HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Ավետիք Չալաբյանի  փաստաբան Վարազդան Հարությունյանի փոխանցմամբ՝ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:

«Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին»,-նշում է փաստաբանը։

Այսօր՝ 2026թ․ հունիսի 24-ին, խուզարկվել է Ա. Չալաբյանի բնակարանը։ Նա ձերբակալվել է։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Ա․ Չալաբյանը, լինելով «Հայաքվե» միավորման համակարգող, նպատակ է ունեցել խոչընդոտել 2026թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրականացմանը։ Ըստ վարույթի՝ 2026 թվականի մայիսին նա մեկնել է այլ երկիր և հանդիպումներ ունեցել այդ երկրի պաշտոնատար անձանց հետ՝ նրանց համոզելու և շահագրգռելու, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործեն այդ նպատակին հասնելու համար։

Մեղադրանքի համաձայն՝ ձեռք է բերվել համաձայնություն, որի համաձայն՝ տվյալ երկրում տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք մեկնեն Հայաստան և ընտրությունների ժամանակ քվեարկեին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հանդիսանում է Ա.Չ.-ն (խմբ․ Ավետիք Չալաբյան): Վերջինիս նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։

Նշենք, որ ավելի վաղ ձայնագրություն էր տարածվել, որը վերագրվում էր Ա․ Չալաբյանին։ Խոսակցությանը մասնակից են եղել Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter