
Շանթ Հարությունյանը հոգեբուժարանում է
Այսօր առավոտյան «Յոթի գործով» մեղադրյալ Շանթ Հարությունյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում մեկուսացվել էր եւ նրա նկատմամբ սահմանվել էր շուրջօրյա հսկողություն: Այս ամենը պաշտոնապես հիմնավորվեց «հնարավոր հոգեկան խանգարմամբ պայմանավորված` կալանավորի ագրեսիվ վարքագծով» եւ այն հանգամանքով, որ դրանով պայմանավորված` տեղում հնարավոր չէր Շանթ Հարությունյանին ենթարկել բժշկական զննության:
Երկու օր անց` մարտի 9-ին, «Յոթի գործը» քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց Շանթ Հարությունյանի մասով քրեական գործի վարույթը կասեցնել, մինչեւ նրա առողջական վիճակի բարելավումը:
Դատարանի որոշմամբ` նշանակվեց դատահոգեբանական փորձաքննություն, որպեսզի մասնագետներից կազմված հանձնաժողովը եզրակացություն տրամադրեր կալանավորի առողջական եւ հոգեկան վիճակի վրաբերյալ:
Հենց այս փորձաքննությամբ պայմանավորված էլ այսօր Շանթ Հարությունյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան:
Մեկնաբանել