HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԷՑ-ը՝ հանրային գերակա շահ. նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման  

Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Հեղինակը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։

Նախագծի հեղինակների դիտարկմամբ՝ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, ռազմավարական ենթակառուցվածք են, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ կա հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։ Այս հիմնավորմամբ էլ որոշման ընդունման դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման գործընթացի նախաձեռնումով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արձանագրել է հնարավոր խախտումներ կամ ռիսկեր, որոնք կարող են վտանգել հանրային շահը։ Դրանք կարող են առնչվել բնակչության անխափան էլեկտրամատակարարմանը, սոցիալական և ռազմավարական նշանակության օբյեկտների բնականոն գործունեությանը, էներգետիկ համակարգի կայունությանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը։

Ըստ ՏԿԵՆ-ի՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել հանրության գերակա շահի ապահովման նպատակով՝ պահպանելով համաչափության, իրավաչափության և անհրաժեշտության սկզբունքները։ 

Տվյալ դեպքում հանրության գերակա շահը դրսևորվում է հանրապետության բնակչության կենսական ծառայությունների անխափան ապահովման, էներգետիկ անվտանգության պահպանման և հանրային կարգի պաշտպանության անհրաժեշտությամբ, հետևաբար կան բավարար իրավական և հանրային հիմքեր՝ ՀԷՑ-ի գործունեությունը հանրության գերակա շահ ճանաչելու համար։

Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2025թ․ նոյեմբերի 13-ին հրավիրված նիստում քննարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը՝ այն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, և զրկել լիցենզիայից։

Լիցենզիայից զրկելու հիմք էին նշվել ՀԷՑ-ի կողմից թերգրանցումները, հավելագրումները, ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման, ցանցային և շուկայի կանոնների և այլ խախտումները։

Մասնավորապես՝ 700 հազ․ սպառողներ զրկվել են օբյեկտիվորեն իրենց սպառման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կամ դրան հասնելիություն ստանալու իրավունքի իրացման հնարավորությունից։ Բացի այդ, արձանագրվել է, որ 10.8 մլն դրամ լրացուցիչ ծախս է հավելագրվել սպառողներին, ինչն առաջացրել է լրացուցիչ ծախս։ Իսկ ինքնավար էներգիա արտադրող սպառողներին պատճառվել է 15․9 մլն դրամ վնաս՝ 2024թ․ մայիսի 1-ից մինչև 2025թ․ ապրիլի 30-ը հաշվարկային տարվա ընթացքում իրականացված թերգրանցումների հետևանքով և այլն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter