Լրագրող Շամշյանը միջնորդում է պրոռեկտոր Բալայանին ենթարկել քրեական պատասխանատվության
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը մամուլի միջոցով այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, ով օրեր առաջ նույն համալսարանի անվտանգության աշխատակցի կողմից ենթարկվել էր ծեծի, հիշեցրել է 14 տարվա վաղեմության իրադարձություններ:
«Նոր էի ընդունվել ԵՊՀ, իսկ Շամշյանն այդ ժամանակ համալսարանի բանասիրականում ոստիկանական համազգեստով շրջում էր` ներկայանալով որպես ոստիկանության օպեր լիազոր և Վանո Սիրադեղյանի քրոջ տղա: Նա բռնարարքներ էր կատարում ուսանողների նկատմամբ, փողեր էր շորթում, շինծու մեղադրանքներ ներկայցնում մարդկանց: Սենյակ ուներ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի առաջին հարկում, ուր կեղեքման համար հատուկ տեղ էր սարքել, դուբինկա էր պահում»,-ասել է Գաբրիել Բալայանը:
«Ցանկացած ոք կարող է դիմել ոստիկանություն եւ ԵՊՀ, ու համոզվել, թե ինչքանով են իրականությանը համապատասխանում Գաբրիել Բալայանի` ՍԴ դատավոր Կիմ Բալայանի որդու ասածները: Եվ եթե նման բան է եղել, որը լուրջ հանցագործություն է, ինչո՞ւ նա ժամանակին չի հայտնել իրավապահ մարմիններին,- հարցնում է Գագիկ Շամշյանը եւ հավելում,- դա բացարձակ հերյուրանք է, Գաբրիել Բալայան եւ Սուրեն Զոլյան (վերջինս Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորն է) երկվորյակների վարքաբեկիչ ստեղծագործությունը: Ես երբեւիցե ոստիկանական համազգեստ չեմ կրել ու ոչ էլ պետհամալսարանում սենյակ եմ ունեցել»:
Գագիկ Շամշյանի խոսքերով` իր անունը ԵՊՀ-ի եւ Վանո Սիրադեղյանի անվան հետ կապված է միայն այնքանով, որ ժամանակին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի միջնորդությամբ իրեն հատկացրել են 1 սենյականոց բնակարան` որպես մանկատան սան:
«Բայց ես այդ տունը վաճառել եմ եւ ստացված գումարով ԵՊՀ-ի բանասիրական մասնաշենքի բակում տեղադրել հուշարձան-խաչքար` նվիրված արզախյան հերոսամարտում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին»,- վստահեցնում է Շամշյանը:
Նա նշում է, որ այդ տարիներին կգերադասեր լինել ոստիկան, «քան Գաբրիել Բալայան` նույնիսկ պրոռեկտորի պաշտոնով, որովհետեւ ոստիկանները մասնակցում էին ազատամարտին եւ պաշտպանում մեր երկրի սահմանները, իսկ Գաբրիել Բալայանները չգիտես, թե ինչերով էին զբաված»:
Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա մտադիր է դիմել իրավապահներին, որպեսզի պրոռեկտոր Բալայանին, «իր տարածած սուտ տեղեկությունների համար», ենթարկեն քրեական պատասխանատվության:
«Իսկ մինչ այդ ես «Հետքի» միջոցով այս պահին դիմում եմ Հատուկ քննչական ծառայությանը, Հանրապետության գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին, որպեսզի տվյալ անձնավորության ասածների մասով կատարեն քննություն»,- ասում է «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Նախատեսվում է, որ վաղը նրան հիվանդանոցից դուրս կգրեն:
Մեկնաբանել