Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա մակերեսով չորրորդ հողամասը վերադարձվեց համայնքին
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով չորրորդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը։
«Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,13 հա մակերեսով հողամասը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:
Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2009 թվականի հունիսի 11-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով, 2 միլիոն 383 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:
Հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել