HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անկլավները Հայաստանում. նախկինում՝ անկլավ, այսօր՝ ՀՀ տարածք

Խորհրդային տարիներին Իջեւանի շրջանում ձեւավորվել էր ադրբեջանական մի անկլավ, որտեղ 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն: Սա Հայաստանի տարածքում առաջացած ադրբեջանական 3 անկլավներից միակն էր, որտեղ մեկից ավելի բնակավայր կար:

Ըստ Google Maps-ով չափումների, Բարխուդարլու-Սոֆուլու անկլավի տարածքը 10 քկմ-ից մի փոքր ավելի է: Այս առումով այն փոքր էր Վերին Ոսկեպարից (Յուխարը Ասկիպարա, մոտ 26 քկմ), բայց մեծ էր Քյարքիից (Տիգրանաշեն, շուրջ 8 քկմ):

Անվանումները

Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում (1986 թ.) Սոֆուլուն հիշատակվում է նաեւ Սոթուլու, Սոֆուլի, Սուֆլի, Սուֆուլի անուններով: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Սոֆուլու կոչվող բնակավայրերն իրենց անունն ստացել են թյուրքական սոֆուլու ցեղից (այս անունով գյուղեր են եղել նաեւ Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի ու Շուշիի գավառներում):

Ինչ վերաբերում է Բարխուդարլուին, ապա վերոնշյալ բառարանում այն նշվում է նաեւ Բարխուդարլի, Բարխուդարլը անուններով: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այս բնակավայրն անվանակոչվել է Բարխուդար բեկի անունով, որը 16-17-րդ դարերում հայտնի թնդանոթագործ է եղել Սեֆյան Պարսկաստանում, եւ նրա ստեղծած թնդանոթները կիրառվել են թուրք-պարսկական պատերազմներում Երեւանի, Գանձակի (Գյանջա) ու Թավրիզի պաշտպանության համար: Կարծիք կա, որ գյուղը կոչվել է Բարխուդարլու, քանի որ այստեղ հաստատվել են Բարխուդար բեկի հետնորդները: Նկատենք, որ հայկական աղբյուրներում Բարխուդարլուի եւ Սոֆուլուի անունների ծագման մասին տեղեկություններ չկան:

Ռազմավարական դիրքը

Ինչպես արդեն գրել ենք, Հայաստանում ադրբեջանական անկլավների դիրքը պատահական չի եղել. դրանք առաջացել են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների՝ մայրուղիների ու երկաթուղու վրա: Եթե Տիգրանաշեն-Քյարքին ստեղծվել է Երեւանն ու Արարատյան դաշտը երկրի հարավին, մասնավորապես՝ Զանգեզուր-Սյունիքին ու Արցախին կապող ավտոմայրուղու (ներկայում՝ Մ-2) վրա, որն անկախությունից հետո ապահովում է նաեւ ՀՀ-ի կապը Իրանի հետ, ապա Վերին Ոսկեպարը ստեղծվել է Երեւան-Իջեւան-Վրաստան մայրուղու (նախկինում՝ Մ-16, ներկայում՝ Հ-58) անմիջական հարեւանությամբ:

Իսկ ահա Բարխուդարլու-Սոֆուլուն կազմավորվել է ոչ միայն Երեւան-Իջեւան-Ադրբեջան մայրուղու (ներկայում՝ Մ-4), այլեւ Իջեւան-Ղազախ երկաթգծի վրա. Բարխուդարլուն գտնվում էր ավտոմայրուղու ու երկաթգծի մի կողմում՝ Աղստեւ գետի աջ ափին, իսկ Սոֆուլուն՝ ճանապարհի մյուս կողմում՝ գետի ձախ ափին: Ճիշտ է, անկլավը ստեղծվել է մինչեւ այս երկաթգծի գործարկումը, սակայն դրանից ադրբեջանական անկլավի «վերահսկողական» դերը չի նվազում, մանավանդ որ Բարխուդարլուում երկաթուղային կայարան կար:  

Եվ ինչպես հայկական Ոսկեպար գյուղն է «սեղմված» եղել ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպար (Յուխարը Ասկիպարա) անկլավի եւ «բուն» Ադրբեջանի տարածքում գտնվող Ներքին Ոսկեպարի (Աշաղը Ասկիպարա) միջեւ, այնպես էլ Բարխուդարլու-Սոֆուլու անկլավի եւ սահմանից այն կողմ գտնվող ադրբեջանական Ջաֆարլի ու Բալա Ջաֆարլի գյուղերի միջեւ «սեղմվել էր» հայկական Կայան գյուղը:

Ինչպես են առաջացել կովկասյան թուրքերի գյուղերը

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքի (2004 թ.)՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն 19-րդ դարի վերջին հիմնել են այս տեղանքում նստակեցության անցած խաշնարած (անասնապահ) թուրքերը: Կարապետյանը նկատի է ունեցել կովկասյան թուրքերին, քանի որ այն ժամանակ գոյություն չուներ «ադրբեջանցի» էթնոնիմ, եւ տեղի մուսուլմանները հայտնի էին որպես կովկասյան թուրքեր կամ կովկասյան թաթարներ:

Պատմական աղբյուրների համադրությամբ ներկայացնենք այս գյուղերի բնակչությունը տարբեր տարիների:

Բարխուդաղլու - Սոֆոլու (1).jpg (167 KB)

Տարածքային ենթակայությունը

Երկու գյուղերն էլ ձեւավորվել են այն ժամանակ, երբ տարածքը պատկանում էր Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառին:

1917 թ. «Կովկասյան օրացույցում», որի տվյալները վերաբերում են 1916-ին, նշվում է, որ Բարխուդարլու, Լալաքենդ (ներկայում՝ Վազաշեն), Ռեւազլի (ներկայում՝ Դիտավան), Սոֆուլու եւ Ուզունթալա (ներկայում՝ Այգեհովիտ) գյուղերը եղել են Ուզունթալա գյուղական համայնքի բնակավայրեր, իսկ համայնքը սպասարկվել է 3-րդ ոստիկանական տեղամասի կողմից, որի կենտրոնը Քարավանսարայ (Քարվանսարա) գյուղն էր՝ ներկայիս Իջեւան քաղաքը:

Ռուսական կայսրության անկումից հետո Ղազախի գավառը բաժանվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Հայկական մասում ձեւավորվել է Դիլիջանի գավառը (1921-1922 թթ. կոչվում էր Իջեւանի գավառ): Երկու երկրների խորհրդայնացումից հետո հայկական ու ադրբեջանական բնակավայրերի միջեւ շարունակվել են հողային վեճերը, որոնք ժառանգություն էին մնացել կայսրության փլուզումից հետո:

1922-1936 թթ. Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը միավորված էին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ, որն էլ իր հերթին նորաստեղծ ԽՍՀՄ-ի անդամներից էր: Ֆեդերատիվ հանրապետության իշխանության բարձագույն մարմինը Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեն էր՝ Անդրկենտգործկոմը:

Ինչպես 2021-ի մայիսին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպան Արման Թաթոյանը, Դիլիջանի գավառին պատկանող Վերին Ոսկեպար, Սոֆուլու եւ Բարխուդարլու գյուղերը (այսինքն՝ ավելի ուշ անկլավային դարձած ադրբեջանական բնակավայրերը – հեղ.)՝ ընդհանուր 3104 դեսյատին կամ 3383 հեկտար տարածքով, Անդրկենտգործկոմի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19-20-ի որոշմամբ հանձնվել էին Դիլիջանի գավառին: Հստակություն չկա, թե ինչպես, ինչ իրավական հիմքով են այդ գյուղերը հետագայում հանձնվել Ադրբեջանին ու դարձել դրա Ղազախի շրջանի բնակավայրեր:

1926-1928 թթ. խորհրդային քարտեզներում Հայաստանի տարածքում անկլավներ չեն արձանագրվել, իսկ ահա 1939 թ. քարտեզում արդեն իսկ առանձնացված են երկրի հյուսիս-արեւելքում գտնվող ադրբեջանական 2 անկլավները՝ Վերին Ոսկեպարն ու Բարխուդարլու-Սոֆուլուն: Ամեն դեպքում, ինչպես նշեցինք, սրանց ձեւավորման իրավական հիմքը հստակ չէ:

Карта_Армянской_ССР_(1928).jpg (2.96 MB)

1928 թ., Հայաստանի տարածքում անկլավներ չկան

armyanskaya-ssr-atlas-sssr-1939-god-0023820195-preview.jpg (145 KB)

1939 թ., Հայաստանի հյուսիս-արեւելքում ձեւավորվել է 2 անկլավ 

1992-ի ապրիլին հայկական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Հայաստանի տարածքում սեպի պես խրված եւ ռազմավարական դիրք զբաղեցնող Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերը, իսկ տեղի ադրբեջանցիները հեռացել են Ադրբեջանի տարածք:

Բարխուդարլուն ներառվել էր Ազատամուտի մեջ, իսկ նախկին անկլավի հողերը բաժանվել են 

Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերը ներկայացված չեն Ադրբեջանի Հանրապետության համայնքների ցանկում նշված բնակավայրերի մեջ: Փոխարենը այդ ցանկում են սահմանից այն կողմ գտնվող Ջաֆարլի, Բալա Ջաֆարլի եւ Խանլիքլար գյուղերը, որոնք ներառված են Խանլիքլար համայնքի մեջ:

Ինչ վերաբերում է ՀՀ իրավական ակտերին, ապա հարկ է նկատել, որ 1995-ին լուծարվեցին խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած շրջանները, փոխարենը ձեւավորվեցին ավելի խոշոր վարչատարածքային միավորներ՝ մարզերը: Այդուհանդերձ, 1995-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում որեւէ հիշատակում չկար Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի մասին: Իսկ ահա 2009-ի հոկտեմբերին կատարված լրացումներով Բարխուդարլուն ներառվել է Ազատամուտ համայնքի մեջ (Սոֆուլուի մասին նշում չկա): Համայնքների խոշորացման շրջանակներում 2020-ի ապրիլին Ազատամուտը, ի թիվս այլ համայնքների, միացել է Իջեւանին եւ մինչ օրս համարվում է Իջեւան խոշորացված համայնքի բնակավայր: Ինչ վերաբերում է Բարխուդարլուին, ապա 2020-ի խոշորացումից հետո օրենքում այն այլեւս չի ներկայացվում իբրեւ բնակավայր:

2011 թ. ՀՀ մարդահամարի տվյալներով՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում առկա բնակչությունը կազմել է 2058 մարդ, մշտականը՝ 2513: Ընդ որում՝ բոլորը եղել են Ազատամուտ գյուղի բնակիչներ, իսկ Բարխուդարլուի դիմաց նշվել է 0:  

Ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի քարտեզի՝ ադրբեջանական նախկին անկլավի տարածքը բաժանված է երկու մեծ հողամասի, որոնցից մեկի մակերեսը 5,6 քկմ է, եւ այն կրում է Այգեհովիտ գյուղի ենթատարածքային ծածկագիր, այլ կերպ ասած՝ համարվում է Այգեհովիտի հողամաս: Իսկ մյուսը, որի մակերեսը 1,7 քկմ է, Ազատամուտ գյուղի ծածկագրով է:

Քարտեզ-Չափագրում-Կադաստրի-կոմիտե-06-21-2026_02_45_AM.png (817 KB)

Այս հողամասերը (նախկին անկլավի ընդհանուր տարածքը), ըստ կադաստրային քարտեզի, շրջապատված են Այգեհովիտ, Դիտավան, Ազատամուտ, Աչաջուր եւ Սեւքար գյուղերի հողերով:

Տես նաեւ՝

Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի

Լուսանկարում՝ Երեւան-Իջեւան-Ադրբեջան (Մ-4) մայրուղին՝ Ազատամուտ-Բարխուդարլու նախկին վարչական սահմանի մոտ (yandex.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter