HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ի՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել 

«Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործունեությունը դադարեցվել է։ Փաստաթուղթը ստորագրել և հրապարակել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ»-ը, որը 2014 թվականին ֆինանսների նախարարության կողմից ստացել է խաղատան կազմակերպման լիցենզիա, ըստ հրապարակված փաստաթղթի, այս տարվա մարտ ամսվա ֆինանսական հաշվետվության մեջ ներկայացրել է «խեղաթյուրված և կեղծ տվյալներ»։

Խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների, մասնավորապես՝ խաղադրույք (Bet), շահում (Win), գումարի մուտք (In), գումարի ելք (Օut), արձանագրվել են անհամապատասխանություններ։ Տվյալները Էկոնոմիկայի նախարարությանն է փոխանցել Պետական եկամուտների կոմիտեն։

Փաստաթուղթն ավելի մեծ չափով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով (Open Image in New Tab):

Մոտ մեկ ամիս առաջ՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի թեժ օրերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը շուտով վերադարձվելու է պետությանը։ Չուշացավ նաև Դատախազության հայտարարությունը։ Դատախազությունն ուսումնասիրել է 2002 թվականին «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը և խախտումներ հայտնաբերել։ 

Ամբողջ քարոզարշավն ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով և այս կամ այն գործարարին ու նախկին պաշտոնյային ունեզրկելու սպառնալիքներով։

Բայց միշտ չէ, որ Գագիկ Ծառուկյանի և ներկա իշխանությունների հարաբերությունները վատ են եղել, այդ թվում՝ «Շանգրի Լա» խաղատանը վերաբերող հարցերում։

Դեռևս 2022 թվականին կառավարությունը «գթասրտություն» ցուցաբերեց Ծառուկյանի նկատմամբ, և «Շանգրի Լա»-ի 5․6 մլրդ դրամի պետական տուրքը մնաց հարկատուների ուսերին, որը, ի դեպ, սկզբում հայտարարվել էր որպես 4․2 մլրդ դրամ։ 

Պետությունը 5․6 մլրդ դրամի օժանդակություն է տրամադրել «Շանգրի Լա» խաղատունը շահագործող «Օնիրա Քլաբ» ընկերությանը՝ հիմնավորելով, որ խաղատունը տուժել է 2020 թվականի տնտեսական սահմանափակումների (մարտ-սեպտեմբեր) հետևանքով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter