Փոփոխություն կառուցապատողների համար. ՀԷՑ-ին միանալու գործընթացն ազատականացվում է
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նոր որոշմամբ՝ Հայաստանում արմատապես փոխվում է խոշոր սպառողների, նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի ու թաղամասերի՝ էլեկտրական ցանցին միացման կարգը։ Հունիսի 24-ից գործընթացը պաշտոնապես ազատականացվում է։
Եթե նախկինում միացման բուն աշխատանքները հիմնականում կանոնակարգվում կամ իրականացվում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կողմից, ապա այժմ 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգեր ունեցողներն ու կառուցապատողները դա պետք է անեն սեփական միջոցներով՝ ՀԷՑ-ի տված տեխնիկական պայմանների հիման վրա։
Ստորեև ներկայացնում ենք «ՀԷՑ» ՓԲԸ–ի տարածած հաղորդագրությունը նույնությամբ․
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ս.թ. հունիսի 17-ին ընդունված որոշմամբ ազատականացվում է 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացը։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Որոշումն ուժի մեջ է մտել ս.թ. հունիսի 24-ից, և այս պահից սկսած՝ 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի նոր միացման շահառու հանդիսացող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել Ընկերության ցանկացած սպասարկման կենտրոն և ներկայացնել համապատասխան միացման հայտ։
Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միացումը կիրականացվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի կամ կառուցապատողի կողմից՝ սեփական միջոցներով։
Ստորև ներկայացված է միացման գործընթացի քայլերի հաջորդականությունը.
▪️1. Հայտի ներկայացում.
Տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմող անձը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությանն է ներկայացնում հայտ։
▪️2. Հայտի ուսումնասիրություն և տեխնիկական պայմանների տրամադրում.
- Հայտի ներկայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն մերժվում է, եթե կից ներկայացված փաստաթղթերը թերի են։
- Ընկերությունը հայտը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեխնիկական պայմանները կամ, եթե միացումը չի համապատասխանում գործող պահանջներին, մերժում է հայտը՝ տեղեկացնելով դիմողին։
- Տեխնիկական պայմանները գործում են 1 տարի ժամկետով, իսկ դրանց գործողության ժամկետի երկարաձգման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային (ԷԲՑ) կանոններով։
▪️3.Նախագծում և կառուցման աշխատանքներ.
- Էլեկտրատեղակայանքների կառուցման և վերահսկման աշխատանքները կատարվում են օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից։
- Էլեկտրատեղակայանքների կառուցման աշխատանքների նախագիծը ստանալուց հետո Ընկերությունը 15 օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է այն՝ ներկայացնելով գրավոր հիմնավորումներ։
▪️4.Փաստացի միացում.
- Տեխնիկական պայմաններով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո դիմող անձն ապահովում է էլեկտրաէներգիայի ընդունումը և Ընկերություն է ներկայացնում ԷԲՑ կանոններով սահմանված փաստաթղթերը։
- Վերոնշյալ փաստաթղթերի ներկայացումից հետո Ընկերությունը, ԷԲՑ կանոններով սահմանված կարգով և ժամկետներում, ապահովում է փաստացի միացումը կամ, անհամապատասխանությունների առկայության դեպքում, մերժում է այն՝ մերժման հիմքերը գրավոր տեղեկացնելով դիմող անձին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել