթե դա չկա, նշանակում է, որ ԵԱՏՄ չկա, և ԵԱՏՄ-ն հարցին պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա: Մենք ասում ենք, որ ինքը կա, և մենք, այդ թվում՝ որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել, և տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ-ն: Բայց եթե ԵԱՏՄ-ն կասի՝ ես չկամ այլևս, դե որ իրենք չկան, մենք ի՞նչ կարող ենք անել: Մենք կանք, և մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք, և աշխատում ենք ԵԱՏՄ-ում: Հիմա ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա: Եթե կասի՝ չկա, այսինքն՝ դե յուրե ուղիղ կամ նամյոկով կասի, որ չկա, դե մենք ի՞նչ անենք: Եթե կա՝ կա, եթե չկա՝ չկա»։

Վարչապետը նշել է, որ այն, ինչ տեղ է ունենում Հայաստանում, ԵԱՏՄ մի քանի երկրներում շատ լուրջ անհանգստություն է առաջացնելու. «Մենք Կառավարության նիստերին խոսում ենք դիվերսիֆիկացիայի պրոցեսների մասին, բայց ես համոզված եմ, որ ԵԱՏՄ մի շարք երկրներում այս նույն պրոցեսը տեղի է ունենում առանց հայտարարելու։ Այն, ինչ տեղի է ունենում, իրենք գնահատելու են որպես ռիսկ, որն իրենց առաջ կանգնած է: Հետևաբար ԵԱՏՄ ձևաչափում իրոք քննարկելու բան կա, և ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ այդ քննարկումը սկսելու համար: Ես նաև մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են, և պետք է հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում գործնականում: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է նման որոշումներ կայացնել, և ուղղակի մի օր արթնանալ և նման որոշումներ կայացնել: Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանը «այո» է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք պետք է այստեղից հետևություններ անենք: Շատ հստակ պետք է լինի պատասխանը՝ կա՞, թե՞ չկա: Եթե կա, մենք կդիրքավորվենք, եթե չկա, դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանալու»»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter