HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովն ընթացակարգի խախտմամբ է դադարեցրել լրագրող Քնար Մանուկյանի հավատարմագրումը

Վարչական դատարանը բավարարել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հայցը և ոչ իրավաչափ է ճանաչել Ազգային ժողովի (ԱԺ) աշխատակազմի ղեկավարի որոշումը նրա  հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ: Արձանագրվել է, որ Ազգային ժողովը ընթացակարգի խախտմամբ է դադարեցրել լրագրողի հավատարմագրումը՝ չլսելով նրա դիրքորոշումը: Ազգային ժողովը բողոքարկել է Վարչական դատարանի վճիռը, սակայն վերադաս ատյանը ԱԺ բողոքը մերժել է՝ ուժի մեջ թողնելով վճիռը:

Ազգային ժողովի աշխատակազմը լրագրող Քնար Մանուկյանին ԱԺ-ում հավատարմագրել է  2023թ. մարտի 22-ին։ 2023թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ աշխատակազմը նրան նախազգուշացրել է, որ խախտել է ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը և անվտանգության կանոնները։ Ըստ ԱԺ-ի՝  լրագրողը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկության վայրից դեպի նիստերի դահլիճ տանող հատվածում մոտեցել է պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին և փորձել հարցեր ուղղել նրան։

Նախազգուշացումից օրեր անց՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ստորագրությամբ Քնար Մանուկյանը ստացել է գրություն իր հավատարմագրումը դադարեցնելու մասին։ Որոշման հիմքում մեկ տարվա ընթացքում սահմանված կանոնները երկու անգամ խախտելն է։

Քնար Մանուկյանը դատարանում վիճարկել է այդ որոշումը՝ պնդելով, որ ԱԺ-ի կիրառած սահմանափակումներն իրավաչափ չեն։ Նրա խոսքով՝ ԱԺ միջանցքներում հարցեր տալու արգելքը լրագրողական գործունեության անհամաչափ սահմանափակում է։ Լրագրողը նաև նշել է, որ որոշումն ընդունելիս իրեն չեն լսել, բացատրության հնարավորություն չեն տվել, իր ու հանրային շահերի միջև պատշաճ հավասարակշռություն չեն ապահովել։

Ք. Մանուկյանի դիտարկմամբ՝ ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի որոշմամբ խախտվել են իր՝ ազատ արտահայտվելու և լրագրողական գործունեություն իրականացնելու իրավունքները: Դատարանից նա պահանջել է անվավեր ճանաչել իր հավատարմագրումը դադարեցնելու մասին որոշումը։

Վարչական դատարանում լրագրող Քնար Մանուկյանի շահերը պաշտպանել են փաստաբաններ Արա Ղազարյանն ու Աշխեն Դաշյանը:

2024թ. հուլիսի 11-ին Քնար Մանուկյանի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ հայցի տեսակը փոխելու վերաբերյալ։ Նշվել է, որ Քնար Մանուկյանը կրկին հավատարմագրված է որպես լրագրող և շարունակում է աշխատել Ազգային ժողովում։ Միաժամանակ շարունակում են գործել այն կարգավորումներն ու անվտանգության կանոնները, որոնց հիման վրա նախկինում դադարեցվել է նրա հավատարմագրումը։

Հայցվորը պահպանել է իր նախկին դիրքորոշումը՝ պնդելով, որ ԱԺ-ում լրագրողների գործունեությունը միայն հատուկ առանձնացված վայրերով սահմանափակելը, իսկ միջանցքներում լրագրողական աշխատանք իրականացնելն արգելելը անհամաչափ սահմանափակում է և չի համապատասխանում ժողովրդավարական հասարակության պահանջներին։

Քնար Մանուկյանը նշել է՝ քանի որ ԱԺ աշխատակազմը նախկինում հենց այդ հիմքով է դադարեցրել իր լրագրողական հավատարմագրումը, հետագայում ևս կարող է կիրառվել նույն սահմանափակումը։ Այդ պատճառով նա շահագրգռված է, որպեսզի դատարանը գնահատի ԱԺ գլխավոր քարտուղարի նախկին որոշման իրավաչափությունը, նույնիսկ եթե այն ներկայում այլևս ուժի մեջ չէ։ 

Լրագրողի կանխատեսումը իրականություն է դարձել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին «Հետքի» հետաքննության վերաբերյալ հարց տալու համար «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը 2025թ. դեկտեմբերի 25-ին զրկվել են Ազգային ժողովի հավատարմագրից։ Ազգային ժողովը հիմնավորել է, թե 2025թ. դեկտեմբերի 16-ին Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը պատգամավորին հարց են տվել չթույլատրված տեղում ու նրա կամքին հակառակ։

ԱԺ աշխատակազմը դատարանում պնդել է, որ Քնար Մանուկյանի պահանջներն անհիմն են։

Պատասխանողը նշել է, որ լրագրողների գործունեությունը ԱԺ-ում սահմանափակված է ոչ թե խոչընդոտելու, այլ աշխատանքը կազմակերպելու և խորհրդարանի բնականոն գործունեությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ըստ ԱԺ-ի՝ լրագրողները կարող են աշխատել հատուկ նախատեսված վայրերում, իսկ միջանցքներում հարցազրույցներ վերցնելը կարող է խանգարել պատգամավորների և աշխատակիցների աշխատանքին։

Ըստ ԱԺ աշխատակազմի, նման կարգավորումներ գործում են նաեւ այլ երկրների խորհրդարաններում, որտեղ լրագրողների աշխատանքի կազմակերպման համար սահմանվում են տեղաշարժի և գործունեության հատուկ կանոններ։

ԱԺ աշխատակազմը չի ընդունել նաև Քնար Մանուկյանի այն պնդումը, թե իրեն զրկել են լսված լինելու իրավունքից։ Ըստ ԱԺ-ի՝ լրագրողը նախապես գրավոր նախազգուշացվել է կանոնների խախտման վերաբերյալ, իսկ հավատարմագրումը դադարեցվել է սահմանված կարգով՝ մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման հիմքով։

Միաժամանակ ԱԺ-ն պնդել է, որ հավատարմագրումը դադարեցնելու մասին գրությունը վարչական ակտ չէ, քանի որ այն ընդունվել է լրագրողների հավատարմագրման կարգով նախատեսված ընթացակարգի շրջանակում, ոչ թե վարչական վարույթի արդյունքում։ Այդ պատճառով, ըստ պատասխանողի, այն չի կարող վիճարկվել որպես վարչական ակտ։

Ազգային ժողովի ներկայացուցիչները նշել են նաև, որ դատաքննության ժամանակ Քնար Մանուկյանը կրկին հավատարմագրված է և շարունակում է լրագրողական գործունեությունը ԱԺ-ում։ Ըստ պատասխանողի՝ նույն իրավիճակի կրկնության վտանգ չկա, քանի որ լրագրողը կարող է խուսափել նման հետևանքներից՝ պահպանելով սահմանված կանոնները։ ԱԺ աշխատակազմը դատարանին խնդրել է մերժել հայցը։

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Ավագյանի, նշել է, որ ԱԺ-ի ընդունած որոշումը համարվում է վարչական ակտ, քանի որ այն վերաբերում է լրագրողի իրավունքների սահմանափակմանը և ընդունվել է հանրային իրավահարաբերությունների շրջանակում։ Հետևաբար, դրա ընդունման ժամանակ պետք է պահպանվեին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ընթացակարգերը։

Դատարանն արձանագրել է, որ Ազգային ժողովի աշխատակազմը Քնար Մանուկյանին չի տեղեկացրել վարչական վարույթի հարուցման մասին, նրան հնարավորություն չի տվել ներկայացնելու իր դիրքորոշումը և չի անցկացրել լսումներ։ Ըստ դատարանի՝ վարչական մարմինը չի կարող անմիջապես ընդունել լրագրողի իրավունքները սահմանափակող որոշում՝ առանց նրան լսելու և փաստերը բազմակողմանի ուսումնասիրելու։Տվյալ դեպքում չկային այն բացառիկ իրավիճակները, որոնց դեպքում հնարավոր էր առանց լսումների որոշում ընդունել։ Արդյունքում Քնար Մանուկյանը զրկվել է իրեն վերաբերող հարցին մասնակցելու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

Դատարանը չի անդրադարձել լրագրողի մյուս փաստարկներին՝ կապված լրագրողական գործունեության սահմանափակման համաչափության հետ, քանի որ արդեն իսկ արձանագրել է, որ որոշումն ընդունվել է օրենքով սահմանված ընթացակարգի խախտմամբ։

Ազգային ժողովը բողոքարկել է Վարչական դատարանի վճիռը, սակայն 2026թ. հունիսի 4-ին Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ԱԺ-ի բողոքը՝ ուժի մեջ թողնելով վճիռը: 

Կողմերը Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման օրից մեկամսյա ժամկետում կարող են այն բողոքարկել Վճռաբեկ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter